Հանրագիտարան

Հրապարակվեց Եկատերինա II-ի հրովարտակն Էջմիածնի իրավունքների մասին

Սիմեոն Ա. Երևանցու գործուն միջամտությամբ դադարեցվել է Արցախում ինչպես հակաթոռ կաթողիկոսների միջև եղած պայքարը, այնպես էլ նրանց անհնազանդությունը Մայր աթոռի հանդեպ: Իրանական և թուրքական տիրապետության պայմաններում քաղաքական նկատառումներից ելնելով`   ստիպված է եղել դատապարտել Հայաստանի ազատագրման Հովսեփ Էմինի ծրագիրը, ապա նաև Մադրասի խմբակի գործունեությունը: Սակայն դեմ չի եղել Հայաստանի ազատագրմանը որևէ հզոր քրիստոնյա պետության օգնությամբ և այդ նպատակով կապ է հաստատել ռուսական արքունիքի հետ:

Սիմեոն Երևանցի կաթողիկոսն Էջմիածնի և ռուսական արքունիքի միջև կապ հաստատելու նպատակով 1766 թվականին Էջմիածնում եպիսկոպոսական ժողով է գումարում, որտեղ որոշվում է դիմել Եկատերինա 2-րդ կայսրուհուն և նրա որդի Պավել Պետրովիչին:

 

Եկատերինա 2-րդը սիրալիր ընդունելություն է ցույց տալիս կաթողիկոսի պատվիրակին և 1768 թվականի հուլիսի 30-ի հրովարտակով վերականգնում է Էջմիածնի իրավունքները ռուսահայության նկատմամբ:

 

Հրովարտակի մեջ Եկատերինա 2-րդը հատուկ նշում է, որ բոլոր հայերին, առավելապես`   Ռուսական կայսրության սահմաններում հաստատվածներին, խոստանում է պահել իր կայսերական հովանավորության ներքո: 

 

Կայսրուհու հայտարարությունը մեծ ոգևորություն է առաջացնում Էջմիածնում: Սիմեոն Երևանցին նրա պատվին հեղինակում է հատուկ մաղթանք, որն այնուհետև կատարվում էր հայկական եկեղեցիներում շուրջ մեկ ու կես դար:

 

Սիմեոն Երևանցու և Եկատերինա 2-րդ կայսրուհու փոխանակած գրությունները սկիզբ են դնում այն կապերին, որոնք հետագա տասնամյակների ընթացքում զորացան`   ի նպաստ Արևելյան Հայաստանի ազատագրման գործի:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: