Հանրագիտարան

Հայկական բանակը հին և միջին դարեր

Դեռ հին դարերում մեր ժողովուրդը կազմավորել է զինված ուժեր: Հայկական զորքերի կառուցվածքային բաժանումները, ինչպիսիք են գունդը, գումարտակը, վաշտը, երբեմն նաև հարյուրյակը, հիշեցնում են ժամանակակից բանակի կառուցվածքային հիմնական գծերը:

Օտար աղբյուրներից մեզ հասած վկայությունները հայկական բանակի հաջողությունների, Հայաստանի բանակային կարգուկանոնի, զինվորների`   իրենց հրամանատարներին նվիրվածության մասին  (նաև`   հակառակորդ կողմի զորավարների հիացմունքի խոսքերը) ապացույցն են այն բանի, որ դեռևս հին դարերից հայկական բանակում զինվորական դաստիարակությունը եղել է բարձր դիրքերի վրա, ունեցել հստակ նպատակաուղղվածություն: «Ըստ Ստրաբոնի`   հայկական ռազմական արվեստը հին աշխարհի շատ ժողովուրդների և երկրների ռազմական հզորության մակարդակը գնահատելու որոշակի փորձաքար էր հանդիսանում»: Հայկական բանակը հռչակված էր ոչ միայն փայլուն ռազմարվեստով, այլև բանակում տիրող ապշեցուցիչ բարոյահոգեբանական մթնոլորտով: Բուզանդի մոտ կարդում ենք, որ Շապուհը, Հայաստանում կրած մի խոշոր պարտությունից հետո վերադառնալով հայրենիք, հիացմունքով պատմում է հայկական զորքի մասին. «Մի ուրիշ բանի վրա էլ եմ զարմացած…Հայաստանի գնդի միասիրտ հավատարմության և տիրասիրության վրա…Այո,-ասում էր նա, – Երանի~ նրան, որ Հայոց գնդի տերն է, այնպիսի տիրասեր, միաբան և հավատարիմ զորքի»:

Ի տարբերություն հին դարերի այլ զորաբանակների, որոնց հաջողությունը հաճախ պայմանավորված էր լինում ավարառությամբ, նյութական շահը խրախուսելու մեթոդով, հայկական զորքերի ուսուցման և դաստիարակության հիմքում որպես կանոն ընկած էր գաղափարաբարոյական և ֆիզիկական դաստիարակությունը:

Այս երևույթը բխում էր ժամանակի քաղաքական իրավիճակի առանձնահատկություններից, մի կողմից`   պետության ներսում բազմաթիվ իշխանությունների առկայությունը, որոնք ցանկացած պահի կարող էին ապստամբել, մյուս կողմից`   դրսից անընդհատ սպառնացող ներխուժման վտանգը պահանջում էին համախմբվածություն: Անհրաժեշտ էր այնպիսի գաղափարախոսական հենքի առկայություն, որը կմիավորեր առանձին իշխանական տները, նրանց կկենտրոնացներ պետական շահերի շուրջ: Դեռ 4-5-րդ դարերի գաղափարա-բարոյահոգեբանական արժեքները նպաստում էին հատկապես սպայակույտի շարքերը համալրող պատանիներին`   հայկական բանակի ելակետային նպատակների և ավանդական վարքուբարքի համաձայն դաստիարակելուն, ինչպես նաև հայրենիքի և ժողովրդի առջև պարտականություններն ընդգծելուն:

Տիրասիրության ոգով դաստիարակությունը անհրաժեշտ էր ոչ միայն ցածր խավի զինվորականությանը, այլև զինվորական բարձր աստիճանի հավակնող ազնվականների զավակներին: Եվ սա դեռ  վաղ հասակից սերմանվում էր հատկապես ազնվականական տների տղաների մեջ, որոնք երկրի ապագա ղեկավարներն ու զորավարներն էին: Փ. Բուզանդի պատմության մեջ կարդում ենք Մամիկոնյանների առանձնահատուկ տիրասիրական դաստիարակության մասին. բոլորը, և հատկապես սպարապետական տունը, իր արու զավակներին ուսուցանում էր, որ նվիրական և անձեռնմխելի է թագավորական անձը, եթե նույնիսկ օտարազգի է:

Տիրասիրությամբ Մամիկոնյաններից հետ չէին մնում նաև նախարարական այլ տոհմերի ներկայացուցիչները: Սրա մասին է վկայում, օրինակ, Անգեղ տան իշխան Դրաստամատ ներքինու վարմունքը, երբ իր ծառայությունների համար  Շապուհ արքայի առաջարկած շնորհների փոխարեն նա գերադասում է միայն մեկ օրով Անհուշ բերդում  ծառայել բանտարկված Արշակ Արքային: Երբ Արշակը ինքնասպան է լինում, դրան հետևում է նվիրված ներքինու ինքնասպանությունը:

Բանակում կարևորվում էր նաև հրամանատարի հոգատարությունը զինվորի նկատմամբ: Այդ իսկ պատճառով, հին Հայաստանում գործող կարգի համաձայն, ազնվականների տղա երեխաները ուսանում էին իրենցից մեկ աստիճանով ցածր ազնվականի մոտ և ուսման ողջ ընթացքում ապրում նրա տանը, որպեսզի ապագա հրամանատարը հնարավորինս լավ ճանաչեր իր ենթականերին, մոտիկից ծանոթանար նրանց կարիքներին ու հոգսերին:  Նմանատիպ մոտեցում կար նաև միջնադարյան եվրոպական ասպետների դաստիարակության գործընթացում:

Հասակ առնելու հետ պատանուն նաև քաղաքացիական դաստիարակություն էին տալիս: Նրան մեծ հարգանք էր ներշնչվում ազնվականական տան գլխավորի`   հոր նկատմամբ: Այնուհետև հայ պատանու մեջ  ամրագրվում էր ընտանեսիրության զգացումը: Այս երկուսը անհրաժեշտ էին տոհմիկ  հոգևոր ժառանգությունը սերունդներին փոխանցելու և գերդաստանական պատիվը բարձր պահելու համար:

Ֆիզիկական պատրաստվածությանը հին և միջին դարերում առանձնահատուկ տեղ էր տրվում արու զավակների դաստիարակության համակարգում, հատկապես`   ազնվականների երեխաների մեջ: Դեռ մանկությունից այն ծառայում էր սերնդի ֆիզիկական ամրության ու զուտ զինվորական դաստիարակության նպատակին: «Հայաստան շրջապատուած միշտ անողոք ու նենգավոր թշնամիներ է, հաստատուն բանակէն զատ`   զոր կը պահեր, հարկադրուած էր իւր բոլոր զաւակներն ալ հմտացնել զինաշարժութեան մեջ: Եւ երբ ռազմի փողը հնչէր, անոնք արդէն զինուոր, ուղղակի ճակատ կերթային կռուելու»:

Հայկական բանակն իր մարտունակությամբ հռչակված էր Հին աշխարհում: Ուշագրավ է այն փաստը, որ հետագա դարերում`   անկախության և պետականության կորստից հետո անգամ, այն պահպանեց իր դերը և համարումը, սկզբում`   Սասանյան Պարսկաստանի, այնուհետև`   Արաբական Խալիֆաթի տիրապետության շրջանում: Զարգացում ապրեց նաև հաջորդ դարերում և 9-րդ դարում մեծապես օժանդակեց Հայոց պետականության վերականգնմանը`   Բագրատունիների գլխավորությամբ:

11-րդ դարում`   Բագրատունյաց Հայաստանի անկումից հետո, հայկական զինված ստորաբաժանումները պահպանեցին իրենց գոյությունը`   պայքարելով օտար զավթիչների դեմ`   օգտվելով նպաստավոր պահերից, փորձելով վերականգնել հայրենիքի անկախությունը: Մի բան որ հաջողվեց Կիլիկյան հայկական թագավորության ստեղծումով (12-14 դ.դ.)Այդպիսի նպաստավոր պահերից մեկն էր 18-րդ դարի քսանական թվականների իրավիճակը: 18-րդ դարի սկզբներին հայրենիքի նկատմամբ իր անդավաճան սիրով և հրամանատարական բարձր որակներով փայլեց հայ մեծանուն հերոսներից մեկը`   Դավիթ Բեկը:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: