Հանրագիտարան

1909-1910թթ. (Հայերի ջարդը Ադանայում, հայերի տեղահանման ծրագիր)

Երիտթուրքերի հեղաշրջումից ընդամենը մեկ տարի անց`   1909-ի ապրիլին, թուրք ազգայնամոլ տարրերը Կիլիկիայի Ադանա քաղաքում ամբոխին գրգռեցին հայերի դեմ: Մի քանի օր անց իրավիճակին միջամտեց նաև թուրքական բանակը: Կոտորածը Ադանայից տարածվեց նաև Կիլիկիայի հայաբնակ այլ վայրեր`   Մարաշից մինչև Քեսաբ:

Որոշ բնակավայրերում հայերը դիմեցին ինքնապատշպանության և կարողացան փրկվել: Կոտորածը դադարեց միայն մեկ ամիս հետո, երբ հայերը շուրջ 30.000 զոհ էին տվել: Երիտթուքերի հեղաշրջումը ոգևորությամբ ընդունած հայերի մեջ առաջին անգամ առաջացավ լուրջ կասկած և հուսախաբություն:

Ստանձնելով 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության տարածքով անցնող այս երկաթուղու շինարարությունը և շահագործումը`   Գերմանիան ձգտում էր սահմանել իր վերահսկողությունը Օսմանյան կայսրության նկատմամբ, հարվածի տակ դնել Անգլիայի դիրքերը Հնդկաստանում և Եգիպտոսում, ինչպես նաև`   թուլացնել Ռուսաստանի դիրքերը Կովկասում:

Գերմանիան Բաղդադի երկաթուղու կառուցման հարցը կապում էր նաև Արևմտյան Հայաստանում իր տնտեսական և ռազմաքաղաքական ծրագրերի հետ: Գերմանիայի քաղաքական շրջաններում գտնում էին, որ Հյուսիսարևելյան Անատոլիայում թուրքական միատարրություն ստեղծելու նպատակով անհրաժեշտ է հայերին զանգվածաբար վերաբնակեցնել Բաղդադի երկաթուղու շինարարության տեղամասերում, որով հնարավոր կլիներ լուծել երկու կարևոր հարց. երկաթուղու կառուցումը կապահովվեր ձեռներեց ու որակյալ բանվորական ուժով, մյուս կողմից`   կթուլանար ռուսական ազդեցությունը Արևմտյան Հայաստանում:

Մասնավորապես`   հայտնի գերմանացի քաղաքագետ Պաուլ Ռորբախը գտնում էր, որ «...պետք է Արևմտյան Հայաստանից դուրս հանել բնիկ հայերին և նրանց տեղը վերաբնակեցնել Թրակիայից և Ռուսաստանից բերած մահմեդականների, և այդ դեպքում Հայաստանը մեկ հարվածով կպոկվի Ռուսաստանից»: Ռորբախն առաջարկում էր արևմտահայերին գաղթեցնել Միջագետք, ինչը նրա կարծիքով կնպաստեր «...ճանապարհի տնտեսական զարգացմանը»: Գերմանացիների այս տեսակետը հիմք դարձավ երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության համար:

Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ 
(genocide-museum.am)
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: