Գույների աշխարհում
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն

Այս սրահում մեր դպրոցական այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական գորգերի և կարպետների տաք գույներին, գորգագործության գաղտնիքներին: «Երազանքների աթոռը» ևս գտնվում է այս սրահում և իրականացնում է բոլոր այցելուների բարի նպատակը: 

Հայոց ժողովրդական արվեստի համակարգում կարևոր տեղ է գրավում գորգը, որը Հայկական լեռնաշխարհում հայտնի է Ք.ա. 4-3-րդ հազարամյակներից: Դրա վկայությունը Հայաստանի մի շարք պեղավայրերից հայտնաբերված գորգագործական մշակույթին վերաբերող բազմաբնույթ իրերն են` աշխատանքային գործիքներ ու հարմարանքներ, գործվածքի պատառիկներ, հումքի մնացորդներ և այլն: Գորգագործական մշակույթը հայոց մեջ հատկապես ծաղկում ապրեց վաղ ու զարգացած միջնադարում` հատկապես արաբական տիրապետության ու Բագրատունիների թագավորության օրոք: Այդ ժամանակաշրջանում հայկական գորգերը լայն ճանաչում ու հեղինակություն էին ձեռք բերել միջազգային շուկայում: Այդ տարիների գորգերի տեխնիկան և գեղարվեստական բարձր մակարդակի մասին վկայություններ են թողել 8-12-րդ դդ. հայ և օտար մատենագիրները: Ուշ միջնադարի գորգերի մասին պատկերացում են տալիս մինչ մեր օրերը պահպանված մի քանի տասնյակ գորգեր, որոնց թվում են 1202թ. գործված «Եռախորան» և 1680թ. գործված «Գուհար» գորգերը, որոնք ունեն հայատառ արձանագրություն, ինչպես նաև 15-18-րդ դդ. թվագրվող հայկական վիշապագորգերը: Աշխարհի տարբեր ժողովուրդներ գործվածքի այս տեսակին տեղային անվանումներից բացի տալիս են նաև ընդհանրական կապերտ (կարպետ) անունը, որը հուշում է գորգագործական արվեստի հայկական ծագումը: Հայերը գործվածքի այս տիպին անվանում են նաև գորգ, խալի, բազմակն: Հատկանշական է, որ հայերը կարպետ անվանում են ոչ խավավոր տիպին: Հայոց գորգագործական արվեստն ունի լայն աշխարհագրություն: Այն դասակարգվում է ըստ պատմազգագրական մարզերի` Վասպուրական, Սյունիք, Արցախ, Գուգարք, Բարձր Հայք և այլն, որոնց գեղազարդման արվեստն աչքի է ընկնում բնորոշ առանձնահատկություններով: Ընդհանուր առմամբ հայոց գորգերին բնորոշ են բուսանախշ ու կենդանակերպ հորինվածքներն ու զարդերը, որոնք մեծամասամբ ներկայացվում են ոճավորված տեսքով` որպես խորհրդանշան ու ազգային մտածողության արտահայտման և ինֆորմացիայի հողորդման միջոց: Հայկական գորգերին բնորոշ են նաև հայատառ արձանագրությունները, որոնցում նշված են գործելու տարեթիվը, առիթը, գործողի անունը և այլն: Գորգերն ու կարպետներն ունեին տարբեր կիրառություններ. կախում էին պատերից, ծածկում փայտե հատակը, նստատեղերը, անկողինները, սնդուկները: Կարող էին ծառայել որպես վարագույր, միջնորմ, թիկնաբարձի երես և այլն: Գորգը համարվել է հարստության, շքեղության չափանիշ, այն հարսի օժիտի անբաժանելի մասն էր կազմում՝ կարպետների, խուրջինների, անկողնապարկերի հետ:

×

Ներկայացման վարկանիշը

4.4
8
5
4
3
2
1
25 հունիս, երեքշաբթի