Մրցույթներ

Շարադրությունների մրցույթ - 2010 / Աշխատանքներ
Վարկանիշ՝ 67
Գայանե Մարգարյան Գագիկի
Դպրոց՝ 139

Դասարան՝ 4-1
Իմ երազանքների դպրոցը
Ես ուրախ եմ և հպարտ, որ սովորում եմ թիվ հարյուր երեսունինը ավագ դպրոցի չորրորդ դասարանում: Իմ դպրոցը կրում է Կարեն Դեմիրճյանի անունը: Այն նաև անգլիական թեքումով է: Եթե իմ դպրոցը լիներ իմ երազանքների դպրոցը, ապա այն կունենար իր դպրոցական ավտոբուսները, որոնք կտեղափոխեին դպրոցի աշակերտներին տնից դպրոց և դպրոցից տուն: Այդ ժամանակ ոչ մի մայրիկ չէր հոգնի, ոչ մի աշակերտ մյուսին չէր հարցնի. “Լսի’ր, այդ ի՟նչ “տրաքած” մեքենայով եկար”, կամ էլ “Լսի’ր, տեսա՟ր ի~նչ “բոմբ” մեքենա էր”:
Իմ երազած դպրոցի արտաքին տեսքը կնմանվեր հեքիաթային դղյակի: Երբ առավոտյան երեխաների դպրոց գալու ժամանակը լիներ, այդտեղից կհնչեր գեղեցիկ ու թարմացնող երաժշտություն, դասամիջոցին կհնչեր ուրախ ու զվարճացնող երաժշտություն, որի ժամանակ մենք կսովորեինք պարերի գաղտնիքները, իսկ երբ վերջին աշակերտը լքեր շենքը, ապա կցանկանայի, որ դպրոցը փոքրիկի նման մի պահ լաց լիներ ու հետո զսպեր իրեն: Դպրոցի ներսում բոլոր դասասենյակները պետք է նմանվեին տարբեր ծաղիկների ու բարի կենդանիների, որոնք պետք է անպայման աչքեր ունենային և մեր աչքերին չերևացող թափանցիկ ձեռքեր, որպեսզիչարաճճի աշակերտները չփչացնեին այդ գեղեցկությունը: Դպրոցին մենք շատ բանով ենք պարտական: Չէ՟որ այնտեղ ենք սովորում գրել, կարդալ, հաշվել, շփվել, ընկերներ ունենալ, օգնել միմյանց և ամենակարևորը` գնահատել ու սիրել հայրենիքը: Ես երազում եմ տաք, լուսավոր և անուշահոտ դպրոցի մասին, որը պայծառեցնում է բոլորի միտքն ու աչքերը:
Ուսուցիչները իմ երազած դպրոցում պետք է նմանվեին հեքիաթային բարի ու դրական հերոսների: Հագուսները նույնպես պետք է համապատասխանեին հեքիաթային հերոսներին` Հարրի Փոթթերի իմաստուն ուսուցիչներին: Պատուհանները պետք է գունավոր և ուրախ լինեին, և տարբեր պատկերներ արտացոլեին: Իմ երազանքների դպրոցում միմյանց չեն վիրավորում, չեն բողոքում և չեն ստում: Այնտեղ տիրում է ազնվությունն ու բարությունը: Բոլոր աշակերտները մաքուր են, կոկիկ և ապահով, և ոչ ոքի “բոմժ” չեն անվանում: Այդ դպրոցում պարտադիր դասավանդվում է երաժշտությունը բոլոր գործիքներով, որովհետև երեխաները պետք է բազմակողմանի զարգացած լինեն: Ուզում եմ ու երազում եմ, որ բոլոր երեխաները` այսինքն աշակերտները, հասկանան սովորելու ուժն ու կախարդանքը, որը նրանք կարող են ստանալ նույնիսկ մեր այսօրվա դպրոցում: Չէ՟որ բոլորս սիրում ենք գեղեցիկ ու հնարքներով խաղալիքներ, բջջային հեռախոսներ, համակարգիչներ և շատ ու շատ լավ բաներ:
Ես դեռ չորրորդ դասարան եմ, բայց հասցրել եմ սիրել դպրոցը, հասկանալ նրա կարևորությունն ու նույնիսկ զգալ, որ ես դպրոց հաճույքով եմ գնում: Դպրոցն է մեզ սովորեցնում լինել ընկերասեր ու համերաշխ, ինքնուրույն ու աշխատասեր: Դպրոցում ժամանակը ուրախ է անցնում և հետաքրքիր: Իմ դպրոցը իմ և իմ դպրոցական ընկերների մոլորակն է, որտեղ մենք մեզ զգում ենք փոքրիկ և ինքնուրույն մարդուկներ, կարողանում ենք միմյանց խրատներ ու խորհուրդներ տալ:
Իմ երազանքների դպրոցն իմ դպրոցն է, որտեղ ես կարող եմ սովորել, զարգանալ, մեծանալ և արտահայտել իմ կարծիքը, բացել աչիկներս և վստահ լինել, որ այսօր էլ մի նոր բան կսովորեմ և կուրախացնեմ իմ ծնողներին: