Դիմորդի անկյուն

«Հայաստանի Ամերիկյան Համալսարան» հիմնադրամ

Պետության մասնակցությամբ հիմնադրված ԲՈՒՀ

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) հիմնադրվել է 1991 թվականին և տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան բարձրագույն կրթություն Հայաստանում: ՀԱՀ-ն ամերիկյան հավատարմագրում ունեցող ԲՈՒՀ է, որն առաջարկում է աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող մասնագիտություններ:

ՀԱՀ-ն ունի բակալավրի կոչում շնորհող հետևյալ հինգ մասնագիտացումները`
Գործարարություն (բիզնես) - մասնագիտական ուղղություններ` հաշվապահություն, շուկայագիտություն, տնտեսագիտություն, ընդհանուր գործարար կառավարում,
Համակարգչային գիտություն - մասնագիտական ուղղություններ` մաթեմատիկական մոդելավորում, համակարգչի գիտություն, ընդհանուր հաշվողական գիտություններ,
Անգլերեն և հաղորդակցում - մասնագիտական ուղղություններ` հասարակայնության հետ կապեր, գրավոր խոսք և թարգմանչություն, ընդհանուր անգլերեն և հաղորդակցություն,
Ճարտարագիտություն
Տվյալագիտություն - մասնագիտական ուղղություններ՝ բիզնես վերլուծություն և կենսաինֆորմատիկա:

Այս մասնագիտացումների միջոցով ՀԱՀ-ը տրամադրում է հիմնավոր գիտելիք ինչպես կայուն կարիերա սկսելու, այնպես էլ ուսումը շարունակելու համար՝ միաժամանակ ապահովելով ընդհանուր զարգացվածություն, որն անհրաժեշտ կլինի ամբողջ կյանքի ընթացքում: ՀԱՀ-ում արտասահմանից ժամանած դասախոսական կազմն իր հետ լսարան է բերում իր բազմամյա փորձը, իսկ միջազգային ուսանողները համալրում են ուսանողական բազմամշակութային կազմը: Ժամանակակից և հարմարավետ պայմանները` ներառյալ Փարամազ Ավետիսյան մասնաշենքը, ՀԲԸՄ Փափազյան գրադարանը, նորակառույց ուսանողական կենտրոնն ու ամֆիթատրոնը, Ձեռներեցության և արտադրանքի նորարարության կենտրոնն (EPIC) է՛լ ավելի հաճելի և բազմաբովանդակ մթնոլորտ են ստեղծում համալսարանում ուսանելու համար:

ՀԱՀ–ն ուսանողներին աջակցում է կրթությունը ֆինանսավորելու հարցում: Ըստ ՀԱՀ-ի որդեգրած քաղաքականության` ՀԱՀ ընդունված ՀՀ ոչ մի քաղաքացի հիմնավորված ֆինանսական խնդիրների պատճառով (ինչը հաստատվում է ՀԱՀ Ֆինանսական օժանդակության հանձնաժողովի կողմից՝ հաշվի առնելով մի շարք գործոններ) չի զրկվի համալսարանում կրթություն ստանալու հնարավորությունից: Այս նպատակով ՀԱՀ-ն առաջարկում է ֆինանսական օժանդակության և կրթաթոշակների մի շարք հնարավորություններ ՀՀ քաղաքացի հանդիսացող ուսանողների համար:

Համալսարանը ՀՀ քաղաքացիներին տրամադրում է կարիքի հիման վրա ֆինանսական օժանդակություն, որի դեպքում կրթության արժեքը կարող է զեղչվել մինչև 90%: Կան նաև սահմանափակ թվով կրթաթոշակներ, որոնք հասանելի են ուսումնական առաջադիմություն ունեցող ուսանողների համար:

Ֆինանսական աջակցության համար ուսանողները լրացնում են համապատասխան դիմումաձևը:
Միջազգային ուսանողներին համալսարանն առաջարկում է կրթաթոշակներ: Ավելին իմանալու համար կարող եք այցելել ՀԱՀ կայքէջ։

ՀՀ քաղաքացի և Հայաստանում երկարաժամկետ կացության կարգավիճակ ունեցող ուսանողների համար սահմանված տարեկան ուսման վարձը և այլ վճարները կազմում են՝

Գործարարություն (բիզնես) ` 2,250,000 ՀՀ դրամ
մյուս չորս մասնագիտությունները՝ 1,700,000 ՀՀ դրամ
ուսանողների սպասարկման վճար՝ 25,000 ՀՀ դրամ
առողջական ապահովագրություն (ոչ պարտադիր հիմունքով)՝ 120,000 ՀՀ դրամ

Միջազգային ուսանողների համար սահմանված տարեկան ուսման վարձը և այլ վճարները կազմում են`

Գործարարություն (բիզնես)` 4,250,000 ՀՀ դրամ
մյուս չորս մասնագիտությունները` 3,700,000 ՀՀ դրամ
ուսանողների սպասարկման վճար՝ 25,000 ՀՀ դրամ
առողջական ապահովագրություն (ոչ պարտադիր հիմունքով)՝ 120,000 ՀՀ դրամ։

Ընդունելության հանձնաժողովը որոշում է կայացնում՝ մանրազնին ուսումնասիրելով յուրաքանչյուր դիմորդի ուսումնական ցուցանիշները և գնահատելով ՀԱՀ-ում ուսանելու նպատակադրվածությունը:

ՀԱՀ ընդունելությունն իրականացվում է համապարփակ և մրցակցային հիմունքներով: Քննարկվում են ընդունելության պահանջներին բավարարող ամբողջական դիմումները, հաշվի առնելով դիմորդի՝

ամբողջական դիմում-հայտը,
կրթությունը (ՄՈԳ),
ընդունելության քննության պաշտոնական գնահատականները (մաթեմատիկա և անգլերեն),
երկու շարադրությունները,
արտադասարանային աշխատանքները,
կամավորական աշխատանքի փորձը,
հարցազրույցը (անհրաժեշտության դեպքում):

Բակալավրի կրթական ծրագրերի, ընդունելության կարգի, դիմելու վերջնաժամկետների, պահանջների, ինչպես նաև ընդունելությանն առնչվող միջոցառումների վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար այցելեք կայքէջ:
ՀԱՀ-ն առաջարկում է նաև մագիստրոսի կոչում շնորհող մասնագիտացումներ:

ՀԱՀ-ի շարունակական կրթության բաժինն առաջարկում է ընդհանուր անգլերենի, TOEFL iBT, GRE և GMAT թեստերի նախապատրաստական դասընթացներ, որոնք անհրաժեշտ են ՀԱՀ ընդունվելու համար:


Նախագահ՝ Կարին Մարկիդես
Ակադեմիական հարցերով փոխնախագահ` Ռանդոլ Ռոդես

Հասցե` Հայաստան, 0019, Երևան,
Մարշալ Բաղրամյան պող., 40 շենք
(Արաբկիր վարչ. շրջան)
Հեռ.`
• ընդունելության բաժին` +374-60-612750
• ընդհանուր տեղեկատվություն` +374-60-694040, +374-10-324040

Էլ. հասցե`[email protected]; [email protected]
Կայք` www.aua.am; https://admissions.aua.am/

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: