Հանրագիտարան

Հայկական բանակը 1-ին հանրապետության օրոք

Ազգային հայկական բանակը մի նոր որակով վերստեղծվեց Հայաստանի 1-ին Հանրապետության օրոք: Հայաստանի Հանրապետության բանակի սպայական կազմը հիմնականում ռուսական զինվորական գիմնազիաներ ավարտած, Առաջին Համաշխարհային պատերազմին մասնակցած կադրեր էին:
«Համառոտ տեղեկություններ Հայաստանի Հանրապետության մասին» պաշտոնական տեղեկագրի «Զորք» հատվածում նշվում է. «Հայկական բանակը կազմված է ռուսական սիստեմով և կառավարվում է ռուսական զինվորական կարգերով: Հրամանատարական /սպայական/ կազմը իր կրթությունն ստացել է ռուսական դպրոցներում, զինվորների մեծ մասը ծառայած և վարժված է ռուսական բանակի մեջ: Բոլշևիկյան շարժումներից հայկական զորքերը, ինչպես և առհասարակ Հայաստանի բնակչությունը, մնացին միանգամայն ազատ: Կարգապահությունը բանակի մեջ միանգամայն բավարար է, գիտակցությունը և կարգապահությունը`   շատ բարձր»… «Գլխավոր շտաբը, ինչպես և առանձին մասերի հրամանատարությունը, կազմված է զինվորական լրիվ կրթություն ստացած, կարգապահ սպաներից, որոնց մեծ մասն ունի ռուսական բարձր աստիճանների շքանշաններ:… Զինվորական ուսումնական հաստատություններն էին Գլխավոր շտաբի սպայական նախապատրաստական դպրոցը, ինչպես նաև հայկական առանձին բրիգադին և անասնաբուժական լազարեթին կից գործող ուսումնական դարբնոցները»:
 
Առաջին Հանրապետությունը փորձառու, պատերազմով անցած սպաների պակաս չէր զգում: Սրան պետք է հավելել այն փաստը, որ կադրային սպաների կողքին կային կամավորական խմբավորումներ, որոնց ռազմական փորձն ու վաստակը կասկած չէին հարուցում /Անդրանիկի  զորամասը, Պանդուխտ մշեցիների խումբը, սասունցիների ջոկատները և այլն/:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: