Հանրագիտարան

Սբ. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օր

Սբ. Պետրոսը Տիրոջ 12 առաքյալներից էր, ականատեսը Տիրոջ Պայծառակերպության և Հիսուսին առնչվող մյուս դեպքերի: Նա ձկնորս էր: Սբ. Պետրոսը Բեթսայիդա գյուղից էր: Նա առավել հայտնի է ավետարանական այն դրվագից, երբ Հիսուսին դավանում է որպես Կենդանի Աստծո Որդի:
Հիսուսի ձերբակալման գիշերը Պետրոսը երիցս ուրացել է Նրան, սակայն հետո խորապես զղջացել: Հոգեգալստից հետո նա բացատրել է հավաքվածներին կատարվածի իմաստն ու խոսել հարուցյալ Հիսուսի մասին: Հերովդես թագավորը ձերբակալել է նրան, բայց հրաշքով ազատվել է բանտից: Ըստ ավանդության՝ նահատակվել է Հռոմում`   գլխիվայր խաչվելով: Մեզ են հասել նրա երկու ընդհանրական նամակները:
 
Ծնվել է Կիլիկիայի Տարսոն քաղաքում առաջին դարի սկզբներին հռոմեական քաղաքացիություն ունեցող հրեա ծնողներից, որոնք ըստ Հերոնիմոսի՝ եկել էին Գալիլիայից: Նա վրանագործ էր: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, այնուհետև Երուսաղեմում`   աշակերտելով Գամաղիել օրենուսույցին: 
 
Նրա վկայության համաձայն`   եղել է փարիսեցի, խստորեն պահպանել օրենքի տառն ու հալածել քրիստոնյաներին: Սակայն Դամասկոսի ճանապարհին Հիսուսը երևացել է նրան, որից հետո Սողոսը`   հետագայում Պողոս առաքյալը, դարձել է Ավետարանի ամենաեռանդուն քարոզիչը: 
 
Նրան մկրտել է Անանիա առաքյալը: Կատարել է մի քանի ճանապարհորդություններ`   քարոզելով Աստծո խոսքը: Մեզ են հասել նրա 14 թուղթը: Ըստ ավանդության՝ նահատակվել է Հռոմում 67 թվականին՝ Ներոնի հալածանքների ժամանակ, և գլխատվել: Հայ Առաքելական Եկեղեցին Սբ. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակի օրը տոնում է Սբ. Ծննդին նախորդող Ավագ տոների ժամանակ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: