Մրցույթներ

Շարադրությունների մրցույթ - 2010 / Աշխատանքներ
Վարկանիշ՝ 76
Միլենա Պետրոսյան Ռուդոլֆի
Դպրոց՝ 8

Դասարան՝ 3-1
Իմ երազանքների դպրոցը
Ես շատ լավ հիշում եմ այն օրը, երբ մայրիկս, իմ ձեռքը բռնած, ինձ առաջին անգամ դպրոց տարավ: Ես շատ ուրախ էի, բայց մի քիչ հուզվում էի և անհանգստանում: Մեզ դիմավորեց մեր ժպտադեմ ուսուցչուհին ու դպրոց տարավ: Մեր դպրոցը մեծ է, գեղեցիկ, արևոտ ու մաքուր: Դպրոցում մենք սովորեցինք գրել, կարդալ, ծանոթացանք հայ և ռուս գրողների գործերին, սովորեցինք սիրել մեր հայրենիքը:
Ես շատ եմ սիրում իմ դպրոցը, նույնիսկ մի փոքր տխրում եմ, երբ շաբաթ ու կիրակի օրերին տանն եմ մնում, բայց ես ունեմ նաև իմ երազանքների դպրոցը: Իմ երազանքների դպրոցում ամեն մի աշակերտ ունի իր համակարգիչը, որը ես պատկերացնում եմ շատ փոքր` մի տետրի կամ գրքի չափ: Երեխաները գրում, կարդում, նկարում և տնային աշխատանքները կատարում են այդ համակարգչով: Այնքան լա~վ կլիներ, երբեք ոչ մի բան տանը չէի մոռանա, իսկ ձեռքերս ու շորերս գրիչով էլ չէի կեղտոտի: Ինձ թվում է, որ համակարգչով երեխաները ավելի հաճույքով կպատրաստեին իրենց դասերը: Նույնիսկ ծույլ աշակերտները ավելի քիչ կխաղան բակում, նրանք կնստեն տանը և իրենց դասերը կպատրաստեն: Ես պատկերացնում եմ նաև, որ երազանքների իմ դպրոցում գրատախտակի փոխարեն կլինի մի մեծ էկրան, իսկ ուսուցչուհին դասը կբացատրի ոչ թե կավիճով գրելով, այլ էկրանին մատով հպվելով: Չեն լինի ոչ կավիճներ, ոչ կեղտոտ բարձիկներ:
Մենք դպրոցում անցնում ենք “Ես և շրջակա աշխարհը” առարկան: Ես և իմ ընկերները շատ ենք սիրում այդ առարկան, որովհետև շատ նոր և հետաքրքիր բաներ ենք սովորում մեր, մեզ շրջապատող բնության և շրջակա աշխարհի մասին: Ես պատկերացնում եմ, որ երազանքների իմ դպրոցում կլինի նաև ամառային այգի, որտեղ ամեն մի դասարան կունենա իր բաժինը: Մենք կցանենք բույսեր և ինքներս կջրենք ու կխնամենք նրանց: Մեր աչքով կտեսնենք, թե ինչպես է սերմը ծիլ արձակում, մեծանում, կոկոն տալիս, իսկ կոկոնից գեղեցիկ ու քնքուշ ծաղիկ է բացվում: Կտեսնենք, թե ինչպես են բույսերը փոխվում տարվա տարբեր եղանակներին: Լավ կլինի, եթե մենք այնտեղ ունենանք նաև կենդանիներ` ոզնիներ, կրիաներ, թռչուններ, խնամենք նրանց և ուսումնասիրենք նրանց վարքը:
Ես շատ եմ սիրում ճանապարհորդել, լինել տարբեր երկրներում, իմանալ ուրիշ ժողովուրդների կյանքի մասին: Ես մայրիկիս ու հայրիկիս հետ եղել եմ Մոսկվայում, Կանադայում, Ֆրանսիայում: Ճիշտ է, շատ լավ էր, բայց ես ունեմ մեծ, շատ մեծ երազանք: Ես երազում եմ իմ դասընկերների ու ուսուցչուհու հետ գնալ ԱՄՆ և լինել հեքիաթների աշխարհ “Դիսնեյ Լենդում”: Ինչքա~ն ուրախ և հետաքրքիր կանցնի: Իմ երազանքների դպրոցում ճանապարհորդելն այնքան հեշտ ու հասարակ կլինի, որ ուսուցիչները տարեվերջի էքսկուրսիաների ժամանակ երեխաներին կտանեն ուրիշ երկրներ: Երեխաները շատ նոր բաներ կտեսնեն, նոր բաներ կսովորեն և իրար հետ ավելի մտերիմ կդառնան:
Ես այսպես եմ պատկերացնում երազանքների իմ դպրոցը և հավատում եմ, որ ապագայի դպրոցներն այդպիսին կլինեն: Ապագային երեխաները, գուցե նույնիսկ իմ փոքրիկ եղբայրը, կսովորեն այդպիսի դպրոցներում: