Դավիթ Հակոբյան

ՀՀ վաստակավոր արտիստ

Բեմադրիչ, դերասան

Ծնվել է 1957թ. սեպտեմբերի 13-ին, ՀՀ Սևան քաղաքում: 1959թ. տեղափոխվել է Երևան: 1974թ. ավարտել է Երևանի թիվ 79 միջնակարգ դպրոցը, որին զուգահեռ սովորել է Երեխաների գեղագիտական դաստիարակության դպրոցում: 1975-80թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերական ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնում: 1980թ. Հենրիկ Մալյանի կողմից հրավիրվել է մասնակցելու «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի թատրոն-ստուդիայի հիմնադրման աշխատանքներին (այժմ` Հ.Մալյանի անվան կինոդերասանի թատրոն), որտեղ աշխատել է մինչև 1990թ.` որպես դերասան և ռեժիսոր: 1990թ. հրավիրվել է աշխատանքի «Անիվների վրա» թատրոն-ստուդիա` որպես բեմադրիչ: 1991թ. հիմնադրել է «Եռանկյունի» թատրոն-ստուդիան: 1992թ. հրավիրվել է Երևանի Համազգային թատրոն` որպես դերասան և բեմադրիչ, որտեղ 2000-03թթ եղել է տնօրենը: 2006թ. Լիբանանի Համազգային մասնաճյուղի կողմից հրավիրվել է Բեյրութ, որտեղ ղեկավարել է «Գասպար Իփեկյան» և «Արեգ» թատերախմբերը: 2006թ-ից Երևանի պետական Կամերային թատրոնի տնօրենն է: Խաղացել է ավելի քան 60 դեր մի շարք ներկայացումներում` Բ.Նուշիչի «Ինքնակենսագրություն» (Նուշիչ), Բ.Բրեխտի «Արտուրո Ուիի կարիերան» (Արտուրո Ուի), Դ.Ալիգերիի «Աստվածային կատակերգություն» (Արարիչ), Վ.Սարոյանի «Իմ անունը Արամ է» (Պապ), «Մի գավաթ բարություն» (Փրիմ), «Փրկության կղզի» (Բադալ), Խ.Դաշտենցի «Կարոտ» (Առաքել), Ե.Օտյանի «Ընկեր Փանջունի» (Ընկեր Փանջունի), Հ.Հակոբյանի «Լեռնային կակաչներ» (Ենոք), Է.դե Ֆիլիպպոյի «Սանիտայի թաղապետը» (Ռաֆիլու), Մանյեի «Օսկար» (Բեռնար), Ս.Կոսյանի «Գուցե փրկվենք» (Պոչեկ), Վ.Շեքսպիրի «Լիր արքա» (Ծաղրածու), Մոլիերի «Տարտյուֆ» (Օրգոն) և այլն: Բեմադրել է Շոուի «Ինչպես խաբեց նա ամուսնուն», Սայմոնի «Երկրորդ ավենյուի կալանավորը», Գոցցիի «Ագռավը», Մ.Իշխանի«Մովսես Խորենացի Պարույր Հայկազն», Մրոժեկի «Բաց ծովում», Մանյեի «Օսկար», Ս.Կոսյանի«Գուցե փրկվենք», Մ.Խերանյանի «Շխոնց Միհրան», Գ.Սունդուկյանի «Օսկան Պետրովիչն էն կինքումը», Վ.Սարոյանի «Հեյ, ով կա այդտեղ», Հ.Թումանյանի «Անուշ», «Սասունցի Դավիթ», Ա.Շիրվանզադեի «Պատվի համար», Ռ.Կունի «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում», Մոլիերի «Ազնվամոլ քաղքենին» և այլ պիեսներ: Մասնակցել է մի շարք միջազգային և հանրապետական թատերական փառատոների` որպես ռեժիսոր և միջազգային ժյուրիի անդամ: 2000թ. Իրանի «Իրանզամին» միջազգային փառատոնում արժանացել է «Գրան Պրի», 2002թ. Դոնի Ռոստովի փառատոնում` «Լավագույն ներկայացում» մրցանակների: 2002թ. հրավիրվել է Թեհրանի միջազգային փառատոն` որպես պատվո հյուր: Համագործակցել է Համազգային և Հ.Մալյանիանվան թատրոնների հետ` որպես դերասան: 1988թ-ից դասախոսում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` որպես ռեժիսուրայի և դերասանի վարպետության ամբիոնի պրոֆեսոր: Երեք անգամ արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Լավագույն դերասան»: 2008թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: