Հանրագիտարան

1921թ. («Նեմեսիս» գործողություն)

Մարտի 15-ին Բեռլինում սպանվեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկը`   Թալեաթը: Մահափորձն իրականացնողը Սողոմոն Թեհլերյանն էր: Այս գործողությամբ սկիզբ դրվեց 1919թ. աշնանը Երևանում ՀՅԴ կուսակցության 9-րդ համագումարում մշակված «Նեմեսիս» (վրիժառության հին հունական աստվածուհու անվամբ) գործողությանը, որի խնդիրն էր Թուրքիայում երիտթուրքերի պարագլուխների դեմ կայացված մահվան դատավճռի ի կատար ածումը:

«Նեմեսիսը» հստակ, մանրազնին մշակված գործողություն էր, որը ժամանակի ընթացքում արդարացի վրեժխնդրության նպատակով արդյունավետ իրականացվեց հայ վրիժառուների կողմից: Ստեղծվել էր նաև հատուկ հանձնախումբ, որը պետք է հայտնաբերեր փախստական դարձած և աշխարհի տարբեր անկյուններում ծպտված եղեռնագործներին:

Հունիսին սկսվեց Թեհլերյանի դատավարությունը, որը փաստորեն վերածվեց ցեղասպանության կազմակերպիչների դեմ դատավարության: Եվրոպայի հանրության ճնշման շնորհիվ Թեհլերյանն արդարացվեց: Դեկտեմբերի 6-ին Հռոմում մեկ այլ հայ վրիժառուի`   Արշավիր Շիրակյանի արձակած գնդակից սպանվեց երիտթուքերի առաջին կառավարության ղեկավար Սաիդ Հալիմը:

1922թ. ապրիլի 7-ին Բեռլինում հայ վրիժառուներ Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը իրականացրին Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազըմիի և «Թեշքիլաթը Մախսուսե» հանցավոր կազմակերպության հիմնադիր Բեհաէդդին Շաքիրի մահապատիժը: Հուլիսի 25-ին հայ վրիժառուներ Ստեփան Ծաղիկյանի, Արտաշես Գևորգյանի և Պետրոս Տեր-Պողոսյանի կողմից Թիֆլիսում մահապատժի ենթարկվեց հայոց եղեռնի դահիճներից մեկը`   Ջեմալ փաշան:

Մոսկվայում ստորագրվեց խորհրդա-թուրքական բարեկամության և եղբայրության պայմանագիրը: Այն ստորագրվեց մի այնպիսի ժամանակահատվածում, երբ խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունն աջակցում էր քեմալական Թուրքիային`   անտեսելով Հայաստանի նկատմամբ վերջինիս զավթողական քաղաքականությունը: Լոնդոնում կնքվեց թուրք-ֆրանսիական պայմանագիր:

Կարսում կնքվեց պայմանագիր մի կողմից`   Թուրքիայի, մյուս կողմից`   նորաստեղծ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունների միջև: Այս պայմանագիրը գրեթե նույնությամբ կրկնում էր Մոսկվայի պայմանագրի կետերը Հայաստանի տարածքների հարցում: Անկարայում ստորագրվեց թուրք-ֆրանսիական դաշնագիրը, և 1921թ. դեկտեմբերից մինչև 1922թ. հունվարի 4-ը Ֆրանսիան իր զինված ուժերը դուրս բերեց Կիլիկիայից: Նոր կոտորածի սպառնալիքը Կիլիկիայի 160 հազար հայերին ստիպեց գաղթել դեպի Սիրիա, Լիբանան, Հունաստան:

Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ 
(genocide-museum.am)
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: