Առողջապահություն

Խոսքեր, որ երբեք չի կարելի ասել երեխային

Յուրաքանչյուր մայր ցանկանում է, որ իր երեխան կատարյալ լինի: Դրա համար նա ուժ ու եռանդ չի խնայում, չի խնայում նաև խոսքեր: Սակայն բարկացած, գրգռված վիճակում մայրիկներն այնպիսի խոսքեր կարող են ասել, որոնք «անմեղ» ապտակից շատ ավելի ցավոտ կարող են լինել երեխայի համար: Փոքրիկը, լույս աշխարհ գալով, չի գիտակցում, որ իրեն արդեն սկսել են դաստիարակել: Նա պարզապես ուտել, խմել, խաղալ, քնել և սիրված է ուզում լինել: Երբ բարկացած եք, փորձեք վերադառնալ մանկություն և հասկանալ, թե ո՞ր խոսքերն են հենց Ձեզ ցավ պատճառել և խոր հետք թողել Ձեր հոգեբանության վրա:
«Ինչ փնթի ես…»
 
Ձեր կարծիքով նա երբեք չի սովորի «մարդավարի» ուտել, քայլել ուղիղ, ինքնուրույն հագնվել: Բայց միայն Ձեր երեխան չէ, որ տոնական հագուստով մտնում է ցեխաջրի մեջ, պատռում գուլպաները, կեղտոտում վերնաշապիկները, կաթը թափում հատակին և այլն: Երեխային այդ ամենի համար շարունակ նախատելով կհասնեք միայն այն բանին, որ նա Ձեր վախից անփութորեն կսկսի կրկնել այդ ամենը:
 
Իհարկե, մի օր նա ամեն ինչ էլ կսովորի, և Դուք հաճելիորեն կզարմանաք, թե նա ինչպես կերավ ապուրն առանց մի կաթիլ թափելու ծածկոցին: Ամեն ինչ իր ժամանակն ունի: Դա այդքան էլ հեշտ գործ չէ՝ կապել կոշիկների կապիչները, կոճկել բոլոր կոճակները վերևից ներքև և յուրաքանչյուրը հենց իր օղակում:
 
«Ոտքի տակ մի՛ ընկիր»
 
Հենց այն ժամանակ, երբ Դուք շտապում եք, նա ամեն վայրկյան հայտնվում է Ձեր առաջ ու խանգարում: Նրա պատճառով Դուք կաթը թափեցիք, որովհետև մանկական բեռնատարն ընկավ Ձեր ոտքի տակ, թխվածքն այրվեց գազօջախում, որովհետև հենց այդ պահին նրա մտքով անցավ Ձեզ իր հերթական հարցը տալ: Մի մեղադրեք նրան Ձեր առօրյա անհաջողությունների մեջ: Ժամանակը կգա, և նա ինքը կսկսի օգնել Ձեզ բոլոր կենցաղային հարցերում:
 
«Մ՛ի խանգարիր»
 
Եթե դուք աշխատում եք, և երեխան Ձեզ խանգարում է, մի գոռացեք նրա վրա այս խոսքերով՝ «Դուրս գնա սենյակից և դուռը փակիր»: Դա կօգնի ընդամենը 5 րոպե: Դուք զարմանո՞ւմ եք, թե ինչու նա չի կարող հանգիստ նստել իր անկյունում և խաղալ իր խաղալիքներով. չէ՞ որ նա ձանձրանում է առանց ծնողների:
 
«Եթե չքնես…»
 
Երեխան վախենում է մթությունից այնպես, ինչպես Դուք կվախենայիք, եթե միայնակ մոլորվեիք անտառում: Պետք չէ նրան վախեցնել՝ ասելով. «Եթե չքնես, Մեշոկ պապին կգա…» խոսքերով: Դուք Մեշոկ պապին չեք հավատում, իսկ նա հավատում է: Ինչո՞ւ նրան վախեցնել չար կախարդներով կամ էլ ասելով՝ «Ես քեզ ասացի քնել: Վե՛րջ, լույսն անջատում եմ»: Եվ հանգիստ խղճով կհեռանա՞ք՝ թողնելով նրան միայնակ «մութ անտառում»:
 
«Դու արդեն մեծ ես»
 
Երբեմն այս խոսքերը շատ օգտակար են: Նա արդեն մեծ է, որպեսզի չհարվածի իրենից փոքրերին, մեծ է, որպեսզի մի քիչ դիմանա, երբ ծարավ է կամ հոգնել է: Բայց նրան ցույց տվեք, որ մեծ լինելը միայն դժվարություններին դիմանալը չէ, մեծ լինելը նաև շատ ձեռնտու է, նա արդեն կարող է Ձեզ հետ հյուր գալ, գնալ թատրոն, կրկես:
 
Խնդիրը բոլորովին այլ է, եթե Ձեր ընտանիքում հայտնվել է 2-րդ փոքրիկը: Առաջնեկն սկսում է մեխանիկորեն համարվել մեծ, եթե նույնիսկ նա հազիվ երեք տարեկան է: Եվ կրկնելով, որ նա արդեն մեծ է, Դուք կարող եք նրան համոզել, որ իրեն այլևս չեն սիրում, սիրում են միայն փոքրիկին: Չե՞ք վախենում, որ նա կսկսի ատել այդ փոքրիկին:
 
«Չմոտենաս»
 
Պետք չէ փոքրիկի մեջ վախ սերմանել կենդանիների նկատմամբ: Եթե նա սկսի վախենալ շներից, ապա ինչպես կպահի իրեն էքստրեմալ իրավիճակներում: Մի մոտեցիր կրակին, ջրին, մի մտիր ջրափոսի մեջ, եզրին մի կանգնիր. այսպիսի արգելքների «շնորհիվ» նա կսկսի վախենալ ամեն ինչից, բացի իր սենյակի հատակից:
 
Երեխաները շատ ավելի զգույշ են, քան մենք կարծում ենք: Նրանք ամեն ինչ կանեն ինքնուրույն, միայն թե թեթևակիորեն օգնեք նրանց հաղթահարել դժվարությունները և նախազգուշացրեք վտանգի մասին:
 
«Դու հո տղա չես»/ «Դու հո աղջիկ չես»
 
Տղաներին այսպիսի խոսքեր ասում են, երբ նրանք վախենում են, լաց են լինում կամ էլ նեղացնում են աղջիկներին, իսկ աղջիկներին, երբ նրանք կռիվ են անում, թափթփում են խաղալիքները և այլն:
 
Բայց այսպիսի խոսքերի պատճառով աղջիկներն սկսում են կարծել, որ տղա լինելը ավելի ցածր «պաշտոն» է և ընդհակառակը: Աղջիկների ու տղաների միջև դեռ այնքա՜ն առիթներ կլինեն վեճերի ու միմյանց չհասկանալու համար: Մի՞թե արժե սրել նրանց հարաբերությունները վաղ մանկությունից:
 
«Ես քեզ կփոխեմ»
 
Նրա հերթական չարաճճիությունից բարկացած՝ երբեք մի ասեք. «Ես քեզ կփոխեմ մի ուրիշ երեխայի հետ, նա քեզ պես չէ, խելոք է, մաքրասեր»: Ճիշտ է, նա կվախենա ու կենթարկվի Ձեզ այդ պահին, բայց Դուք երբեք չեք իմանա, թե որքան խորը հետք կթողնեն դրանք նրա փխրուն ներաշխարհում:
 
Դեռահասության տարիքում Դուք կնկատեք նրա բարդույթները, որոնք արդյունքն են հենց այս խոսքերի, որոնց ճշմարտացիությանը Դուք «մի գրամ էլ» չեք հավատում: Մինչև 6 տարեկանը փոքրիկները հասկանում են շատ ավելի շատ, քան Ձեզ թվում է: Նրանց ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է մայրիկի վրա:
 
Նա Ձեր ոչ մի խոսքը բաց չի թողնում: Այդ դեռահասներն են, որ ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ ականջի հետև են գցում: Բանն այն է, որ նրանք արդեն մեծ աշխարհում են և գնալու տեղ ունեն, ունեն ընկերներ, որոնց հետ կարող են կիսվել:
 
Իսկ փոքրիկ երեխան, վիրավորվելով մայրիկից, չի կարող շրջվել ու տնից դուրս գալ: Առանց Ձեզ ինչպե՞ս: Նա չգիտի՝ ինչ պատասխանել Ձեզ, եթե Դուք ճիշտ չեք: Ձեր բարկացած ձայնը խոցում է նրա սիրտը: «Դրանք միայն բառեր են»,- կասեք Դուք, բայց շատ հաճախ նրանք շատ ուժեղ են խոցում: Մի մոռացեք, չէ՞ որ նա Ձեր փոքրիկն է, լավագույն փոքրիկն ամբողջ աշխարհում:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: