Կոմիտասի անվան պետական լարային քառյակ

ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, բանախոս՝ Էդուարդ Թադևոսյան

Կոմիտասի անվան պետական լարային քառյակ, Հայաստանի առաջին քառյակներից։ Հիմնադրվել է Մոսկվայում 1924 թվականին, տեղի կոնսերվատորիայի հայ ուսանողներ Ավետ Գաբրիելյանի (1-ին ջութակ), Լևոն Օհանջանյանի (2-րդ ջութակ), Միքայել Տերյանի (ալտ) և Սերգեյ Ասլամազյանի (թավջութակ) նախաձեռնությամբ (ղեկավար Ե. Գուզիկով)։

1920-ական թվականների վերջերին քառյակի գործունեությունը բարձր են գնահատել Մ. Իպոլիտով-Իվանովը, Կ. Իգումնովը, Ս. Վասիլենկոն, Ռ. Գլիերը, Կ. Սարաջյանը։ 1931 թվականից անվանվել է Հայկական ՀԽՍ պետական քառյակ, մեկ տարի անց՝ կոչվել Կոմիտասի անվան քառյակ։ 1932 թվականից համերգներով շրջագայել է ԽՍՀՄ հանրապետություններում։

1933 թվականին, Լ. Օհանջանյանի մահից հետո, որպես 2-րդ ջութակահար հանդես է եկել Գ. Սարաբյանը, 1938 թվականից՝ Ն. Բալաբանյանը։ 1934 թվականին քառյակին շնորհվել Է ՀԽՍՀ վաստակավոր կոլեկտիվի կոչում։ 1938 թվականին, լարային քառյակների համամիութենական մրցույթում արժանացել է մրցանակի։

1939 թվականին Կոմիտասի անվան քառյակը արժանացել է 1-ին մրցանակի (Մեծ թատրոնի անվան քառյակի հետ մեկտեղ)։ 1939 թվականին և 1956 թվականին մասնակցել է Մոսկվայում հայ արվեստի տասնօրյակներին, հանդես եկել ռուսական, եվրոպական և հայ երաժշտության տարբեր նմուշների բարձրարվեստ կատարումներով։ 1938 թվականին քառյակի երաժիշտներին շնորհվել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 1945 թվականին՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում, 1946 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։

1953 թվականից քառյակը պարբերաբար մեկնել է արտասահմանյան հյուրախաղերի (Գերմանիա, Անզլիա, Ճապոնիա, ԱՄՆ, Կանադա, Հոլանդիա, Նորվեգիա, Ֆրանսիա և այլն)։ Քառյակի հետ տարբեր տարիներ ելույթներ են ունեցել Ա. Գոլդենվեյզերը, Կ. Իգումնովը, Գ. Նեյգաուզը, Ս. Ռիխտերը, Դ. Շոստակովիչը, Է. Գիլելսը, Վ. Մերժանովը, Մ. Գրինբերգը, Ս. Կնուշևիցկին։

1965 թվականին այն արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։