Հանրագիտարան

Գամփռը դարձավ ազգային ցեղատեսակ

Միջազգային կինոլոգիական միությունը Հայկական գամփռ շնատեսակին շնորհեց Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակ: Գամփռը շների մի քանի տեղական տեսակ է՝ միավորված մեկ միասնական անվան տակ։ Գամփռը հազարամյակներ շարունակ եղել է Հայկական Լեռնաշխարհի շուն և մնում է հայ ժողովրդի հպարտության առարկան։
Հայկական լեռնաշխարհում բուծված շները բաժանվում էին հինգ առանձին խմբերի՝ հոտապահ շուն կամ գելխեղդ, բակապահ շուն կամ ուղղակի գամփռ, արջի որսի շուն կամ արջաշուն, փոթորկաշուն և բարակ կամ թազի։
 
Հայկական լեռնաշխարհում փոխանակության հիմքը ոչ թե ոսկին և արծաթն էր, այլ բնամթերքը կամ անասունը։ Շան գինը ևս որոշվում էր այդ փոխարժեքներով։ Մնձուր լեռներում մեկ ցեղական շան գինն էր 40 կոտ (640 կգ) ցորեն, կամ մեկ ձի, կամ մեկ կթան կով՝ հորթը հետը, կամ 10 ոչխար՝ գառներով։
 
Այնտեղ մեկ ցեղական շան համար կարելի էր վճարել նաև 80 կգ մեղր կամ 80 կգ յուղ կամ նույնքան բուրդ։
Եթե մնձուրցի գյուղացին փոխանակության համար որևէ միջոց չուներ, բայց ցանկանում էր հայկական ցեղական գամփռ ունենալ, պարտավոր էր 80 օր անվճար աշխատել շան տիրոջ համար։
 
Սասունում մեկ գելխեղդ շան համար վճարում էին նոր ծնած 10-12 ոչխար։ Մոտավորապես նույն գներն էին նաև Հայաստանի մյուս շրջաններում։ Առանձնապես երևելի շների գները հասնում էին մինչև 30-40 ոչխարի։
Իրականում, սակայն, գամփռ շան գինը շատ ավելի մեծ էր։ Գամփռի վրա զենք բարձրացնելը կամ սպանելը հավասար էր մարդասպանության։
 
2011թ.-ի փետրվարի 10-ին Միջազգային կինոլոգիական միության (ՄԿՄ) Մոսկվայում կայացած Ցեղային հանձնաժողովի նիստի ընթացքում ճանաչվել է Գամփռի ստանդարտը։
 
Նրան շնորհվել է Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակը, և այն գրանցվել է 204 համարի ներքո։ Համաձայն ընդունված ստանդարտի՝ ճանաչվում է Հայկական գամփռի կարճամազ տեսակը (մազածածկույթի երկարությունը՝ 2-ից 6 սմ)։
 
Որպես հայկական ազգային ցեղատեսակ՝ Հայկական գելխեղդ գամփռը ճանաչում ստացավ շնորհիվ Հայաստանի Կինոլոգիական, Կինոլոգիա-սպորտային միության (ՀԿԿՍՄ) նախագահ Վիոլետա Յուրիի Գաբրիելյանի։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: