Առողջապահություն

Առաջին օգնություն. աղիքային վարակներ (ինֆեկցիաներ)

Այս խմբի մեջ մտնում են որովայնային տիֆը, պարատիֆերը, դիզենտերիան, հեպատիտ A–ն, խոլերան, սալմոնելյոզը, բրուցելյոզը և այլն։ Աղիքային վարակներով վարակումը տեղի է ունենում մարսողական ճանապարհով, այսինքն՝ բերանով: Հարուցիչները դուրս են գալիս հիվանդի (վարակակրի) մարմնից կղանքի հետ։ Արտազատված հարուցիչներն անսարք կոյուղու, կեղտոտ ձեռքերի, ճանճերի միջոցով կամ այլ ճանապարհներով կարող են ընկնել ջրի, սննդի, շրջակա առարկաների վրա, որոնց միջոցով էլ տեղի է ունենում վարակումը։ Աղիքային վարակների դեպքեր հատկապես հաճախ են հանդիպում ամռան և աշնան ամիսներին։

ՆՇԱՆՆԵՐԸ

 
 Լուծ։ Լուծը նորմայից ջրիկ կղումն է աղիների արագ դատարկման և հաստ աղիներում ջրի ներծծմանխանգարման հետևանքով։ Կղանքը կարող է լինել արյան, լորձի, թարախի խառնուրդներով: 
 
  • Սրտխառնոց, փսխում։ Փսխումը կարող է լինել եզակի կամ բազմակի: 
  • Ախորժակի բացակայություն:  Որովայնի շրջանի ցավեր՝ տարբեր բնույթի տեղակայման և ուժգնության:
  • Մարմնի ջերմաստիճանի փոփոխություն։ Այն կարող է լինել սովորականից բարձր կամ ցածր (օրինակ՝ խոլերայի դեպքում):
 
 
ՋՐԱԶՐԿՈՒՄ
 
Ջրազրկումը վիճակ է, որը զարգանում է մարմնից հեղուկի և աղերի մեծ քանակի կորստից։  Ջրազրկման պատճառ կարող են լինել երկարատև լուծը, բազմակի փսխումները, առատ քրտնարտադրությունը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը և այլն։ Մեծ քանակով ջրի և աղերի կորուստը բերում է արյան խտացման և ազդում է բոլոր համակարգերի, հատկապես՝սրտանոթային համակարգի գործունեության վրա։ 
 
Տարբերում են ջրազրկման երեք աստիճաններ (տե՛ս աղյուսակ 21.1)։Ջրազրկումն առավել մեծ վտանգ է ներկայացնում փոքր երեխաների և տարեց մարդկանց համար։ Երեխաների մոտ ջրազրկումն արագ է զարգանում և ավելի վտանգավոր է։ Բացի աղյուսակում բերված նշաններից`   ծծկեր երեխաների մոտջրազրկման ժամանակ առաջանում է նաև մաշկի խիստ չորություն ու կնճռոտում, դիմագծերը սրվում են, լաց լինելիս արցունք չի լինում, աչքերը չոր են։ Գլխի վրա գաղտունը փոս է ընկնում, աչքերը փոս ընկած են ու նրանց շուրջն առաջանում է կապտություն (ակնոցի ձևով)։
Ջրազրկումը միշտ լուրջ վտանգ է ներկայացնում հիվանդի կյանքի համար, քանի որ զարգանում է շոկ։
 
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
 
Ջրազրկման առաջին աստիճանի նշանների ի հայտ գալու դեպքում պետք է շտապ լրացնել հեղուկի և աղերի կորուստը։ Տվեք նրան ջրազրկման բուժման համար նախատեսված լուծույթներ (ռեհիդրոն, օրալիտ և այլն)՝ պարտադիր պահպանելով դրանց պատրաստման կանոնները։ 
 
Եթե պատրաստի լուծույթ չկա, ինքնուրույն պատրաստեք հետևյալ կազմով լուծույթը. 3-4 թեյի գդալ շաքարը և կես թեյի գդալ աղը լուծեք մեկ լիտր (4-5 բաժակ) ջրում։ ժամը մեկ տուժածին տվեք առնվազն երկու բաժակ այդ լուծույթից։ Տուժածը պետք է լուծույթը խմի կում-կում՝ մեկ բաժակը 10  րոպեում։ Չի թույլատրվում տուժածին կես լիտրից ավել սովորական ջուր տալ։
 
Երկրորդ և երրորդ աստիճանի ջրազրկման ժամանակ գիտակցության առկայության դեպքում տուժածին տվեք նշված հեղուկները և անհապաղ ահազանգեք շտապ օգնություն, քանի որ այս դեպքում միայն առաջին օգնությամբ վիճակը շտկել հնարավոր չէ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: