Հանրագիտարան

Բացվել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը

Մարտակերտի ճակատում ձեռնարկված այդ հակահարձակումների շնորհիվ նկատվել են դրությունը կայունացնող միտումներ։

Սակայն ԻՊՈւ հրամանատարության ուշադրությունը Մարտակերտի ճակատից շեղելու և այնտեղ վճռական հաջողության հասնելու նպատակով ադըրբեջանցիները հարձակողական գործողություններ են ծավալել Ասկերանի շրջանում և կարողացել են զավթել մի քանի պահակակետեր։ Մարտունիի շրջանում թշնամին ընդհուպ մոտեցել է Ճարտար և Մաճկալաշեն գյուղերին, ներխուժել Կարմիր Շուկա: Հայ մարտիկները հունիսի 28-ին, Մ. Մելքոնյանի ընդհանուր ղեկավարությամբ, հետ են շպրտել հակառակորդին, ինչը վերջ է դրել պաշտպանական գիծը գոնե մեկ ուղղությամբ ճեղքելու թշնամու ցանկությանը։

Այդ հաղթանակը ինքնավստահության նոր լիցք է հաղորդել ազատամարտիկներին, հակառակորդին խոցելու հնարավորությունը վերստին դարձել է առարկայական։ Հունիսի 28-ին թշնամին, Հադրութի շրջանում գրավելով Հողեր և Տող գյուղերի պահակակետերը, ներխուժել է Տողի գինեգործարան և 4 կմ խորացել գյուղի տարածքում։ Հայ մարտիկներին հաջողվել է թշնամուն հետ մղել և երեկոյան ազատագրել բոլոր պահակակետերը՝ բացի Ցորից։ Այս ճակատներում ԻՊՈւ մարտիկների հաջող դիմադրությունը, խափանելով ադրբեջանական հրամանատարության ծրագրերի իրագործումը, նպաստավոր պայմաններ է ստեղծել Մարտակերտի շրջանում լայնածավալ հակահարձակման համար։ Սակայն հունիսի 29-ին Լենինավանի, Չայլուի, Ջրաբերդի բարձունքների ուղղությամբ ձեռնարկված հակահարձակումը ձախողվել է։

Նույնը կատարվել է նաև հակահարձակման գլխավոր՝ Մարտակերտի ուղղությունում։ Հարվածի գլխավոր ուղղություններում ուժերը վերախմբավորելով և միջոցների գերակշռություն ստեղծելով՝ ԼՂՀ ԻՊՈւ ստորաբաժանումները Մարտակերտի շրջանում անցել են հակահարձակման։ Հուլիսի 11-ին, կեսօրից հետո, նրանք շարժվել են Ջանյաթաղ, Գյուլաթաղ և Մանիքլու գյուղերի ուղղությամբ։ Հուլիսի 12-ին արդեն Ջանյաթաղ, Գյուլաթաղ, Մեհմանա և Կուսապատ գյուղերն անցել են հայ ազատամարտիկների վերահսկողության տակ։ Դրանից հետո նրանք դիրքեր են գրավել Կուսապատ-Դրմբոն գոտում, որի ազատագրման ժամանակ տիրել են հակառակորդի 6 միավոր զրահատեխնիկայի և 1 «Գրադ» կայանքի, սպանվել են ադրբեջանական մի քանի տասնյակ զինվորներ։ ԻՊՈւ ստորաբաժանումները հուլիսի 14-ի երեկոյան անցել են Թարթառի ձախափնյակը, դժվարին մարտերով ազատագրել Չափար գյուղն ու ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Գետավանի կամուրջը, միաժամանակ հաջողվել է մոտենալ Սարսանգի ջրամբարին:

Հուլիսի 14-ին հակառակորդը հարձակվել է Կուսապատի բարձունքում տեղաբաշխված ԻՊՈւ պահակակետի վրա։ Հայկական ջոկատը արժանի հակահարվածով հետ է մղել հակառակորդի գրոհը և հուլիսի 15-ի գիշերը վերագրավել է Սարսանգի հիդրոհանգույցի ամբարտակը։ Նույն օրն ադրբեջանցիները հարկադրված թողել են նաև Գետավան գյուղը՝ կրելով կենդանի ուժի և տեխնիկայի նոր կորուստներ։ Հուլիսի 16-ի առավոտյան ԼՂՀ ԻՊՈւ ստորաբաժանումները լայնածավալ հարձակում են ձեռնարկել Ներքին Հոռաթաղ, Մեծշեն և Մոխրաթաղ գյուղերի ուղղությամբ։ Կատաղի մարտերից հետո հայ մարտիկներն ազատագրել են ռազմավարական կարևոր նշանակության մի քանի բարձունքներ։ Հուլիսի 20-ի երեկոյան հայ մարտիկներն ազատագրել են նաև Մարտակերտի շրջանի Մաղավուզ և Զագլիկ գյուղերը՝ վերահսկողության տակ պահելով Սարսանգի ջրամբարի ողջ ավազանը։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: