Հանրագիտարան

Սուրբ Սարգսի տոն

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Սբ. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Սբ. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու`   Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:
Արիության համար Սբ. Սարգսին Մեծն Կոստանդիանոս կայսրը (285-337թթ.) կարգում է իշխան և սպարապետ Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից`   իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը:
 
Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363թթ.) սկսվում են Քրիստոսի եկեղեցու և քրիստոնյաների նկատմամբ հալածանքները, Սբ. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալու կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան`   Մեծն Տրդատի թոռը`   Խոսրովի որդին: 
 
Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Սբ. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար:
 
Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում են հեթանոսությունից և դառնում քրիստոնյա:
Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է`   ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված`   Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը:
 
Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո Սբ. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Սբ. Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին`   Մարտիրոսը: Սբ. Սարգիսը բանտարկվում է և, աներեր մնալով իր հավատքի մեջ, գլխատվում: Նահատակվելուց հետո Սբ. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում:
 
Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Սբ. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում: Սբ. Սարգիսը ամենասիրված սրբերից է և պատահական չէ, որ Սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:
 
Ս. Սարգիս`   երիտասարդների և սիրո բարեխոս
 
Սբ. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Սբ. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: 
 
Սբ. Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է: Սբ. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ահավասիկ դրանցից մեկը: Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝ Շահ-Սանամին: Վերջինս ևս սիրում է նրան, բայց Աշուղն աղքատ էր, և աղջկա հայրն արգելում է նրանց ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն`   աշխատելու: 
 
Մինչև այդ Աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է առնում`   յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ: Այդ յոթ տարիները շատ դժվար են անցնում Աշուղ Ղարիբի համար: Նա զրկված էր իր գեղեցկուհուն տեսնելու հնարավորությունից, որևէ լուր չուներ նրանից, սակայն չէր հուսահատվում, այլ կարոտով սպասում այն օրվան, երբ նրանք կհանդիպեն, ընտանիք կկազմեն և ամբողջ կյանքը կապրեն միասին:
 
Յոթ տարի շարունակ գիշեր ու զօր աշխատելով`   Աշուղ Ղարիբը կարողություն է ստեղծում և տուն դարձի ճամփա ընկնում: Ճանապարհը լի էր փորձանքերով և խոչընդոտներով: Թվում էր, թե Աշուղ Ղարիբն իր հույսը պետք է կորցնի, չհասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված՝ նա ազնիվ սրտով և արդար մտքով աղոթում է Սբ. Սարգսին`   հայցելով արագահաս Սրբի օգնությունը:
 
Սբ. Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին և մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ: Աղջկա հայրը, տեսնելով Աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն և նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը: Սբ. Սարգսի տոնին նախորդում է Սբ. Գրիգոր Լուսավորչի հաստատած Առաջավորաց պահքը: Պահքը տևում է հունվարի 14-ից 18-ը:
 
Սբ. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը տան տանիքին կամ պատշգամբին դնելը և սպասելը Սբ. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին:
 
Ըստ ավանդույթի`   Սբ. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: 
 
Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Սբ. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: