Դիմորդի անկյուն

Գորիսի պետական համալսարան

Պետական ԲՈՒՀ

1960-ական թվականներին Գորիսի շրջանում կային սոցիալ-տնտեսական և կուլտուր-լուսավորչական վերափոխումների խոշոր խնդիրներ: Այդ խնդիրներից մեկն էր լուծել շրջանի երիտասարդության բարձրագույն կրթությունը տեղում կազմակերպելու հարցը՝ Գորիսը դարձնել Սյունիքի և Հայաստանի կրթության և մշակույթի զարգացման կենտրոններից մեկը: Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1967 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ Գորիսում հիմնադրվեց Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղ: 1984 թվականին այն վերափոխվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի, 1990 թվականին վերանվանվեց Հայաստանի ճարտարագիտական համալսարանի Գորիսի մասնաճյուղ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 5-ի համար 2400 որոշման համաձայն դադարեցվում է «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության Գորիսի մասնաճյուղի գործունեությունը, և դրա փոխարեն ստեղծվում է «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Կազմավորվել է ՀՊՄՀ-ի և ՀՊՃՀ-ի մասնաճյուղերի հիմքի վրա։ Գորիսի պետական համալսարանի հիմնադիր ռեկտորը եղել է Յուրիկ Սաֆարյանը (2006)։
Գորիսի պետական համալսարանում գործում է կրթության երկաստիճան համակարգ (բակալավրիատ, մագիստրատուրա): Առաջին աստիճանի՝ բակալավրիատի ուսումնական ծրագրերը 4-ամյա ուսումնառությամբ կազմակերպված են ըստ 14 մասնագիտությունների: Երկրորդ աստիճանի՝ մագիստրոսական ուսումնառության 2-ամյա ծրագրերը կազմված են ըստ 12 մասնագիտությունների ու մասնագիտացումների:
Գորիսի պետական համալսարանն այսօր ունի 3 ֆակուլտետ (Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետ, Բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետ, Ճարտարագիտության ու տնտեսագիտության ֆակուլտետ), 10 ամբիոն, 1 սեկտոր, 97 պրոֆեսորադասախոսական կազմ, այդ թվում՝ 8 գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 32 գիտությունների թեկնածու, դոցենտ, 57 ասիստենտ ու դասախոս: Համալսարանում սովորում է շուրջ 1400 ուսանող:
2016 թվականի փետրվարի 11-ին ՀՀ ԿԳ նախարարի հրամանով Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվում ֆիզ.մաթ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը: Նույն թվականի հունիսի 9-ին ԳՊՀ խորհրդի նիստում Արտուշ Ղուկասյանը միաձայն ընտրվում է Գորիսի պետական համալսարանի ռեկտոր:
Ստեղծվել են նոր բաժիններ, վերակազմակերպվել են ֆակուլտետները, վերալիցենզավորվել են բոլոր մասնագիտությունները: Ներդրվել են նոր մասնագիտություններ (առկա կրթաձևում` «Անգլերեն լեզու և գրականություն», «Կերպարվեստ», «Իրավագիտություն», «Կառավարում(ըստ ոլորտի)», հեռակա կրթաձևում մագիստրոսական ծրագրով` «Հատուկ մանկավարժություն», «Զբոսաշրջության կառավարում»), որոնց գծով առաջին անգամ ընդունելություն կատարվեց 2017-2018 ուստարում:
Համալսարանի ուշադրության կենտրոնում մշտապես եղել է կրթական բարեփոխումների արդյունավետ զարգացումը՝ իբրև ուղեցույց ունենալով ՀՀ բարձրագույն մասնագիտական ոլորտում Բոլոնիայի սկզբունքների իրագործումը երկու ուղղություններով՝ բարեփոխումների տեսական դրույթների մշակում և գործնական ներդրում, որը կրել է շարունակական բնույթ:
Ընթացքի մեջ է կրթության որակի բարելավման միջոցով ԳՊՀ-ի ինստիտուցիոնալ վերահավատարմագրման գործընթացը: Արդիականության պահանջներից բխող որակի ապահովումը շարունակական գործընթաց է և հանդիսանում է բուհի հիմնական գործառույթը:
Անշուշտ, հետագայում հետազոտողներն ու տարեգիրներն ավելի մանրամասնորեն կգրեն Գորիսի պետական համալսարանի բազմաբովանդակ պատմությունը, և դրանով կլրացվի Սյունիքի դպրության 1600-ամյա ամբողջական պատմության մի մասը:

ՌԵԿՏՈՐ` Արտուշ Ապրեսի Ղուկասյան
ՀԱՍՑԵ` ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Գորիս, Ավանգարդ 2,
ՀԵՌԱԽՈՍ` (+374284) 2 27 67, +374-284-20155, +374 98 19 67 20
ՖԱՔՍ`(+374 284) 2 36 03
ԷԼ.ՀԱՍՑԵ` [email protected]
ԿԱՅՔ` www.gorsu.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: