Հանրագիտարան

Մոնթե Մելքոնյանը Մարտունիի ռազմաճակատում

ԻՊՈւ 1993թ.ի ապրիլի սկզբին ավարտելով քելբաջարյան ռազմագործողությունը՝ ձեռնամուխ են եղել նոր մարտական գործողությունների։

Աղդամի կրակակետերի ոչնչացման նախապատրաստական մարտերի ժամանակ, 1993-ի հունիսի 12-ին, Մարզիլու գյուղում զոհվել է Մոնթե Մելքոնյանը։ Հունիսի 12-ին 2-րդ, 3-րդ, 5-րդ ՊՇ-ների և Կենտրոնական եզրակացության զորամասերը, 4-րդ ՊՇ-ի մի քանի ստորաբաժանումներ սկսել են Մարտակերտ քաղաքի և շրջանի բռնազավթված մասի ազատագրման խոշորամասշտաբ գործողությունը։ Ընկճելով հակառակորդի 3-րդ մոտոհրաձգային, ներքին զորքերի և տանկային բրիգադների զորամասերի համառ դիմադրությունը, հաղթահարելով համատարած ականադաշտերը և չեզոքացնելով օդում թշնամու ունեցած բացարձակ առավելությունը՝ հայկական ստորաբաժանումներն Աղդամի ուղղությունում գրավել են օպերատիվ ու մարտավարական նշանակության կարևոր բարձունքներ և դուրս եկել Աղդամ_Մարտակերտ մայրուղու բնագիծը։ Հակառակորդը, զգալի կորուստներ կրելով Մարզիլլու, Խրամորթ, Փափրավենդ գյուղերի շրջանում, ստիպված էր ռազմաճակատի Կուբաթլուի, Ջաբրայիլի և Մարտակերտի ուղղություններից այստեղ տեղափոխել կենդանի ուժ և տեխնիկա՝ դրանով իսկ բարենպաստ պայմաններ ստեղծելով Մարտակերտի լեռնային մասի ուղղությամբ հակահարձակման անցնելու համար։ Այդ ուղղությամբ տևական ու դաժան մարտերից հետո, 1993-ի հունիսի 26-ին, ազատագրվել են Մարտակերտի հեռուստաաշտարակի և «Պուշկենյալ» բարձունքները։

Նույն օրը 4-րդ ՊՇ-ի զորամասերը մտել են Մարտակերտ քաղաքը, որով փաստորեն ավարտվել է մարտակերտյան ռազմագործողությունը։ 3-րդ, 5-րդ, 6-րդ ՊՇ-ների զորամասերն անցել են տիրապետող բարձունքների, մասնավորապես Եդդիխրման, Բոզդաղ լեռների, Բոյահմեդլի, Փափրավենդ, Թազախաչինյալ, Աղդարա լեռնաշղթայի վրայով ձգվող գծի և հիմնական ճանապարհների պաշտպանությանը։ Մարտակերտ քաղաքի ազատագրումն ունեցել է ոչ միայն ռազմաքաղաքական կարևոր նշանակություն, այլև հնարավորություն է ստեղծել՝ վնասազերծելու Աղդամի հզոր կրակակետերը։ Մյուս կողմից, տեղական ուժերով անցկացված ռազմագործողությունների շնորհիվ Հադրութի շրջանում ազատագրվել են Նորաշենը, Այգեստանը ևն, վերահսկողության տակ են առնվել կարևոր, շրջակայքում տիրապետող բարձունքներ և ոչնչացվել հակառակորդի՝ Հադրութ շրջկենտրոնը և շրջակա բնակավայրերը հրետակոծող կրակակետերը։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: