Հանրագիտարան

1915թ.ապրիլ-հունիս (մաս 2)

Ապրիլի 15-ին Վանի մերձակա Ականց գյուղաքաղաքում շուրջ 500 հայ գնդակահարվեց թուրքական իշխանությունների կողմից: Կոտորածներ տեղի ունեցան Վանի շրջակայքի 80 այլ գյուղերում. 3 օրվա ընթացքում սպանվեց 24 000 հայ: Ապրիլի 20-ին, Վանի մերձակա գյուղերի բնակիչներին կոտորելով, թուրքերը հասան քաղաք, և սկսվեց Վանի հերոսամարտը, որը տևեց մինչև 1915թ. մայիսի 16ը:

Սուլթանի հրամանով ընդունվեց օրենք տեղահանության մասին, որի կիրառումը դրվեց ռազմական նախարար Էնվերի վրա: Օրենքը զինվորական հրամանատարությանը թույլատրում էր գյուղերի և քաղաքների բնակչությանը, անհատապես կամ հավաքականորեն, տեղափոխել և բնակեցնել այլ վայրերում: Դրանով օրինականացվեց հայ բնակչության բռնի տեղահանումը իր հայրենիքից և աքսորը արաբական անապատներ:

Տեղի ունեցան Կարնո դաշտի հայերի տարագրությունը և ‎ 25 000 հայերի կոտորածը: Կոտորվեց Խնուսի հայությունը: Կ.Պոլսո Նուրը Օսմանիե կենտրոնում բացվեց Երիտթուրքերի «Հատուկ կազմակերպության» խառը ժողովը, որին Թալեաթը ներկայացրեց հայերի տեղահանության ձևի և ընթացքի, հայերի կողմից լքվելիք գույքի տնօրինման, հայերի գյուղերի, տների վերաբնակեցման մասին ընդարձակ ծրագիր:

Ժողովը, ավարտելով իր նիստերը, որոշում կայացրեց ամբողջապես իրագործել հայերի տեղահանության և ջարդերի երիտթուրքական ծրագիրը: Դաշնակից պետությունների բողոքի նոտան Դաշնակից պետությունները չէին կարող անտարբեր մնալ այն ամենի նկատմամբ, ինչ տեղի էր ունենում Թուրքիայում, և բողոքի նոտա հղեցին թուրքական կառավարությանը`   մեղադրելով նրան հայերի զանգվածային կոտորածներ իրականացնելու մեջ:

1915թ. մայիսի 24-ին Լոնդոնում, Փարիզում և Պետրոգրադում միաժամանակ հրապարակվեց Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունների համատեղ պաշտոնական հայտարարությունը`   Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների և թուրքական կառավարության անդամների անձնական պատասխանատվության մասին:

Այդտեղ, մասնավորապես, ասվում էր. «Այս ամբողջ ամսվա ընթացքում Հայաստանում թուրքերի և քրդերի կողմից տեղի է ունենում հայերի կոտորած օսմանյան իշխանությունների ակնհայտ թողտվությամբ, իսկ երբեմն էլ`   ուղղակի աջակցությամբ: Ապրիլի կեսին հայերի ջարդեր են տեղի ունեցել Էրզրումում, Բիթլիսում, Մուշում, Սասունում, Զեյթունում և ամբողջ Կիլիկիայում: Վանի շրջակայքում գլխովին կոտորվել են հարյուրավոր գյուղերի բնակիչներ, բուն Վանում հայկական թաղամասը պաշարել են քրդերը:

Միևնույն ժամանակ Կոնստանդնուպոլսի թուրքական կառավարությունը ձերբակալում և անասելի հալածանքների է ենթարկում հայկական խաղաղ բնակչությանը»: Անգլո-ֆրանս-ռուսական համատեղ հայտարարությունը վերին աստիճանի կարևոր, XX դարում ընդունված առաջին պաշտոնական փաստաթուղթն էր, որը մեկ այլ կառավարությանը և նրա անդամներին հավաքականորեն և անձնապես պատասխանատու էր համարում նրանց կատարած հանցանքների և ոճրագործությունների համար:

Երիտթուրքական կառավարությունը վավերացրեց Թալեաթի`   մայիսի 22-ի տեղեկագիրը և ներքին գործերի ու զինվորական նախարարություններին հրահանգեց դրանց գործադրությունը: Նույն օրը Թալեաթը տվեց հայերի տեղահանության և ջարդի հրամանագիրը: Տիգրանակերտ-Խարբերդ ճանապարհահատվածում խողխողվեցին 1914թ. նոյեմբերից ի վեր շինարարական ճամբարներում աշխատող 12 000 հայ զինվորներ: Տեղահանվեց Հաճընի հայությունը:

Տեղի ունեցավ Արաբկիրի հայերի տեղահանությունն ու կոտորածը: Արաբկիրից դուրս եկած հայերի քարավանները հերթականությամբ գնդակահարվեցին Եփրատի ափին, և այսպիսով հուլիսի վերջերին Արաբկիրում այլևս հայ չմնաց: Տեղահանություններ եղան Երզնկայում և Ակնում: Տեղահանվեց Մարդինի և Սևերակի հայությունը: Տեղահանվեց Խոտորջուրի հայությունը: Տեղի ունեցավ Խնուսի 1700 հայ ընտանիքների տեղահանությունն ու կոտորածը:

Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ 
(genocide-museum.am)
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: