Հանրագիտարան

Միջուկային պատերազմի սպառնալիքի դեմ պայքարի օր

Միջուկային պատերազմի սպառնալիքի դեմ պայքարի օրը նշվում է ամբողջ աշխարհում հունվարի 29-ին: Օրը նշելու հիմքը Դելիի հռչակագիրն է, որով կոչ է արվում պետություններին վերջ դնելու միջուկային սպառազինությունների մրցավազքին և նպաստելու միջուկային զինանոցների հետագա աստիճանական վերացմանը:
Միջուկային զենք
 
Պայթուցիկ սարք է, որն իր կործանարար ուժն ստանում է միջուկային ռեակցիաներից՝ կամ ճեղքումից, կամ ճեղքման և ձուլման համադրությունից: Երկու ռեակցիաներն էլ անջատում են հսկայական քանակության էներգիա անհամեմատ փոքրաքանակ հումքից։
 
Առաջին ատոմային ռումբի փորձարկման ժամանակ անջատվել է նույնքան էներգիա, որքան 20 000 տոննա տրոտիլից։ Առաջին «ջրածնային» ռումբի փորձարկման ժամանակ անջատվել է մոտավորապես նույն էներգիան, որքան տասը միլիոն տոննա տրոտիլից։
 
Միայն երկու միջուկային զենք օգտագործվել է պատերազմի ընթացքում: Երկուսն էլ Միացյալ Նահանգների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից առաջ։ 1945թ․ օգոստոսի 6-ին «Փոքրիկ տղա» կոդային անունով ատոմային ռումբը նետվեց ճապոնական Հիրոսիմա քաղաքի վրա։
 
Երեք օր անց՝ օգոստոսի 9-ին, «Գերմարդ» կոդային անունով ռումբը պայթեց Ճապոնիայի Նագասակի քաղաքում։ Այս երկու պայթյունների հետևանքով զոհվեց մոտավորապես 200000 ճապոնացի, հիմնականում՝ խաղաղ բնակիչներ։
 
Սկսած Հիրոսիմաից և Նագասակիյից՝ գրանցվել է փորձարկման կամ ցուցադրության նպատակով իրականացված մոտ 2000 միջուկային զենքի պայթեցման դեպք։ Միայն մի քանի երկիր ունեն այդպիսի զենք կամ կասկածվում են դրանց ստեղծելու փորձեր անելու մեջ։
 
Պայթեցրած միջուկային զենք ունեցող և իրենց այդպիսի զենք ունենալը հաստատող երկրներն են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Հնդկաստանը, Պակիստանը և Հյուսիսային Կորեան։
 
Բացի դա, ենթադրվում է, որ Իսրայելը նույնպես տիրապետում է միջուկային զենքի, սակայն նա չի ընդունում այդ փաստը։ Ենթադրվում է նաև, որ միջուկային զենք ստեղծելու փորձեր է անում Իրանի Իսլամական Հանրապետությունը։
 
Միջուկային զենքից հրաժարված երկրներ
 
1989թ. ՀԱՀ նորընտիր նախագահ Ֆրեդերիկ դե Կլերկի կոչով այդ երկիրը հրաժարվեց միջուկային զենքից`   խուսափելու սպառնացող մեկուսացումից և պատժամիջոցներից:
 
1992թ. երեք երկրներ`   Ուկրաինան, Բելառուսը և Ղազախստանը, որոնք իրենց տարածքում ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած միջուկային զենք ունեին, միացան Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին:
 
Պայմանագրի ստորագրումից հետո նրանց տարածքում տեղակայված միջուկային զենքը փոխանցվեց ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանին։ Փաստորեն այս չորս պետություններն են, որ երբևէ ունեցել են միջուկային զենք, իսկ այնուհետև հրաժարվել են դրանից։
 
Վերջին տարիներին փոփոխական հաջողությամբ բանակցություններ են վարվում նաև Հյուսիսային Կորեայի հետ`   փորձելով համոզել հրաժարվել միջուկային զենքից։
 
Միջուկային անվտանգությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները
 
Դրանցից ամենահայտնին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն է (ԱԷՄԳ), որը հիմնադրվել է 1957թ. ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության զարգացման համար որպես ՄԱԿ-ի համակարգում գործող միջկառավարական կազմակերպություն:
 
Կազմակերպության հիմնական գործառույթներից է անդամ երկրներում միջուկային ծրագրերի նկատմամբ վերահսկողությունը դրանց խաղաղ ուղղվածության մեջ համոզվելու նպատակով:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: