Հանրագիտարան

Սբ. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

Սբ. Ստեփանոսն ամենասիրված սրբերից է, Քրիստոսի սիրո վարդապետության համար նահատակված առաջինը մարտիրոսն է: Վարքագրական աղբյուրների համաձայն`   նա սերում էր Հուդայի թագավորական զարմից, Քրիստոսի ցեղակիցն ու օրինապահ ծնողների զավակն էր: Դեռևս պատանի Կայիափա քահանայապետի ծառան էր: Տիրոջը տուն տանելիս Ստեփանոսը գլխի վարշամակը փռում է Երկնավոր Վարդապետի ոտքերի տակ`   արտահայտելով իր անդավաճան ու անկեղծ սերը: Այս ամենը զայրացնում է քահանայապետին, որն էլ նրան դուրս է վռնդում: Ստեփանոսն ականատես է լինում Տիրոջ մահվանն ու թաղմանը, բայց վերստին ուրախանում առաքյալների հետ Աստվածորդու հրաշափառ հարությամբ:

Ըստ Հայ Եկեղեցու եռամեծ վարդապետ Ս. Գրիգոր Տաթևացու`   նա գնում է Պետրոս և Հովհաննես առաքյալների մոտ մկրտվելու: Մկրտության պահին ջրի վրա երևում է լուսապսակ: Այդ զարմանահրաշ դեպքից հետո նրան անվանում են Ստեփանոս, որը նշանակում է պսակավոր:

 

Հոգեգալստից հետո առաքյալները սեղաններն էին սպասարկում, կարիքավորներին նպաստներ բաշխում: Եվ օրեցօր Հիսուսին հավատացողների թիվն ավելանում էր: Քանի որ առաքյալներն ի վիճակի չէին հոգալ բոլորի կարիքները, ուստի իրենց հետևորդներին պատվիրում են, որ բարի համբավ ունեցող 7 մարդ ընտրեն սեղաններն սպասարկելու համար:

 

Ըստ Ղուկաս Ավետարանչի`   ընտրյալների մեջ էր նաև Սբ. Ստեփանոսը, «որ հավատով և Սբ. Հոգով լցված մի մարդ էր»: Առաքյալները Քրիստոսից ստացած իշխանությամբ ձեռնադրում են նրանց`   արժանացնելով սարկավագի պատասխանատու աստիճանին: Սբ. Ստեփանոսն Աստծուց տրված շնորհներով և զորությամբ զանազան հրաշքներ էր գործում ժողովրդի մեջ: Ժողովարանում շատերն էին փորձում վիճել նրա հետ, բայց նրա իմաստությունը ոչ ոք չուներ:

 

Ուստի չարակամները համոզում են որոշ մարդկանց, որ ասեն, թե Ստեփանոսը հայհոյում է Աստծուն և Մովսես մարգարեին: Գրգռելով ժողովրդին, քահանաներին և օրենսգետներին`   նրան ատյան են տանում: Սբ. Ստեփանոսն իր պաշտպանական ճառով ապացուցում է ներկաներին, որ Հիսուսն է խոստացյալ Մեսիան, իսկ հրեաներին հանդիմանում է իրենց խստասրտության համար:

 

Նրան քաղաքից դուրս քարկոծում են: Սբ. Ստեփանոսը դառնում է Քրիստոսի համար նահատակված առաջին վկան ու մարտիրոսը և այդ պատճառով կոչվում է նախավկա: Ըստ ավանդության`   Պողոս առաքյալի ուսուցիչ Գամաղիելը և նրա եղբայր Նիկոդեմոսը, որոնք Հիսուսի աշակերտներից էին, սրբի մարմինը թաղել են իրենց ագարակում: Շատ չանցած՝ Սբ. Ստեփանոսի մասունքները հայտնաբերել է Ղուկիանոս անունով մի երեց, և Երուսաղեմի Հովհան Հայրապետը դրանք դրել է Սբ. Սիոնում:

 

Ե դարում Հուլիանե իշխանուհին Երուսաղեմում հայտնաբերել է սրբի տապանակը, տարել Կ. Պոլիս, հետագայում բերել Վենետիկ`   ամփոփելով Սբ. Գևորգ կղզու մայր եկեղեցում: Սբ. Ստեփանոս Նախասարկավագն իր աներեր հավատով, սրբակենցաղությամբ, նվիրումով, ծառայասիրությամբ և մյուս առաքինություններով օրինակ է քրիստոնյաների համար:

 

Աղբյուրը`   www.qahana.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: