Լյովա Ծառուկյան
			
			
				Դպրոց՝ Երևանի Ռուբեն Սևակի անվան  հ.151 
				Դասարան՝ 8-րդ
			 
		 
		
			Դու իմ ժպիտն ես, Երևա՛ն
			Ըստ ժողովրդական ասացվածքի՝ §Ժպիտն ու թախիծը եղբայրներ են¦: Միշտ մեկը նախորդում կամ հաջորդում է մյուսին: Մարդը ի ծնե հակված է  ուրախությունն ու ժպիտը ավելի սիրելու. նրա հետ հեշտ է և հաճելի:
			Մենք՝ հայերս, որպես ազգ ճակատագրի բերումով  տխրելու առիթներ ավելի շատ ենք ունեցել, բայց միշտ աշխատել ենք գնալ ժպիտի, լուսավորի հետևից, չնայած որ այն մեզ շատ թանկ գնով է տրվել: Մեր ժողովրդի տևական ուրախությունը ապահովել է մեր այսօրվա մայրաքաղաքը՝ լուսառատ, արևաշող Երևանը:
			Թափառող մայրաքաղաքներից վերջինը դու եղար. ի վերուստ քեզ էր տրված այդ բացառիկ պատիվը: Դու ես ողջ հայությանը տուն կանչող փարոսը, նրանց հույսի հանգրվանը:
			Ծանր փորձություններ կրա՛ծ իմ քաղաք, այսօր դարձել ես լույսի հեղեղ, մտքի տաճար, շենշող ճարտարապետական կոթողների մշտամնա կայան: Դու ես ծնել բազմաթիվ հանճարներ, որոնք իրենց անզուգական ստեղծագործություններով աշխարհին ասել են, որ դու  հայ ժողովուրդն ես, որ այդ ժողովուրդը համաշխարհա-յին մտքի ու մշակույթի առաջընթացի մեջ ունեցել է և ունենալու է իր նշանակալից դերը: Դարերի ճանապա՛րհ անցած իմ քաղաք, հազարամյակների փոշին անգամ չի ստվերել  քո  փայլն ու գեղեցկությունը:
			Տատիկս ասում էր. §Ոսկին կավի մեջ ավելի լավ է փայլում¦: Դու այդ ոսկին ես, որ փոշու միջից էլ շողշողում ու հիշեցնում աշխարհին, որ բիբլիական այս հողում ծվարած ժողովուդը ունի մի զարմանահրաշ հատկություն՝ տոկալ, ստեղծել, արարել, կառուցել, սիրել ու փայփայել՝ ի զարմանս օտարների, ի հեճուկս թշնամիների:
			Օրեցօր ծաղկո՛ղ իմ քաղաք, մենք քեզանից դյուցազնական ուժ ենք ստանում, ինչպես Սևանա ծռերը՝ հայոց գրից, ինչպես Արշակ Երկրորդը՝  հայոց հողից:
			Մանկությունս անցավ երևանյան մի փոքրիկ ու հին բակում, ու ինձ թվում էր՝ Երևանը իմ բակն է: Իսկ այսօր ես բնակվում եմ բարձրահարկ շենքի տասնչորսերորդ  հարկում:
			Նախկինում Երևանն իմ բակն էր, իսկ այսօր, երբ պատշգամբից նայում եմ ինձ կարոտով սպասող Արարատին ու նրա ստորոտին շենացող քաղաքին, սիրտս լցվում է անհուն բերկրանքով ու ջերմությամբ, և զգում եմ, որ ես այս քաղաքի լիիրավ տերերից մեկն եմ, և այսօր ոչ թե իմ բակը Երևանն է, այլ Երևանն է իմ բակը:
			Ամռանը ես ծնողներիս հետ Իտալիայում էի: Հանդիպեցինք երկու սփյուռքահայերի, որոնցից մեկը եղել էր Երևանում: Նա այնքան հիացած էր խոսում մեր քաղաքի մասին, որ կարծես դրախտում էր եղել և ոչ թե սովորական քաղաքում: Խոսելու ընթացքում ժպիտը երբեք չանհետացավ նրա դեմքից: Մի պահ միայն ընդհատեց խոսքը՝ զրուցակցին խորհուրդ տալու համար.  անպայման այցելի Երևան, որպեսզի լավ հասկանա՝ ինչ է նշանակում ունենալ սեփական քաղաք, որը հաստատապես քոնն է, որը անմատչելի է ուրիշներին, որի հողին ոտքդ համարձակ ես  դնում և ստիպված չես վախվորած մի կողմ քաշվել, որ ուրիշներն առաջինը անցնեն, որովհետև նրանք են այդ քաղաքի իսկական տերերը:
			Ուսուցչուհիս մեզ հայրենասիրության դասեր տալիս հաճախ է հիշում Պ. Սևակի խոսքը. §Օտար հողի վրա որքան էլ ազատ լինես, մի տեսակ անազատ ես, իսկ քո հայրենիքում որքան էլ անազատ լինես, մի տեսակ ազատ ես¦:
			Իմ սիրելի՛ Երևան, դու՝ որպես իմ փառապանծ հայրենիքի դրոշակակիր, տալիս ես ինձ այդ §մի տեսակ¦ ազատությունը, որն էլ ապահովում է իմ ժպիտն ու ինքնավստահությունը: 
			Կեցցե՛ս, հավերժանա՛ս, իմ Երևա՛ն: Դու ես աշխարհում մեզ ներկայացնողը, մեր հպարտությունն ապահովողը: Ես՝ որպես քո փոքրիկ մաս, կանեմ իմ կարողացածը, որ միշտ ծաղկես, հավերժանաս ու աշխարհիին ապացուցես, որ բիբլիական այս հողում ծվարել է մի ժողովուրդ , որը կա, լինելու է ու դեռ  շատանալու է:
			Իմ Երևա՛ն, ես քեզ սիրում եմ ,դու իմ ժպիտն ես, իմ երջանկությունը: