Առողջապահություն

Ցրտահարության առաջին նշանները

Ձմռանը չմրսելու համար անհրաժեշտ է շարժվել։ Պետք չէ դողացնել, քանի որ այս դեպքում ավելի շուտ կմրսեք։ Պետք է անել ճիշտ հակառակը՝ թուլացնել ողջ մարմինը, զսպել դողը և կարգավորել շնչառությունը։ Ձմռանն ավելի լավ է շնչել քթով, հատկապես՝ ցուրտ եղանակին։

Տաքանալու համար կարող եք ձեռքի ափերը շփել իրար և թափահարել ձեռքերը։ Ընդ որում, ձեռքերը պետք է առավելագույնս թուլացած լինեն, իսկ մատները՝ ձգված։ Կարելի է օգտագործել նաև էսկիմոսների մեթոդը`   անհրաժեշտ է ձեռքերը ձգել մարմնի երկարությամբ, մատները լարել, բացել և ուսերն արագ-արագ, կտրուկ շարժել վերև-ներքև ուղղությամբ։ Արդեն տաքացած ձեռքերը կարող եք պահել թևատակերում կամ գրպանների մեջ։

Իսկ ոտքե՞րը։ Փորձեք շարժել ոտքի մատները, պարել, մի քանի անգամ կքանստել կամ տեղում վազել։ Եթե սառում են քիթն, այտերն ու ականջները, ապա շփեք դրանք ձեռքի չոր ափերով։

Եվ ամենակարևորը՝ չի´ կարելի տաքանալուց հետո կանգ առնել։ Շարունակեք շարժվել և ոչ մի դեպքում մի նստեք սառը նստարաններին, այլապես տաքանալու ձեր ջանքերը միանգամից ջուրը կընկնեն։

Հիշեք. ցրտահարվել կարելի է ոչ միայն ուժեղ ցրտից. կարևոր նշանակություն ունի նաև օդի խոնավությունը։ Որքան դրա մակարդակը բարձր է, այնքան ցրտահարվելն ավելի հեշտ է։ Ցուրտը կարող է վնասել մարմնի ոչ բոլոր հատվածները, այլ միայն`   այտերն, ականջները, քթի ծայրը, ձեռքերի ու ոտքերի մատները, սրունքներն ու դաստակները։ Օրինակ՝ որովայնը հնարավոր չէ ցրտահարել, որովհետև օրգանիզմը պաշտպանում է այնտեղ գտնվող կենսական կարևոր օրգանները։ Երբ մարմինը սառչում է, ողջ ջերմությունն սկսում է «հոսել» դեպի ամենակարևոր օրգանները, ու քանի որ մատները, ականջներն ու քիթը որովայնից հեռու են գտնվում, դրանց համար շատ քիչ ջերմություն է մնում։


Ընդունված է ցրտահարության երեք աստիճան։ Առաջին աստիճանի դեպքում վերջույթները, բացի ականջներից, անզգայանում են և գունատվում։ Դրանք միայն շատ ուժեղ կարմրում են, որովհետև գրեթե ամբողջությամբ կռճիկ են ու կաշի։ Ցրտահարության առաջին աստիճանի դեպքում անհրաժեշտ է չոր ձեռքերով (այլ ոչ թե ձյունով կամ ձեռնոցներով) վերջույթները շփել այնքան, մինչև դրանք տաքանան։ Նշենք, որ այս գործողությունը պետք է կատարել տանը և ոչ դրսում։ Խորհուրդ է տրվում նաև վերջույթները ընկղմել գոլ ջրի մեջ և աստիճանաբար ջրի ջերմաստիճանը բարձրացնել։ Այնուհետև պետք է դրանք սրբիչով լավ չորացնել և փափուկ շորով փաթաթել։

Ցրտահարության երկրորդ աստիճանի դեպքում մաշկի վրա փուչիկներ են առաջանում, համարյա այնպիսին, ինչպիսիք լինում են այրվածքների ժամանակ։ Անհրաժեշտ է հնարավորինս արագ դիմել բժշկի։

Երրորդ աստիճանի դեպքում մաշկի հյուսվածքներն սկսում են մահանալ, որը հնարավոր է հեռացնել միայն վիրահատական եղանակով։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: