Հանրագիտարան

ՀՀ զինված ուժերի զինանշանը

2001 թվականի հունվարի 23-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանը հաստատեց ՀՀ զինված ուժերի զինանշանը:
Զինանշանը պատկերված է վերևում`   ուղղանկյուն, ներքևում`   կիսաշրջանաձև վահանի վրա: Վերին եզրում հորիզոնական կապույտ ֆոնի վրա սպիտակ տառերով գրված է`   «ՀԱՅԱՍՏԱՆ», ներքևում`   կիսաշրջանին համապատասխան`   կապույտ գույնով «ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ» բառերը:
 
Վահանի մնացյալ դաշտը զինանշանային (հերալդիկ) տարրերով կազմված է հետևյալ պատկերային մասերից. կենտրոնում պատկերված է թևատարած արծիվ`   գլխով դեպի աջ շրջված, արծվի յուրաքանչյուր թևը բաղկացած է յոթական փետուրից (7 թիվը խորհրդանշում է արարչական շաբաթվա օրերի թիվը, կարող է արծվի գլխի հետ հասկացվել նաև պատմական Հայաստանի 15 նահանգները): Արծիվն իրականացված է մուգ կապույտ գույնով և կենտրոնական կերպար է զինանշանի վրա: Խոհրդանշում է ուժ, հզորություն, խորաթափանցություն, սլացք, կամք: Իհարկե, այդ բոլոր հատկանիշները բնութագրական են երկրի պահապան բանակին:
 
Արծվի գլուխը պատկերված է արևի կլոր սկավառակի վրա, որը նույնպես իմաստավորվում է. քանի դեռ կա արևը, կլինեն նաև Հայաստանն ու Հայոց զինված ուժերը: Արևի ճառագայթների վրա, արծվի թևերի բացվածքի մեջ պատկերված է Հայաստանի պետական խորհրդանիշ եռագույն դրոշը, որը հավաստում է, որ Հայաստանի զինված ուժերը գտնվում են պետության հովանու ներքո: Արծվի մարմինը կազմում է հայկական կլոր վահանը`   իրականացված ծիրանագույնի մուգ ու բաց երանգներով: Վահանը խորհրդանշում է, որ զինված ուժերը երկրի գոյության պատվարն ու պահապանն են:
 
Վահանի ներսում պատկերված է հավասարաթև խաչ, որ մեր քրիստոնեական ժառանգորդության ու հավատի առհավատչյան է:
 
Զինանշանային վերջին տարրը սուրն է: Այն հորիզոնական դիրքով գտնվում է վահանի տակ: Աջ կողմում երևում է սրի կոթը, ձախ կողմում`   սրի ծայրահատվածը: Սուրը խորհրդանիշն է մշտարթուն վիճակի և հանուն հայրենյաց պատրաստ է իջնել թշնամու գլխին: Զինանշանային պատկերագրության առումով, իր երևացող հատվածներով, սրի մասերը նաև խորհրդանշում են արծվի ճանկերը`   ամբողջացնելով արծիվ-զինված ուժեր խորհրդանիշը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: