Առողջապահություն

Գիտնականները բացահայտել են մահացու ժանտախտի պատճառը

Յուստինյան ժանտախտը և Սև մահը ամենամահացու համաճարկներից են: Դրանք երկուսն էլ դարձել են Եվրոպայի բնակչության գրեթե կեսի մահվան պատճառ: Այժմ միջազգային հետազոտական մի խումբ պարզել է, որ այդ երկու համաճարակներն էլ առաջացել են միևնույն մանրէի տարբեր շտամների պատճառով:
Յուստինյան ժանտախտը բռնկվել է 6-րդ դարում: Ենթադրվում է, որ այն դարձել է 30-50 միլիոն մարդու մահվան պատճառ Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի, Արաբիայի և Եվրոպայի տարածքում: Սև մահը բռնկվել է գրեթե 800 տարի առաջ՝ պատճառ դառնալով մոտ 50 միլիոն մարդու մահվան (Եվրոպայում):
 
Գիտնականներն ասում են, որ շատ քիչ բան գիտեն Յուստինյան ժանտախտի պատճառների մասին և չգիտեն`  արդյոք այն կապ ունե՞ր Սև Մահվան հետ: Նպատակ ունենալով պարզել դա`   գիտնականներն ուսումնասիրել են Բավարիայում թաղված Յուստինյան ժանտախտի զոհերի ատամների կարճ ԴՆԹ-ի հատվածներ:
 
Համաձայն գիտնականների`   այս ԴՆԹ-ները մինչ այժմ հայտնաբերված ամենահին պաթոգեն գենոմներն են: Գիտնականները, օգտագործելով ԴՆԹ-ի կարճ հատվածները, վերականգնել են հնագույն Յուստինյան ժանտախտն առաջացրած բակտերիան: Այնուհետև ժանտախտի գենոմը համեմատվել է այդ մանրէի ժամանակակից շտամների հետ:
 
Յուստինյան "Y. pestis"-ի շտամը`   «էվոլյուցիոն փակուղի»
 
Այս ուսումնասիրության շնորհիվ գիտնականները պարզել են, որ "Y. pestis"-ի շտամը, որը պատասխանատու էր Յուստինյան ժանտախտի համար, եղել է «էվոլյուցիոն փակուղի» և տարբերվում է այն շտամներից, որոնք դարձել են Սև մահվան և մյուս համաճարակների պատճառ:
 
Մեկնաբանելով բացահայտումները`   Դեյվ Վագները Հյուսիսային Արիզոնայի համալսարանից ասում է. «Մենք գիտենք, որ "Y. pestis" մանրէն ողջ պատմության ընթացքում անցել է կրծողներից մարդուն, իսկ կրծողների ժանտախտային զանգվածներ մինչ օրս տարածված են աշխարհով մեկ:
 
Եթե Յուստինյան ժանտախտը կարող էր բռնկվել մարդկային զարգացման ընթացքում, հանգեցնելով զանգվածային համաճարակի, և այնուհետև անհետանալ, ապա դա կարող է նորից կրկնվել: Բարեբախտաբար, հիմա մենք ունենք հակաբիոտիկներ, որոնք արդյունավետ կերպով բուժում են ժանտախտը, ինչը նվազեցնում է մեկ այլ լայնամասշտաբ մարդկային համաճարակի հավանականությունը»:
 
Բացահայտումները «հարցեր են բարձրացնում»
 
Գիտնականներն ասում են, որ իրենց բացահայտումները հարցեր են առաջացնում, օրինակ`   ինչո՞ւ է այն մանրէի շտամը, որը շատ հաջողակ տարածվել է և եղել շատ մահացու, վերջում ինքն է ոչնչացել: «Մեկ այլ հնարավոր բացատրություն է այն, որ կլիմայի փոփոխությունների պատճառով պայմանները դարձել են անհարմար ժանտախտի մանրէի`   բնության մեջ գոյատևելու համար»:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: