Առողջապահություն

Հիպնոս. բուժիչ հատկանիշները

Հիպնոս հասկացությունն առաջացել է հին հունական դիցարանի քնի աստված Հիպնոսի անունից: Այն հատուկ վիճակ է, որն առաջ է գալիս ֆիզիկական թույլ ու միօրինակ գրգռիչների և խոսքային ներշնչումների ազդեցության տակ: Հիպնոսի վիճակի խորացման հետ զուգընթաց ուժեղանում է մարդու ներշնչողականությունն ու տեղի են ունենում հոգեբանական խոր փոփոխություններ:
Հիպնոսը դեռևս շատ վաղուց օգտագործվում է որպես մարդու առողջական վիճակի բարելավման և ներքին ուժերի ակտիվացման միջոց: Մարդիկ դեռևս հնագույն ժամանակներից հայտնվում էին հիպնոտիկ վիճակների մեջ: Գիտությունն սկսեց հետաքրքրվել հիպնոսով միայն 1700-ական թվականների վերջին:
 
Հիպնոսացնողն այցելուին ներշնչանքի միջոցով կարող է մղել տարբեր գործողությունների, գցել նրան տարբեր հոգեվիճակների մեջ, ուժեղացնել կամ թուլացնել նրա իմացական գործընթացները: Ժամանակակից հիպնոսի հիմանդիրն է ավստրիացի հոգեբույժ Ֆրանց Մեսմերը:
 
Քննադատները միանգամից ժխտեցին միստիկ ուժի մասին տեսությունը, սակայն գիտնականները դեռ երկար տարիներ շարունակեցին քննել Մեսմերի այն գաղափարը, որ հիպնոտիկ էներգիան բխում է հենց հիպնոսացնողից և էական ազդեցություն թողնում հիպնոսացվողի վրա:
 
Հիպնոսը տրանսի վիճակ է: Տրանսպերսոնալ վիճակում մարդու գիտակցությունը խորքային փոփոխության է ենթարկվում, սակայն պրոֆեսիոնալ իրականացման դեպքում այն երբեք չի վնասում: Տրանսպերսոնալ վիճակում գտնվող մարդը շարունակում է լսել հիպնոսացնոսին և ենթարկվել նրա ներշնչանքների ազդեցությանը:
 
Հոգեբույժները պնդում են, որ ռելաքսացիան և հիպնոսն օգնում են մարդուն հանգստանալ, ներքուստ թուլանալ, քանի որ գիտակցությունը «անջատվում է» և սկսում ավելի քիչ մասնակցություն ունենալ մտածողական գործընթացում: 
 
Այդ վիճակում գտնվող մարդը գիտակցում է, թե ինչ է կատարվում իրականում, սակայն ամեն ինչ կարծես մթնշաղով պատված է լինում, քանի որ այդ ժամանակ ակտիվանում է ենթագիտակցականի աշխատանքը, որն էլ մարդուն դարձնում է ավելի ազատ, անկաշկանդ և զգայուն:
 
Հիպնոսի միջոցով ակտիվանում է նաև հիշողությունը: Մարդը կարող է հիշել այնպիսի երևույթներ, որոնց մասին առհասարակ մոռացել էր: Հիպնոսի միջոցով բուժում են այն մարդկանց, ովքեր մանկության տարիներին հոգեկան տրավմա են ստացել և դա այսօր նրանց խանգարում է առօրյա կյանքում:
 
Հիպնոսի միջոցով հնարավոր է նաև «մտացածին հիշողություններ» առաջացնել, սակայն հիպնոթերապևտը պետք է շատ զգույշ լինի, որպեսզի սխալմամբ «օտար» հիշողություններ չառաջացնի այցելուի մոտ և նրան չենթարկի իր կամքին: Հիպնոսը պետք է անցկացնել հոգեթերապևտիկ հատուկ սենյակում:
 
Հիպնոս անցկացնելու համար պարտադիր չէ մարդուն քնեցնել, հրահանգները կարելի է տալ գիտակցության համար նաև աննկատ ձևով`   քողարկելով դրանք որոշ միջոցների օգնությամբ: Հիպնոսացնողն անմիջականորեն ազդում է ոչ թե մարդու ֆիզիոլոգիայի, այլ նրա հույզերի և նյարդերի վրա:
 
Հիպնոս կարող են իրականացնել միայն շատ բարձր էթիկա ունեցող բժշկական, հոգեբուժական և հոգեբանական կրթություն ու վերապատրաստում ստացած մասնագետները: Այն նշանակվում է բժշկի կողմից և միայն այցելուի ցանկությամբ չի կարող իրականացվել:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: