Հանրագիտարան

Աղդամի ազատագրումը

Աղդամը հակառակորդի ամենավտանգավոր ռազմական հենադաշտն էր ԼՂՀ ներխուժելու համար, մյուս կողմից, թշնամու ամենահզոր կրակակետերից մեկն էր, որտեղ ադրբեջանցիները ժամանակին տիրացել էին խորհրդային բանակի զինամթերքի խոշոր պահեստներին։

Հակառակորդը, բազմապատկելով Աղդամում կենտրոնացված սպառազինությունն ու կենդանի ուժը, տենդագին նախապատրաստվել էր վերսկսելու հարձակումը Ասկերան - Ստեփանակերտ ուղղությամբ։ Աղդամի և նրա շրջակայքում գտնվող կրակակետերի ճնշման ռազմական գործողությունները սկսվել են 1993-ի հուլիսի 4-ին։ ԻՊՈւ և ՊՇ ստորաբաժանումների՝ հարավից 2-րդ ՊՇ, հարավ-արևմուտքից 3-րդ ՊՇ և հյուսիս-արևմուտքից 6-րդ ՊՇ ստորաբաժանումների համաձայնեցված գործողությունները պսակվել են հաջողությամբ, և հուլիսի 23-ին Աղդամ քաղաքն առնվել է վերահսկողության տակ (տես Աղդամի ռազմական հենակետի վնասազերծման ռազմական գործողություն 1993)։ Աղդամի ռազմագործողության արդյունքում վերացել է Ստեփանակերտի վրա կախված մշտական վտանգը, մայրաքաղաքի ու շրջակա գյուղերի բնակիչներն ազատվել են հեռահար հրթիռահրետակոծություններից, հակառակորդին հասցվել է ռազմական ու բարոյահոգեբանական մեծ հարված, որովհետև Աղդամն ավտոճանապարհների, երկաթուղիների խոշոր հանգույց էր, այնտեղ էր նաև հանրապետական նշանակության օդանավակայանը։ Այդ հաղորդակցության կարևոր միջոցներից զրկվելը կաթվածահար էր անում ոչ միայն ԼՂՀ արևելյան, այլև հարավային սահմանների երկայնքով կենտրոնացած հակառակորդի խմբավորումների գործողություններն ու թիկունքի ապահովումը։ Հետևաբար պատահական չէր, որ այդ պարտությունից հետո Ադրբեջանի ղեկավարությունը դիմեց ԼՂՀ ղեկավարությանը՝ կրակի դադարեցման խնդրանքով։

Ադրբեջանն առաջին անգամ դիմեց ԼՂՀ-ի հետ ուղղակի շփումների։ Ստեղծված իրավիճակում հակառակորդի հարձակման միակ հնարավորությունն օդուժն էր, սակայն ԼՂՀ ՀՕՊ-ի կատարելագործված միջոցների առկայությունն ու հակաօդայինների մասնագիտական վարպետությունը կաշկանդել են հակառակորդի գործողությունները նաև օդում։ Կորցրածը հետ բերելու նպատակով ադրբեջանական հրամանատարությունը հարվածի հիմնական ծանրությունը փոխադրել է հարավարևելյան և հարավային ճակատ՝ Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի և Զանգելանի ուղղություններ։ Հակառակորդն ակտիվացել էր նաև Հադրութի ՊՇ ուղղությամբ, ինչը պայմանավորված էր այստեղ ադրբեջանական մեծաքանակ ուժերի առկայությամբ և հետագա կենտրոնացմամբ, ինչպես նաև հայկական ուժերի պաշտպանության ճակատային գծի ձգվածությամբ։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: