Վանիկ Մկրտչյան

ՀՀ վաստակավոր արտիստ

Ծնվել է 1950թ. մարտի 13-ին, ՀՀ Արթիկ քաղաքում: 1969-72թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1973-78թթ` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, ստացել է երաժշտական թատրոնի դերասանի որակավորում: 1978թ-ից աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասան: Զուգահեռ 2008թ-ից որպես դերասան աշխատում է Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում, ինչպես նաև համագործակցում է Է.Էլբակյանի անվան թատրոնի հետ: Մարմնավորել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Բ.Բրեխտի «Երեքգրոշանոց օպերա» (Փիչըմ), «Ժուան Գանգորա» (Ժուան), Է.դե Ֆիլիպպոյի «Չեմ վճարի» (Ստրումելլո), «Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը» (Կուպելլո), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Նիկո), «Մեծապատիվ մուրացկաններ» (Բանաստեղծ), «Շողոքորթն» (Պապիկ), «Պաղտասար ախպար» (Պաղտասար), Գ.Տեր-Գրիգորյանի «Ախ, ներվեր, ներվեր» (Մոզի), «Հանգուցյալը շրջում է քաղաքում» (Բլի), Ա.Այվազյանի «Սեր աստղերի տակ» (Օնիկ), Ջ.Պատրիկի «Տարօրինակ միսիս Սևիջը» (Հանիբալ), Ժ.Ֆեյդոյի «Կասկածը կնոջ սրտում» (Քամիյ) և այլն: Նկարահանվել է «Ժամկետը 7 օր» (1990թ.), «Մարտիրոսի ուխտագնացությունը» (1990թ.), «Մարիամ» (2005թ.) և այլ ֆիլմերում: Նկարահանվել է նաև հեռուստասերիալներում: Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Իրանում, Լիբանանում, Բելգիայում: 2010թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Տարվա լավագույն դերասան»: Նույն թվականին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության և ՀԹԳՄ ոսկե մեդալներով, Երևանի քաղաքապետի պատվոգրով: 2011թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: