Հանրագիտարան

Մարիինյան թատրոնում առաջին անգամ բեմադրվեց «Սպարտակ» բալետը

1956թ. դեկտեմբերի 27-ին Լենինգրադի Մարիինյան օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ բեմադրվեց Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը:
«Սպարտակ» բալետը գրվել է 1954թ. (լիբրետոն`   Նիկոլայ Վոլկովի): Լիբրետոյի համար հիմք է ծառայել Ռ. Ջովանյոլիի «Սպարտակ» վեպը: 1959թ.-ին բալետն արժանացել է ԽՍՀՄ Լենինյան մրցանակի:
 
Բովանդակությունը
 
Պատկերված են մ. թ. ա. 74-71թթ. Հին Հռոմում թրակիացի Սպարտակի առաջնորդությամբ ստրուկների ապստամբության դեպքերը: Չորս գործողությամբ մոնումենտալ ստեղծագործություն է`   բազմապլան դրամատուրգիայով, սուր հակադրություններով և հոգեբանական ու զգացմունքային դիպուկ բնութագրերով: 
 
Լիբրետոյի հիմքում ազատության պայքարի համամարդկային գաղափարն է, որը պատկերված է ելևէջային ոլորտներով։ Սպարտակի բարոյական գեղեցկությանը, հարուստ ներաշխարհին, վեհ ձգտումներին հակադրվում են իրավազրկության բռնությունը, դաժանությունը մարմնավորող կերպարներն ու գաղափարները: 
 
Բալետի կերպարային և դրամատուրգիական կարևոր, ձևակառուցող տարրը գլխավոր գործող անձանց բնութագրող լեյտմոտիվներն են, որոնց լայն կիրառման շնորհիվ բալետի երաժշտությունն ընկալվում է որպես միասնական կուռ կառուցվածք ունեցող սիմֆոնիկ կտավ, հեղինակի բնորոշմամբ՝ «խորեոգրաֆիկ սիմֆոնիա»:
 
«Սպարտակի» երաժշտական լեզուն հարուստ է ու ինքնատիպ`   ազգային վառ նկարագրով։ 2001թ. Ռուսաստանի Դաշնության բանկը թողարկել է 100-ռուբլիանոց ոսկե հուշադրամ՝ նվիրված Մեծ թատրոնի 225-ամյակին, որի դարձերեսին պատկերված է այդ թատրոնում բեմադրված «Սպարտակ» բալետից մի տեսարան։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: