Հանրագիտարան

Աղանդավորություն

Աղանդավորությունը ուսմունք կամ վարդապետություն է համաշխարհային այս կամ այն կրոնում (քրիստոնեություն, իսլամ, բուդդիզմ և այլն), որ առանձնանում է պաշտոնական դավանությունից և հակադրվում նրան։ Աղանդավորության մեջ կրոնական կերպարանքով արտացոլվում են տարբեր սոցիալական խմբերի (գյուղացիական, արհեստավորական և այլն) սոցիալ-տնտեսական, քաղաքական և բարոյական շահերն ու ձգտումները։ Ժամանակակից կրոնները, որպես աղանդներ, ծագել են նախկին կրոնական համակարգերից։

Քրիստոնեություն

Աղանդավորական շարժումը միջնադարում ուղեկցել է մասնավորապես քրիստոնեությանը։ Քրիստոնեական աղանդավորական շարժումների սոցիալական հիմքը բնակչության պլեբեյական-գյուղացիական խավերն էին, որոնք պայքարում էին ֆեոդալական պետության ու իշխող եկեղեցու դեմ (պավլիկյաններ, բոգոմիլներ և այլն) ինչպես նաև բյուրգերականությունը (կաթարներ, ալբիգոյցիներ, վալդեսականներ)։
 
Հայաստանում
 
VI-V դդ. Հայաստանում տարածում ստացան բորբորիտների և մծնղեականների աղանդավորական շարժումները իսկ VII դ. սկիզբ առավ պավլիկյան շարժումը, որը մի քանի դար շարունակ ահաբեկման մեջ պահեց եկեղեցուն ու պետությանը, հոգեվոր ու աշխարհիկ իշխանություններին։ IX-XI դդ. Հայաստանում տարածվել է թոնդրակեցիների հզոր շարժումը։
 
Ռուսաստանում
 
Ռուսաստանում աղանդավորական ղեկավարները հանդես եկան բանվորների ու գյուղացիների հեղափոխական ելույթների ու սոցիալիզմի գաղափարների դեմ։ Նրանք թշնամաբար դիմավորեցին Հոկտեմբերյան հեղափոխությունը և քաղաքացիական պատերազմի ժամանակ պայքարում էին սովետական իշխանության դեմ։
 
Այլ երկրներում
 
Ֆեոդալիզմի քայքայման ու կապիտալիստական հարաբերությունների ձևավորման շրջանում առաջ եկավ կաթոլիկ եկեղեցու դեմ ուղղված աղանդավորական շարժումը, որը լայնորեն տարածվեց եվրոպական երկրներում, Հյուսիսային Ամերիկայում և Ռուսաստանում (անաբապտիզմ, մենոնիտներ, քվակերներ, ադվենտիստներ և այլն)։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: