Հանրագիտարան

1894-1896թթ. (Հայերի զանգվածային կոտորածները, Սասունի հերոսամարտը)

XIXդ. վերջին օսմանյան իշխանությունների կազմակերպած հայկական ջարդերի գագաթնակետը դարձան 1894-1896թթ. կոտորածները: Առաջին հարվածը հասցվեց Սասունին`   Բիթլիսի վիլայեթի գավառներից մեկին, որը մշտապես աչքի էր ընկնում թուրքական կամայականություններին դիմադրելու իր անկոտրում կամքով:

1894թ. օգոստոսին Սասունի վրա շարժվեց թուրքական չորրորդ բանակը: Ուժերն անհավասար էին, և թուրքական կանոնավոր բանակն ի վերջո հաղթեց: Սասունն ավերվեց, կործանվեց 40 գյուղ, սպանվեց 10 հազար մարդ:

1895թ. սեպտեմբերին սկսվեցին հայկական ջարդերը մայրաքաղաքում, ապա նաև Տրապիզոնում, Երզնկայում, Մարաշում, Սեբաստիայում, Էրզրումում, Դիարբեքիրում, Բայազետում, Խարբերդում և այլուր:

Սուլթանական իշխանությունները փորձեցին ջարդեր կազմակերպել նաև Զեյթունում, սակայն դա նրանց չհաջողվեց. տեղի բնակչությունը նախօրոք անհրաժեշտ կազմակերպչական քայլեր էր ձեռնարկել թուրքական զորքերին դիմադրելու համար: Կոտորածները նոր թափով վերսկսվեցին 1896թ.:

Նոր զանգվածային ջարդեր տեղի ունեցան Կոստանդնուպոլսում, Ուրֆայում, Շապին-Գարահիսարում, Ամասիայում, Մուշում, Մարզվանում և կայսրության այլ շրջաններում: 1894-1986թթ. կոտորածների ժամանակ զոհվեց 300 հազար հայ: Սակայն հայերի կորուստները միայն դրանով չէին սահմանափակվում:

Ստեղծված անասելի հուսալքված պայմաններում մոտ 100 հազար հայ բռնի դարձան մահմեդական, և մոտավորապես այդքան էլ հայեր հարկադրված հեռացան իրենց հայրենիքից:

Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ 
(genocide-museum.am)
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: