Մրցույթներ

Համադպրոցական շարադրությունների մրցույթ 2013
Սուսաննա Մարջանյան
Դպրոց՝ ք. Ստեփանավանի թիվ 2 հմ/դ

Դասարան՝ 9-բ
Իմ ոգեշնչման աղբյուրը իմ ուսուցիչն է
Բարև Ձեզ: Ես Սուսաննա Անդրանիկի Մարջանյանն եմ` տասը տարեկան: Բնակվում եմ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի քաղաք Ստեփանավանի Ղուկասյան փողոցի տասնհինգերորդ տանը: Ես շատ եմ սիրում երգել և արդեն փոքրիկ երգչուհի եմ: Երեք տարեկանից հաճախել եմ Ստեփանավանի Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի տուն` երգի խմբակի: Իմ շատ սիրելի ուսուցչուհին է ընկեր Լարիսան, ում շնորհիվ ես հասել եմ մեծ բարձրունքների: Ուսուցչուհիս իր բարի և ոգևորող բառերով, քրտնաջան աշխատանքով կարողանում է փոքրիկներիս բարձրացնել բեմ: Ընկեր Լարիսան մեզ սովորեցրել է ամեն ինչ` ինչպես բարձրանալ բեմ, ինչպես պահել բեմի վրա, շարժվել, ժպտալ, բարձրախոս բռնել, մինչև անգամ խոնարհվել: Նա կազմակերպեց առաջին համերգը, որը Ուսուցչի տոնի առթիվ էր: Ուսուցչուհիս յոթ տարիների ընթացքում կարողացել է մեզ մասնակից դարձնել Հանրապետության տարբեր քաղաքներում կազմակերպվող տարաբնույթ միջոցառումներին: Մասնակցել ենք Երևանում կազմակերպված երեքից հինգ տարեկանների մրցույթին և վերադարձել ենք գավաթով: Ամեն տարի ուսուցչուհուս հետ մասնակցում ենք Գյումրիում կազմակերպվող «Վերածնունդ» փառատոնին: Այս տարի դարձել եմ դափնեկիր: Ընկեր Լարիսայի առաջին սաներից եմ ես: Նա միշտ ասում է, որ որքան էլ աշակերտներ ունենա, առաջինը միշտ չի մոռացվի: Իմ շատ սիրելի ընկեր Լարիսան շատ աշխատեց ինձ հետ, մշակեց ձայնս, գիշեր ու զօր պարապում էր ինձ հետ, որպեսզի մասնակցեմ «Երգը բարեկամության կամուրջ է» փառատոնին: Մասնակցեցի առաջին փուլին, որը կայացավ Ստեփանավանի թիվ 1 դպրոցում, անցա մարզային փուլ: Վանաձորում երգեցի և անցա եզրափակիչ փուլ, որը կայացավ Երևանում, այնտեղ ստացա պատվոգիր: Ես համոզված եմ, որ ուսուցչուհուս շնորհիվ կանցնեմ բոլոր ճանապարհները, կհաղթահարեմ դժվար ուղիները և կդառնամ դասական ոճի լավ երգչուհի: Որքան բարի է երգեցողության իմ ուսուցչուհին, որքան հոգատար, բարեխիղճ ու սիրալիր: Թանկագին ուսուցչուհուս հետ հետաքրքիր է անցնում ամեն մի վայրկյան: Նա առիթը չի կորցնում, որպեսզի ինձ ուրախացնի, աշխուժացնի: Երբ ուզում է դիտողություն անել, ասում է կատակով: Այդ պատճառով էլ նա ունի բազմաթիվ աշակերտներ: Նրա նպատակն է, որ ես իմ բարձր ձայնածավալով հասնեմ Եվրոպա: Խոստանում եմ, երբ գա այդ օրը, ես այնտեղ` բեմից բարձր կգոչեմ. «Ես սիրում եմ Ձեզ և շատ շնորհակալ եմ, ընկե՜ր Լարիսա»: Ես շատ կուզեմ, որ իմ կողքին լինի միշտ, նկատի իմ թերությունները և մեղմորեն ուղղի դրանք: Ցանկանում եմ, որ իմ սիրելի ուսուցչուհին, միշտ լինի առողջ, համբերատար, բարի, ինչպես որ կա: Ես հասկանում եմ, որ մեզ նման քանի-քանի սերունդներ կճանապարհի դեռ, կբացի երգի ճամփան: Ես իմ բոլոր հույսերը կապում եմ ուսուցչուհուս հետ և լավ գիտեմ, որ իմ ոգեշնչման աղբյուրն իմ ուսուցչուհին է: