Հանրագիտարան

Լենկ Թեմուրի զորքը պաշարում է և գրավում Վանի բերդը

Լենկ Թեմուրը (1336-1405թթ.) եղել է միջինասիական զորապետ, ամիրա (1370-1405թթ.)։ Մարտում վիրավորվելով՝ ստացել է «Լենկ» (կաղ) մականունը։ 1372-1405թթ. ձեռնարկել է ավելի քան 20 խոշոր արշավանք և ստեղծել աշխարհակալություն, որն ընդգրկում էր Միջին Ասիան, Աֆղանստանը, Իրանը, Միջագետքը, Հայաստանը, Վրաստանը և Ատրպատականը։
1380-1390-ական թթ. Լենկ Թեմուրն ավերիչ հարձակումներ է գործել Ոսկե Հորդայի, Հնդկաստանի, 1400-1402թթ.՝ թուրքական սուլթան Բայազիդ I-ի դեմ։ Չինաստան կատարած արշավանքն ընդհատվել է Լենկ Թեմուրի մահվան պատճառով։ Նա աչքի է ընկել ծայրահեղ դաժանությամբ։
 
1386թ.-ի գարնանն առաջին անգամ արշավել է Հայաստան, գրավել Նախճավանը, պաշարել բերդը, այնուհետև արշավել Այրարատ՝ հասնելով մինչև Կարբի, Բջնի, Սուրմարի և Կողբի, կոտորել Երևան գյուղաքաղաքի բնակիչներին։ 1387թ.-ի գարնանն արշավել է Հարավային Հայաստան, բայց պարտություն է կրել թուրքմենական կարա-կոյունլու ցեղերից։ 
 
Վանը 20 օր դիմադրել է Լենկ Թեմուրի հրոսակներին, սակայն ամբողջ բնակչությունը կոտորվել է կամ գերեվարվել։ 1394թ.-ին նա երկրորդ անգամ արշավել է Առաջավոր Ասիա և Միջագետքը գրավելուց հետո ներխուժել Արևմտյան Հայաստան, գրավել Երզնկան, Կարսը, Սուրմարին, Բագարանը, Արճեշը։ 1400թ.-ին ավերել է Սեբաստիան։
 
Նրա օրոք Հայաստանի բնակչության հոծ զանգվածներ գերի են տարվել Միջին Ասիա, իսկ Հայաստանում բնակեցվել են քոչվոր ցեղեր։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: