Առողջապահություն

Ինչու են երեխաներին անհրաժեշտ վիտամիններ

Վիտամինները հայտնաբերել է ռուս գիտնական Լունինը: Նա պարզել է, որ օրգանիզմի բնականոն գործունեության համար, բացի սննդի հիմնական բաղկացուցիչ մասերից (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր), անհրաժեշտ են նաև այլ միացություններ, որոնց բացակայությունը հանգեցնում է տարբեր ախտաբանական վիճակների:
Վիտամինները սննդի անփոխարինելի բաղադրիչներն են: Որևէ վիտամինի անբավարարությունը կամ բացակայությունը հանգեցնում է նյութափոխանակության խանգարումների, որոնց հետևանքով նվազում է մարդու աշխատունակությունը, դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների, շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների նկատմամբ: Վիտամինների անբավարարության կամ պակասի հետևանքով առաջանում է թերվիտամինություն:
 
Ծնողներից շատերը կարծում են, որ եթե երեխան ուտում է մեծ քանակությամբ միրգ և բանջարեղեն, ապա վիտամինների պակասը նրան չի սպառնում: Սակայն դա այդպես չէ: Ձմռանը վիտամինների պարունակությունը սննդամթերքում խիստ նվազում է: Դա անդրադառնում է օրգանիզմի բոլոր համակարգերի վրա`   մարսողական, նյարդային, շնչառական, մկանային, վնասվում են մաշկը, մազերը և եղունգները:
 
Վիտամինային անբավարարություն կարող են առաջացնել նաև վիտամինների նկատմամբ օրգանիզմի պահանջը մեծացնող գործոնները: Օրինակ`   այն կարող է առաջանալ ֆիզիկական և մտավոր զգալի բեռնվածության, նյարդահուզական լարվածության, օդի ցածր կամ բարձր ջերմաստիճանի ազդեցության, թթվածնաքաղցի դեպքերում, հղիության և երեխայի կերակրման շրջաններում (նույնիսկ եթե օրգանիզմ են մտնում բավարար քանակությամբ վիտամիններ):
 
Վիտամինային անբավարարությունն առաջանում է աստիճանաբար, իսկ կլինիկական դրսևորումներն առաջանում են ոչ անմիջապես: Այնպես որ, եթե ձեր երեխան ոչ մի կերպ չի կարողանում արթնանալ մանկապարտեզ կամ դպրոց գնալու համար, դարձել է դյուրագրգիռ, շուտ է հոգնում, սկսել է շուտ մրսել և գունատ է, ապա դա վկայում է վիտամինային անբավարարության մասին: Եթե միջոցներ ձեռք չառնվեն այն վերացնելու համար, ապա կարող է առաջանալ վիտամիանային լրիվ անբավարարություն կամ անվիտամինություն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: