Յուրի Կոստանյան

ՀՀ վաստակավոր արտիստ

Յուրի Կոստանյանը ծնվել է 1947թ-ին: 1965-1970թթ-ին ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտական Կիբերնետիկա ֆակուլտետը: 1984-1988թթ-ին ընդունվել և ավարտել է Երևանի պետական գեղարվեստաթատերական լրիվ դասընթացը՝ ստանալով ռեժիսոր-բեմադրիչի մասնագիտություն: 1970-1971թ-ին աշխատել է Երևանի ավտոմատ կառավարման սիստեմների գիտահետազոտական ինստիտուտում որպես գիտաշխատող: 1971-1972թթ-ին աշխատել է Լիտվայի պետական մնջախաղի թատրոնում որպես դերասան: 1973-1974թթ-ին աշխատել է Մոսկվայի Մյուզիք Հոլլ-ում որպես արտիստ: 1975-1976թթ-ին աշխատել է Հայկական հեռուստատեսության դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրության հեռուստաթատրոնում որպես փորձավար: 1979-1987թթ-ին աշխատել է Երևանի պետական երիտասարդական թատրոնում որպես դերասան, իսկ սկսած 1987թ-ից մինչև 1994թ -ը նույն թատրոնում աշխատել է արդեն որպես բեմադրող ռեժիսոր: 1980-1985թթ-ին զուգահեռ աշխատել է նաև էսթետիկական կենտրոնում որպես Պլաստիկ դրամայի թատերախմբի գեղարվեստական ղեկավար: 1993թ-ին նշանակվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն մինչև 1998թ-ը, իսկ սկսած 1998թ-ից մինչև 2011թ-ը՝ որպես բեմադրող ռեժիսոր: 2011թ-ից արդեն նշանակվել է նույն թատրոնում որպես տնօրեն: 1997-2008թթ-ին համատեղության կարգով աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սևանի հոգևոր դպրանոցում որպես ուսումնական գծով փոխտեսուչ: 2005թ-ից Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում դասավանդում է դերասանի վարպետություն: 2008թ-ից դասավանդում է նաև Երևանի պետական մանկավարժական ակադեմիայի պարի ամբիոնում: 2007թ-ին ստացել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում: 2010թ-ին Երևան քաղաքի քաղաքապետի որոշմամբ պարգևատրվել է «Երևանի զինանշան» հուշամեդալով: 2015թ.-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված "Մնջախաղի և մոնոդրամայի միջազգային փառատոնին" արժանացել է ոսկե մեդալի: 2016թ-ին ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացել է ոսկե մեդալի: Ունեցել է մի քանի տասնյակ դերակատարումներ թատրոնում, կինոյում, ինչպես նաև հեռուստատեսությամբ և ռադիոյվ, որոնցից կարելի է առանձնացնել Դմիտրի Քյոսայանցի «Խաբկանք» ֆիլմը, Գրիգոր Չալիկյանի հեռուստաբեմադրությունները, Խաչիկ Չալիկյանի «Խաչելություն» հեռուստաֆիլմում Կոմիտասի դերը, Խաչիկ Չալիկյանի «Անպոչ Ճգնավորը» ֆիլմերում Խոռի կերպարը, Արամ Շահբազյանի «Չնչիկը» ֆիլմում հոր կերպարը, ամերիկյան ռեժիսորներից մեկի «Այստեղ» ֆիլմում՝ նույնպես հոր դերը, Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին» ֆիլմում Գրիգոր Լուսավորչի կերպարը և այլն: Խաղացել և բեմադրել է մի շարք ներկայացումներ՝ հեղինակային սցենարներով, այդ թվում «Արթմնի երազ», «Մետամորֆոզ», «Գեներ», «Դևը», «Շրջանակից դուրս», ինչպես նաև իրականացրել է նշանավոր դրամատուրգների և գրողների ստեղծագործություններով բեմադրություններ, որոնցից կարելի է առանձնացնել Էդուարդ Օլբու «Դեպք կենդանաբանական այգում», Ֆ.Մ. Դոստոևսկու «Գրառումներ ընդհատակից», Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիսի հրաշագործությունը» և «Կապույտ թռչուն», Յան Քրիստիան Անդերսոնի «Ջրահարսը» և այլն:

Յուրի Կոստանյանը Անկախության օրը` 2018թ-ի սեպտեմբերի 21-ին, իրականացրեց ուխտագնացություն Երևանից մինչև Սևանա լիճ՝ Խանջյան փողոցից մինչև թերակղզի՝ առանց կանգ առնելու մոտ 70 կմ քայլելով: Ուխտագնացության նպատակն է մեզ՝ հայերիս, ինչպես նաև այժմյան Հայաստանի և Արցախի տարածքում ապրող այլազգի մարդկանց հորդորել՝ սրբորեն պահել ու պահպանել անցյալից մնացած միակ ժառանգությունը, բնության հրաշալիքը…