Հանրագիտարան

1914-1915թթ. («Երեքի կոմիտեի» ստեղծումը (մաս 1)

Հայոց ցեղասպանությունը կազմակերպված և անողոք կերպով անցկացնելու համար «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի որոշմամբ 1914թ. փետրվարին ստեղծվեց Երեքի գործադիր կոմիտեն`   կազմված դոկտոր Նազըմից, Շաքիր Բեհաէդդինից և Միդհաթ Շյուքրիից:

Երիտթուրքական եռապետությունը`   Թալեաթը, Էնվերը և Ջեմալը, գործում էր այս կոմիտեի միջոցով, որի վրա դրված էր օսմանյան կայսրության ամբողջ հայության տեղահանման և ջարդերի կազմակերպման ու իրագործման ողջ պատասխանատվությունը:

Կոմիտեն, որ օժտված էր ամենալայն լիազորություններով, մանրամասն մշակել էր հայերի տեղահանության և ոչնչացման բոլոր տեխնիկական հարցերը`   նրանց տեղահանման ժամկետներն ըստ շրջանների, տեղահանման ուղիները և վայրերը, ոչնչացման նպատակով նրանց կենտրոնացման վայրերը և այլն:

Դոկտոր Նազըմը, որը նաև երիտթուրքերի ղեկավարներից և Հայոց ցեղասպանության գլխավոր ղեկավարներից մեկն էր, ելույթ ունենալով կուսակցության գաղտնի նիստերից մեկում, երբ վերջնականապես որոշում ընդունվեց հայերի ցեղասպանության մասին, նշել է. «Հայ ժողովրդին պետք է ոչնչացնել հիմնովին, որպեսզի ոչ մի հայ չմնա մեր երկրում, և մոռացվի այդ անունն իսկ:

Այժմ պատերազմ է ընթանում, այսպիսի հարմար առիթ այլևս չի լինելու: Մեծ տերությունների միջամտությունը և համաշխարհային մամուլի աղմկոտ բողոքներն աննկատ կմնան, իսկ եթե նրանք իմանան, ապա կդրվեն կատարված փաստի առջև, և այդպիսով հարցը կվերանա:

Այս անգամ մեր գործողությունները պետք է հայերի ամբողջական ոչնչացման բնույթ կրեն, անհրաժեշտ է ոչնչացնել բոլորին, մինչև վերջին մարդը… Ես ուզում եմ, որ այս հողի վրա թուրքը և միայն թուրքն ապրի և անբաժանելիորեն տիրապետի:

Թող կորչեն բոլոր ոչ թուրքական տարրերը, ինչ ազգության և կրոնի էլ որ նրանք պատկանելիս լինեն»: Երեքի կոմիտեի տրամադրության տակ դրվեց այսպես կոչված «Հատուկ կազմակերպությունը», որը ստեղծվել էր երիտթուրքերի կուսակցության որոշումով, և նրա վրա էր դրված հայերի ցեղասպանության իրագործման պարտականությունը: Նրա անմիջական ղեկավարն էր Շաքիր Բեհաէդդինը:

Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ 
(genocide-museum.am)
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: