Առողջապահություն

Վիտամինային «ահազանգ»

Վիտամիններն օրգանիզմում պատշաճ մակարդակի վրա են պահում նյութափոխանակությունը, հետևում են ֆերմենտների աշխատանքին, նյարդային ազդակների հաղորդումը և կատարում այլ կարևոր ֆունկցիաներ, եթե օրգանիզմ են մուտք գործում անհրաժեշտ քանակությամբ: Վերջինն իմանալու ամենաճիշտ միջոցը լաբորատոր հետազոտությունն է, սակայն կան նաև մի շարք արտաքին ախտանիշներ, որոնց հիման վրա խնդիրը կարող է տեսնել նաև ոչ բժիշկը:

Օրինակ, եթե օրգանիզմն առողջ է, ապա մազերը փայլուն և ամուր տեսք պետք է ունենան: Եթե մազերը չեն պահում սանրվածքի ձևը, խճճվում են, ունեն խամրած գույն, որին նույնիսկ սնուցող դիմակները չեն փրկում, ապա դա վիտամինային անբավարարության նշաններից մեկն է:

 

Գլխի չոր և քորվող մաշկը վկայում է վիտամին Е-ի պակասի մասին, իսկ եթե գլխամաշկի վրա առաջանում է դերմատիտ, ուստի նաև ռետինոլի (վիտամին А) կամ В խմբի վիտամինների պակաս, որոնք օգնում են գլխամաշկի սնուցմանը և դեպի մաշկային ծածկույթ նյարդային ազդակների հաղորդմանը:



Մազերի շատ յուղոտ լինելը ենթադրում է ռիբոֆլավինի պակաս, իսկ ուժեղ մազաթափությունը սովորաբար արդյունք է ֆոլաթթվի կամ վիտամին С-ի անբավարարության: Թեփն առաջանում է В12 և В6 վիտամինների կամ չհագեցած ճարպաթթուների պակասի դեպքում:

 

Առողջ եղունգները լավ են աճում և միագույն են, հարթ, իսկ հարեղունգային մասի մաշկը բաց վարդագույն է, առանց ճաքերի և անհարթությունների: Եթե եղունգները ճկվում են, շերտավորվում և ճաքում, վատ են աճում և ունեն անգույն տեսք, դեղնում են, ապա դա, ամենայն հավանականությամբ, խոսում է վիտամին С-ի պակասի մասին:

 

Խոր անհարթությունները վկայում են վիտամին А-ի կամ վիտամին Е-ի անբավարարության մասին, իսկ եթե մատները թմրում են, ապա, ամենայն ավանականությամբ, պետք է լրացնել В խմբի վիտամինների պակասը: Առհասարակ մաշկային ծածկույթները վիտամինային անբավարարության «հայելին» են:

 

Դեմքի մաշկի չորությունը, փոքր կամ մեծ կնճիռների առաջացումը, մաշկի գունատությունը հետևանք են վիտամին Е-ի կամ А-ի, ինչպես նաև նիկոտինաթթվի սակավության: Մաշկի յուղոտությունը և թեփոտումը կարող է մատնանշել վիտամին В2-ի, կորյակային ցանը (ուգրիներ) ճարպաթթուների և դրանց հետ մեկտեղ նաև ճարպալուծ վիտամինների պակասի մասին:

 

Ազդրերի և ուսերի վրա չորության և սագամաշկի առաջացումը խոսում է վիտամին А-ի և Е-ի պակասի մասին, իսկ երկար ժամանակ չվերականգնվող կապտուկները, հատկապես՝ ծնկների և բազուկների շրջանում վկայում են մաշկի անոթային խնդիրների մասին՝ պայմանավորված վիտամին Р-ի և վիտամին С-ի պակասով:

 

Մաշկի քորվող դերմատոզները՝ զուգակցված չափազանց շատ չորությամբ, առաջանում են В խմբի վիտամինների,  հատկապես՝ В3-ի կամ В6-ի վիտամինային անբավարարության արդյունքում յոդի անբավարարության հետ միասին:

 

Ընդհանուր առողջություն

Կան նաև վիտամինների անբավարարության բազմաթիվ այլ ախտանշաններ, որոնց մասին այս կամ այն կերպ ահազանգում է մարմինը, օրինակ`   շուրթերն ուժեղ չորանում են և ճաքճքում, լնդերը կարող են արյունահոսել, լեզվի վրա առաջանում է ճերմակ փառ, ախորժակը խաթարվում է և այլն:

 

Վիտամինային անբավարարություն ունեցող մարդը հաճախ հիվանդանում է, արյան ճնշումը փոփոխվում է, ձեռքի մատների ծայրերը դողում են, երեկոյան ոտքերն այտուցված են, հաճախ կարող է առաջանալ գլխացավ, անքնություն, մարդը դառնում է դյուրագրգիռ, վատ է հիշում ամսաթվերը և իրադարձությունները: 

 

Նման ախտանշանների առաջացման դեպքում պետք է խորհրդակցել թերապևտի կամ ընտանեկան բժշկի հետ և միայն նրա հետ ընտրել վիտամինային կոմպլեքսի տեսակը և ընդունման ձևը՝ հաբերով, պարկուճով կամ նույնիսկ ներարկման միջոցով:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: