Հանրագիտարան

Կոլումբոսը հայտնագործել է Կայմանյան կղզիները

XV դարի վերջին Քրիստափոր Կոլումբոսը Հնդկաստան և Չինաստան տանող ծովային ուղի գտնելու նպատակով, հիմնվելով արդեն հաստատված Երկրի գնդաձևության գաղափարի վրա, վճռեց նավարկել ոչ թե դեպի արևելք`   Աֆրիկայի շուրջը, այլ դեպի Արևմուտք`   կտրելով Ատլանտյան օվկիանոսը:

Ճամփորդությունից առաջ Կոլումբոսի և կառավարության միջև կնքվեց մի պայմանագիր, ըստ որի`   նա ժառանգական իրավունքներով նշանակվում էր օվկիանոսում հայտնագործված բոլոր կղզիների ու ծովերի ծովակալ, փոխարքա և գեներալ նահանգապետ: 

 

Կոլումբոսն առաջին ճանապարհորդության (1492-1493թթ.) դուրս եկավ երեք եռակայմ առագաստանավերով: Կոլումբոսի առաջին հայտնագործությունն ամբողջովին ջրիմուռներով ծածկված Սարգասյան ծովն էր, այնուհետև մի փոքր կղզի, որն անվանեց Սան Սալվադոր (Սուրբ Փրկիչ):
 
Դրան հաջորդեցին Կարիբյան ծովի կղզիները, այդ թվում`   Կուբան, որն անվանեց Սիպանգոն (այստեղ նրանք առաջին անգամ տեսան եգիպտացորեն, կարտոֆիլ, ծխախոտ, որոնք Եվրոպայում չէին աճում), հայտնագործեց Հայիթին (որն անվանեց Էսպանյոլա՝ Փոքր Իսպանիա) և էլի շատ կղզիներ:
 
Եվ որովհետև Կոլումբոսը կարծում էր, թե ինքն Արևմտյան Հնդկաստան (Վեստ Ինդիա) է հասել, այդ կղզիների բնիկներին անվանեց հնդկացիներ: Կոլումբոսի համար անհասկանալի էր, թե ինչու իր հայտնագործած երկրում չկան սևամորթներ և հսկայական հարստություններ, ինչպես պատմում էին: 
 
Երկրորդ (1495-1496թթ.), երրորդ (1498-1500թթ.) և չորրորդ (1502-1504թթ.) նավարկությունների ժամանակ Կոլումբոսը հայտնագործեց բազմաթիվ կղզիներ, երրորդ նավարկության ժամանակ`   1498թ.-ի օգոստոսին, նաև ցամաքամաս, որն այնքան համառորեն որոնում էին:
 
Փաստորեն եվրոպացիներն առաջին անգամ ոտք դրեցին Հարավային Ամերիկա մայրցամաք: Կոլումբոսի հայտնագործած այդ աշխարհամասում իսպանացիներն սկսեցին հողեր զավթել և հիմնել իրենց բնակավայրերը:
 
Ու թեև Ամերիկան անվանակոչվեց  իտալացի ծովագնաց Ամերիգո Վեսպուչիի անունով, սակայն այսօր Կոլումբոսն է ճանաչված որպես Ամերիկայի առաջին հայտնագործողը: 1992թ. նշվել է Կոլումբոսի հռչակավոր նավարկության 500-ամյակը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: