Հանրագիտարան

Հռոմը դարձավ միավորված Իտալիայի մայրաքաղաքը

Հռոմը կառուցվել է 7 բլրի վրա՝ Տիրենյան ծովը թափվող Տիբերի գետաբերանի մոտ: Քաղաքի բարձրագույն կետը Մարիոն է՝ ծովի մակերևույթից 139մ բարձրությամբ: Կլիման միջերկրածովային է: Հռոմի նահանգի և Լացիո մարզի վարչական կենտրոնն է: Հռոմի տարածքում է գտնվում Վատիկան քաղաք-պետությունը:
Հռոմը կազմավորվել է պատմական կենտրոնի շուրջը: Հռոմը կառավարում է ընտրովի խորհուրդը, որից ընտրում են քաղաքագլուխ և գործադիր կոմիտե (ջունտա), իսկ կառավարումը վերահսկում են Հռոմի նահանգի նահանգապետն ու նահանգային գործադիր կոմիտեն: 
 
Հռոմն Իտալիայի քաղաքական, տնտեսական, մշակութային գլխավոր կենտրոնն է, տրանսպորտային խոշոր հանգույց: Այստեղ գործում են «Լեոնարդո դա Վինչի» (կամ «Ֆյումիչինո») և «Չամպինո» միջազգային օդանավակայանները, «Սան Պաոլո» գետային նավահանգստային համալիրը, մետրոպոլիտենը (1936թ.-ից):
 
Զարգացած են մեքենաշինությունը, քիմիական, դեղագործական, պոլիգրաֆիական, կահույքի, թեթև, սննդահամի և արդյունաբերական այլ ճյուղեր, շինանյութերի արտադրությունը: Քաղաքում պահպանվել են գեղարվեստական արհեստագործության ավանդական ճյուղերը՝ ոսկերչությունը, ապակեգործությունը, գոբելենագործությունը և այլն:
 
Հռոմը կինոարդյունաբերության, միջազգային զբոսաշրջության (տարեկան ավելի քան 3 մլն զբոսաշրջիկ) կենտրոններից է: Հռոմում են կենտրոնացած Իտալիայի կառավարական և վարչական հաստատությունները, կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ղեկավար մարմինները, խոշոր բանկերը, ապահովագրական, վարկային և առևտրական ընկերությունները, միջազգային կազմակերպությունները:
 
Քաղաքում կան բազմաթիվ բուհեր: Գիտական հաստատություններից հայտնի են Դեի Լինչեի ազգային, Բժշկական գիտությունների, Քառասունի (ըստ անդամների թվի) ազգային ակադեմիաները, Գիտական հետազոտությունների ազգային խորհուրդը, Միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտը, աստղադիտարանը:
 
Գործում են «Տեատրո դել օպերան», «Տեատրո դի Ռոմա» դրամատիկական թատերախումբը, «Տեատրո պիկոլի դի պոդրեկի», մանկական «Ալ Տորկիո» և այլ թատրոններ, «Սանտա Չեչիլիա» ազգային երաժշտական ակադեմիան, ինչպես նաև Հռոմեական ազգային (Թերմերի), Վիլիա Ջուլիուս, Բարոկկոյի, Ժողովրդական արվեստների և ավանդույթների ազգային, Հռոմեական քաղաքակրթության, Հռոմի, Կապիտոլիումի, Վատիկանի թանգարանները, Բորգեզեի, Անտիկ արվեստի, Ժամանակակից արվեստի ազգային և այլ պատկերասրահներ:
 
Քաղաքում է տեղակայված օլիմպիական մարզական կենտրոնը՝ փոքր և մեծ մարզապալատներով, որտեղ տեղի են ունեցել XVII օլիմպիական խաղերը (1960թ.): Ըստ ավանդության՝ Հռոմը (իտալերեն՝ Ռոմա) հիմնադրել է Հռոմուլոսը մ.թ.ա. 754/753թ.: Քաղաքի խորհրդանիշն էգ գայլն է, որն, ավանդության համաձայն`   կերակրել է մանուկ եղբայրներ Հռոմուլոսին ու Հռեմոսին: 
 
Հին աշխարհի պատմության մեջ Հռոմը հիշատակվում է որպես խոշորագույն քաղաք: VI-VIII դարերում այն Բյուզանդիայի գերիշխանության տակ էր: VI դարի 50-60-ական թթ. Իտալիայի բյուզանդացի կառավարիչ հայազգի Նարսեսը ձեռնարկել է Տիբեր գետի հունը մաքրելու, պատերազմներից ավերված քաղաքի նավահանգիստը վերականգնելու, հասարակական շենքերը նորոգելու աշխատանքներ: 756-1870թթ. Հռոմը (փոքր ընդմիջումներով) Պապական մարզի կենտրոնն էր: 
 
XV դարի կեսին - XVI դարի սկզբին Հռոմը Վերածննդի խոշոր կենտրոններից էր, որտեղ ապրել և աշխատել են հումանիստներ, նկարիչներ, ճարտարապետներ: Իտալացիների երկարամյա պայքարից հետո 1870թ. Հռոմը միացվել է Իտալիային, 1871թ. հռչակվել Իտալիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք: 1946թ.-ից Հռոմը Իտալիայի Հանրապետության մայրաքաղաքն է: 
 
Քաղաքում պահպանվել են տարբեր ժամանակաշրջանների բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ ու կառույցներ, հնագույն շինություններ`   ջրանցույցներ, փողոցներ, մ.թ. սկզբի քրիստոնեական կատակոմբներ, որոնք հիմնականում Տիբեր գետի ձախ ափին են:
 
Առանձին կառույցներ՝ Կոլիզեումը և Տիտոսի հաղթակամարը (I դար), Պանթեոնը և Անդրիանոսի դամբարանը (II դար), Դիոկղետիանոսի թերմերը (մոտ IV դար), Սանտա Մարիա Մաջորե բազիլիկը (V դար) ժամանակակից քաղաքի տարածքում են գտնվում:
 
XVI-XVII դարերում կառուցվել են քաղաքում գերիշխող դիրք ունեցող Սբ. Պետրոսի տաճարը, Նավոնա և Դել Պոպոլո հրապարակների ու Կապիտոլիումի համալիրները, Ջեզու (1568-84թթ.), Սանտ Անդրեա ալ Քվիրինալե (1658թ.) և այլ եկեղեցիներ, Իսպանական աստիճանաշարը (1725թ.), Տրևի շատրվանը (1732-51թթ.) և այլ կառույցներ: 
 
Հռոմն ունի փողոցների օղակաշառավղային համակարգ: Աշխարհագրական կենտրոնը Վենետիկի հրապարակն է, որտեղից ճառագայթաձև սկսվող միջքաղաքային ճանապարհները (Սալարի, Ֆլամենիա և այլն) մայրաքաղաքը կապում են Իտալիայի գլխավոր քաղաքներին: 1950-ական թթ. կառուցվել են Վիա դեի Ֆորի Իմպերիալի պողոտան, Հռոմը Օստիային կապող միջազգային ցուցահանդեսի կենտրոնը:
 
1960-ական թվականներից Հռոմը զարգանում է մեկ ընդհանուր հատակագծով: Կառուցվում են Տերմինի կայարանը, Իտալիայի «Ավտոմոբիլի ակումբ»-ի վարչական շենքը, «Սերաֆիկում» համալսարանական համալիրը և բազմաթիվ այլ կառույցներ ու համալիրներ:
 
Հռոմում հայերի մասին հիշատակություններ կան դեռևս մ.թ.ա. I դարից: Մ.թ. 65թ.-ին հայոց Տրդատ Ա թագավորը շուրջ 3,000-անոց շքախմբով գնացել է Հռոմ՝ Ներոն կայս թագադրվելու: IV դարում Հռոմում հռչակված էր հռետոր Պարույր Հայկազնը, որի հուշարձանը նրա կենդանության օրոք կանգնեցվել է Հռոմում:
 
552թ.-ին Հռոմը գոթերից ազատագրել է բյուզանդացի զորավար հայազգի Նարսեսը (ավանդությունը նրան է վերագրում «Կիլիկյան» վանքի շինարարությունը): Հռոմում հայ համայնքի գոյության մասին է վկայում 649թ.-ի հայ ներկայացուցիչների մասնակցությունը Լատերանի տիեզերաժողովին:
 
XI դարում Հռոմում գործել են Սբ. Հակոբ հայկական եկեղեցին, վանք և հյուրանոց: Հայերի անունով կոչվել է թաղամաս: XIII-XIV դարերում Հռոմի, ինչպես նաև իտալահայ մյուս համայնքներն ստվարացել են: Հռոմում ընդօրինակվել են հայերեն բազմաթիվ ձեռագրեր: Առաջին անգամ հայերեն գիրք («Տոմար Գրիգորյան») այստեղ տպագրվել է 1584թ.:
 
XIX դարի 1-ին կեսից Վենետիկի Մխիթարյաններն իրենց ներկայացուցչությունն ունեն Հռոմում: 1966-67թթ.-ին Հռոմի պետական համալսարանի մի խումբ դասախոսներ (Գեզա Ֆրանկովիչ, Ֆերնան դե Մաֆեի, Պաոլո Կունեո, Հերման Վահրամյան) զբաղվել են հայ միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրությամբ, իսկ 1968թ.-ին Հռոմում բացվել է հայ ճարտարապետության պատմությանը նվիրված առաջին ցուցահանդեսը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: