Առողջապահություն

Ինչու են երեխաներին անհրաժեշտ վիտամիններ

Վիտամինները հայտնաբերել է ռուս գիտնական Լունինը: Նա պարզել է, որ օրգանիզմի բնականոն գործունեության համար, բացի սննդի հիմնական բաղկացուցիչ մասերից (սպիտակուցներ, ճարպեր ածխաջրեր), անհրաժեշտ են նաև այլ միացություններ, որոնց բացակայությունը հանգեցնում է տարբեր ախտաբանական վիճակների:
Վիտամինները սննդի անփոխարինելի բաղադրիչներն են: Որևէ վիտամինի անբավարարությունը կամ բացակայությունը հանգեցնում է նյութափոխանակության խանգարումների, որոնց հետևանքով նվազում է մարդու աշխատունակությունը, դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների, շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների նկատմամբ:
 
Վիտամինների անբավարարության հետևանքով առաջանում է թերվիտամինություն: Ծնողներից շատերը կարծում են, որ եթե երեխան ուտում է մեծ քանակությամբ միրգ և բանջարեղեն, ապա վիտամինների պակասը նրան չի սպառնում, սակայն դա այդպես չէ:
 
Ձմռանը վիտամինների պարունակությունը սննդամթերքում խիստ նվազում է: Դա անդրադառնում է օրգանիզմի բոլոր համակարգերի վրա`    մարսողական, նյարդային, շնչառական, մկանային, վնասվում են մաշկը, մազերը և եղունգները: Վիտամինային անբավարարություն կարող են առաջացնել նաև վիտամինների նկատմամբ օրգանիզմի պահանջը մեծացնող գործոնները:
 
Օրինակ`    այն կարող է առաջանալ ֆիզիկական և մտավոր զգալի բեռնվածության, նյարդահուզական լարվածության, օդի ցածր կամ բարձր ջերմաստիճանի ազդեցության, թթվածնաքաղցի դեպքերում, հղիության և երեխայի կերակրման շրջաններում (նույնիսկ եթե օրգանիզմ են մտնում բավարար քանակությամբ վիտամիններ):
 
Վիտամինային անբավարարությունն առաջանում է աստիճանաբար, իսկ կլինիկական դրսևորումներն առաջանում են ոչ անմիջապես: Այնպես որ, եթե Ձեր երեխան ոչ մի կերպ չի կարողանում արթնանալ մանկապարտեզ կամ դպրոց գնալու համար, դարձել է դյուրագրգիռ, շուտ է հոգնում, սկսել է շուտ մրսել և գունատ է, ապա դա վկայում է վիտամինային անբավարարության մասին:
 
Եթե միջոցներ ձեռք չառնվեն այն վերացնելու համար, ապա կարող է առաջանալ վիտամիանային լրիվ անբավարարություն կամ անվիտամինություն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: