Հանրագիտարան

Հյուսիսային ռազմաճակատի դիրքերում՝ 1994թ.

1994-ի փետրվարի 18-ին Քելբաջարի շրջանի հյուսիսային մասի և Օմարի բարձրադիր լեռնանցքի ազատագրումը կարևոր նշանակություն է ունեցել Մարտակերտի շրջանում ազատագրական մարտեր մղող ՊԲ ստորաբաժանումների թիկունքն ապահովելու առումով։

Վերահսկողություն է սահմանվել Օմարի ռազմավարական կարևորության լեռնանցքի վրա, գլխովին ջախջախվել է այդ ուղղությամբ ամիսներ ի վեր կուտակված հակառակորդի զինուժը, շարքից հանվել կամ առգրավվել են մեծ քանակությամբ տեխնիկա, զենք ու զինամթերք, այդ թվում՝ թուրքական արտադրության սպառազինություն (ավելի քան 16 միավոր մարտական տեխնիկա, 5 հաուբից, 1 ինքնագնաց ականանետ)։ Օմարի ռազմագործողության հաջող ելքը կանխորոշել է նաև հյուսիսային ռազմաճակատում ՊԲ ստորաբաժանումների առաջխաղացման հաջողությունը։ Ընդհանուր առմամբ, փետրվարին թշնամին կորցրել է ավելի քան 2 տասնյակ միավոր զրահատեխնիկա և շուրջ 1000 զինվոր ու սպա։

1994-ի փետրվարի 28-ին և մարտի 1-ին Երևան ու Բաքու են ժամանել Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Գ. Կոնդրատևը և հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Վ. Կազիմիրովը՝ աջակցելու 1994-ի փետրվարի 18-ի ՀՀ-ի, ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև զինադադարի մասին ձեռք բերված համաձայնության իրականացմանը։ Այս կապակցությամբ ՊԲ զորամասերն ու ստորաբաժանումները հրաման են ստացել մարտի 1-ից դադարեցնել կրակը։ 1994-ի գարնանային պատերազմաշրջանի խոշորամասշտաբ ռազմագործողությունների արդյունքում, երկուստեք մեծաքանակ մարդկային, իսկ Ադրբեջանի համար նաև տարածքային կորուստներն անհեռանկար են դարձրել պատերազմի շարունակումը։ Ի հավելումն դրա, Մարտակերտի ու Աղդամի շրջաններում ՊԲ սրընթաց հակահարձակման և հակառակորդի՝ ԼՂՀ-ին սահմանակից վերջին ռազմահանգրվանի՝ Միրբաշիրի կորստյան սպառնալիքի տակ Ադրբեջանում հասունացել է նաև ներքաղաքական նոր ճգնաժամ, ինչն ստիպել է հակառակորդին հաշտվել ու համակերպվել ստեղծված իրավիճակի հետ։ 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: