Հանրագիտարան

1915թ. հուլիս-սեպտեմբեր (Մուսա լեռան հերոսամարտ)

Հրահանգվեց տեղահանել Սուեդիո շրջանի հայությանը, սակայն ժողովուրդը դիմեց ինքնապաշտպանության: Հերոսամարտը, որ ծանոթ է «Մուսա լեռան 40 օր» անունով, տևեց մինչև սեպտեմբերի 14-ը:

Գրեթե քառասուն օր գոյամարտելուց հետո`   սեպտեմբերի 14-ին, ողջ մնացած 4000-ից ավելի հայերի հաջողվեց դուրս գալ թուրքական զորքերի շրջափակումից, հասնել ծովափ և փրկվել`   այնտեղ իրենց սպասող անգլիական և ֆրանսիական նավերի շնորհիվ: Օրեր անց նրանք հասան Պորտ-Սաիդ քաղաքը:

Տարիներ անց ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը հայ ազգի համար ողբերգական, բայց նաև հերոսական այս դրվագը կհավերժացնի իր «Մուսա լեռան 40 օրը» վեպով: Այս ընթացքում սկսվեց Աֆիոն Գարահիսարի, Կեսարիայի, Սիվրիհիսարի, Մերսինի, Ադաբազարի, Մարաշի, Էսքիշեհիրի և շրջակա գյուղերի տեղահանությունը:

Սկսվեց Անկարայի, Բրուսայի, Էվերեկի, Ադանայի և դրանց շրջակայքի հայության տեղահանությունը: Առաջին պաշտոնական վկայությունները արևմտահայության զանգվածային բնաջնջումների մասին: ԱՄՆ դեսպան Մորգենթաուն հայտարարում է կատարվածի վերաբերյալ իր ունեցած տեղեկությունների մասին, որը նա ձեռք էր բերել Թալեաթի հետ ունեցած հանդիպումների և բանակցությունների ընթացքում:

Էնվերը հայտնում է, որ այդ պահի դրությամբ 200.000 հայեր սպանվել են: Ջեյմս Բրայսը հայտարարում է, որ Թուրքիայում սպանվել է 500.000 հայ: Թալեաթը տեղեկացնում է Գերմանիայի դեսպան արքայազն Էռնստ Հոենլոե Լանգենբուրգին, որ Հայկական հարց այլևս գոյություն չունի: «Նյու Յորք Թայմսը» հաղորդում է 350.000 սպանված հայերի մասին: Օսմանյան կայսրության խորհրդարանը վավերացրեց լքված գույքի մասին օրենքը:

Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ 
(genocide-museum.am)
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: