Հանրագիտարան

Ազատամարտիկները դիրքերում. 1992-ի հունվար

1992-ի հունվարի 19–20-ին ազատագրվել է Ստեփանակերտի արվարձան Կրկժանը, որից հետո հայ մարտիկները դիրքեր են զբաղեցրել տիրապետող բարձունքների վրա։ ներհակությունները։

Հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը Շուշիի սարահարթից հակառակորդը հարձակման է անցել Քարինտակի ուղղությամբ։ Սակայն հարևան գյուղերից և մայրաքաղաքից օգնության հասած ինքնապաշտպանական ջոկատների ճնշման տակ հակառակորդը հետ է քաշվել (տես Քարինտակի ինքնապաշտպանություն): 1992-ի փետրվարի 9–11-ի ընթացքում հակառակորդը կորցնելով Մալիբեկլուի և Ղուշչուլարի ռազմակայանները՝ հարձակման է անցել ռազմաճակատի ամբողջ երկայնքով։ Փետրվարի 14-ին Շուշիից առաջին անգամ Ստեփանակերտը հրթիռակոծվել է ՄՄ–21 «Գրադ» հրթիռահրետանային համազարկային կայանքով։ Մինչ այդ՝ 1991-ի սեպտեմբերի 25-ին՝ «Ալազան»-ով:

1992-ի հունվարի 13-ին Շահումյան ավանը հրթիռակոծվել էր «Գրադ»-ով։ Վերջինս միջազգային համաձայնագրով արգելված էր կիրառել խաղաղ բնակչության դեմ, բայց մշտապես օգտագործվել է շուրջ 70 հզ. բնակչությամբ Ստեփանակերտի ու շրջակա հայկական բնակավայրերի դեմ։ Փետրվարի 17-ին և 22-ին Ղարադաղլուի և Վերին Վեյսալուի ռազմական գործողությունները կարևոր հաղթանակներ էին Մարտունիի շրջանում միասնական ճակատ ու ապահով թիկունք ստեղծելու, ինչպես նաև այդ ուղղության ռազմաճակատն ամրացնելու առումով։

1992-ի փետրվարի 24-ին ԼՂՀ ԳԽ-ի նախագահությունը որոշում է ընդունել պետական համապատասխան կարգավիճակ շնորհել մինչ այդ տարերայնորեն ձևավորված կամավորական-ինքնապաշտպանական ջոկատներին։ Հերթական փայլուն հաջողությունը Խոջալուի կրակակետերի ճնշման ռազմագործողությունն էր (տես Խոջալուի ազատագրում)։ Խոջալուի ազատագրումով վերականգնվել է հաղորդակցությունը Ասկերան ավանի հետ, թշնամուց առգրավվել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, շրջափակման մեջ գտնվող արցախահայության համար վերականգնվել է արտաքին աշխարհի հետ հուսալի օդային կապը, կանխվել հակառակորդի՝ Ասկերանի կողմից Ստեփանակերտ ներխուժելու վաղեմի ծրագիրը, ծանր հարված է հասցվել Ադրբեջանի ռազմական մեքենային, էլ ավելի են սրվել Բաքվի իշխանությունների և ընդդիմության ներհակությունները։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: