Հանրագիտարան

Հանրահավաք Ստեփանակերտում՝ 1988թ

Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից (1988-ի փետրվար) Ադրբեջանում սկսվել է սանձարձակ հակահայկական քարոզչական պատերազմ։

«Հայերին բնաջնջել, հողն արյամբ նվաճել» և այլ մոլեռանդ կոչերով հագեցած ադրբեջանական պետական քարոզչությունը գրգռել է ամբոխին, ինչի հետևանքով Ադրբեջանում սկսվել են հայերի նկատմամբ բացահայտ բռնարարքներ ու ջարդեր։ Հակառակորդը դիմել է տնտեսական շրջափակման ամենատարբեր ձևերի՝ արտաքին աշխարհից, մանավանդ Հայաստանից ԼՂԻՄ-ի մեկուսացմանը, ժողովրդատնտեսական բեռների, սննդամթերքի, վառելանյութերի և առաջին անհրաժեշտության այլ իրերի ներկրման կամ տեղափոխման արգելակմանը ևն։ Դադարեցվել է երկաթուղային շարժակազմերի և բեռնատար ավտոմեքենաների մուտքը ԼՂԻՄ, արգելափակվել են մարզի ներքին հաղորդակցության ավտոճանապարհները։ Սկսվել են Սումգայիթի, Գանձակի, Բաքվի հայ բնակչության ջարդերն ու տեղահանությունները (տես Սումգայիթի ջարդեր, Բաքվի ջարդեր, Կիրովաբադի ինքնապաշտպանություն), որոնք պատերազմական գործողությունների յուրօրինակ դրսևորում էին՝ ուղղված Արցախի ու արցախցիների դեմ, քանի որ այդ քաղաքների հայերի մեծ մասը արցախյան ծագում ուներ կամ ծնվել էր հենց Արցախում։ Ադրբեջանական ագրեսիայի առաջին թիրախներ են դարձել Հյուսիսային Արցախի բնակավայրերը։ Դեռևս 1987-ի վերջերին Ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ ստորաբաժանումները բռնություններ են իրագործել մարշալներ Հովհաննես Բաղրամյանի ու Համազասպ Բաբաջանյանի ծննդավայր Չարդախլու գյուղում և այն հայաթափել։ Դա և 1990-ի հունվարի 12–14-ին Ազատի, Գետաշենի ու Մանաշիդի վրա հարձակումները դարձել են Հյուսիսային Արցախի հայության բացահայտ բռնի տեղահանության սկիզբը, ինչն ավարտին է հասցվել հակամարտության հերթական փուլի ընթացքում։

Ագրեսիայի այդ նախապատրաստությունները, այդ թվում՝ 1988-ի փետրվարից մինչև 1991-ի ապրիլն ընկած ժամանակամիջոցում ադրբեջանցիների ավազակախմբերի, Ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ ՄՀՆՋ-ի և ԽՍՀՄ ներքին զորքերի ստորաբաժանումների համատեղ պատժիչ գործողությունները, անձնագրային ռեժիմի պահպանման քողի տակ իրականացված ձերբակալությունները, բռնությունները և սպանությունները, արցախահայությանն ի վերջո կանգնեցրել են զինված ինքնապաշտպանության դիմելու անհրաժեշտության առջև։ Մանավանդ, 1991-ի ապրիլի 30-ին Կենտրոնի ձեռնարկված «Օղակ» ռազմական գործողությունը, որի ընթացքում հայաթափվել են Հյուսիսային Արցախի Գետաշեն ու Մարտունաշեն բնակավայրերը, Հադրութի շրջանի ծայրամասային գյուղերը և Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշըրջանը, փաստորեն հաստատել է հիմնահարցը պատերազմի միջոցով լուծելու Ադրբեջանի որդեգրած քաղաքական գծի անշրջելիությունը։ ՂԱՊ-ը կարելի է բաժանել 5 հիմնական փուլերի, որոնք ընդմիջվել են ընդհանուր և կարճատև օպերատիվ հրադադարներով։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: