Առողջապահություն

Ինչպես վարվել հիպերակտիվ երեխայի հետ

Նախատեսված է մանկավարժների և ծնողների համար

Մեզանից գրեթե բոլորը կյանքում գոնե մեկ անգամ հանդիպել են երեխաների, որոնց անվանում են «հիպերակտիվ»: Այս կարգի երեխաներն անմիջապես աչքի են ընկնում ամենուր`   փողոցում, տրանսպորտում, խանութում և դպրոցում։ Հիպերակտիվ երեխաները համընդհանուր ուշադրության առարկա են դառնում իրենց անտքնաջանության, իմպուլսիվության, որևէ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ չկարողանալու պատճառով։ Նրանք «անհարմար են», մարդուն գրգռում և հունից հանում են։

Շրջապատողների մեկնաբանությունները նման դեպքերում խիստ ավանդական են. «Ո՞ւր են նայում ծնողները, այ եթե իմ երեխան լիներ, ես նրան մի լավ դաս կտայի», «Ահա և այս ծնողների անուշադրության արդյունքը», «Մայրն ազատություն է տվել», «Հայրը ոչ մի անգամ անկյուն չի կանգնեցրել»։ Մինչդեռ միայն ծնողներին է հայտնի, թե որքան դժվար է նման երեխայի հետ, և թե որքան ջանքեր ու մեթոդներ են գործադրել իրենք, որպեսզի երեխան գոնե մի փոքր սովորի ինքն իրեն վերահսկել։

 
Հիպերակտիվ երեխան հեշտ փորձություն չէ ո´չ ընտանիքի, և ո´չ էլ շրջապատողների համար։ Հենց այսպիսի երեխաներն են ընկնում բարուրասեղանից, ընկնում մեքենաների անիվների տակ, մատները մտցնում վարդակների մեջ, շուռ են տալիս եռացրած ջրով կաթսաները, քաշում թափառական շների պոչից, ընկնում կոյուղու հորերի մեջ... Դպրոցում նման երեխաները բարդացնում են իրենց համադասարացիների և ուսուցիչների կյանքը. չեն կարողանում կենտրոնանալ, ամբողջ ժամանակ պտտվում են, խոսում, չարություն անում, կարող են դասի ժամանակ ծեծկռտուք սարքել կամ պարզապես սկսում են քայլել դասարանում։
 
Սակայն այն, որ առաջին հայացքից թվում է վատ վարքագիծ, անդաստիարակություն կամ քմահաճույքի արգասիք, հաճախ հանդիսանում է նյարդային համակարգի ֆունկցիաների լուրջ խանգարում։ Գոյություն ունեն մանկական հիպերակտիվության պատճառները մեկնաբանող տարբեր կարծիքներ։ Դա կարող է պայմանավորված լինել ժառանգական առանձնահատկությամբ, գլխուղեղի գործունեության յուրահատկություններով, ծննդաբերական վնասվածքներով, ինֆեկցիոն հիվանդություններով, որոնք երեխան տարել է կյանքի առաջին ամիսների ընթացքում։ Սակայն այս ամենը կարող է ախտորոշել միայն հմուտ նյարդաբանը հատուկ հետազոտություններ անցկացնելուց հետո։ 
 
Հիպերակտիվությունը կենտրոնական նյարդային համակարգի աննշան օրգանական փոփոխությունների արտահայտումն է, որի հիման վրա նկատվում են տարբեր նյարդային հակազդեցություններ, վարքագծի, ինչպես նաև խոսելու խանգարումներ։ Հիպերակտիվությունը կարող է լինել մարմնի մեծ զանգված ունեցող նորածնի մոտ ծննդաբերական վնասվածքի, ինչպես նաև տևական կամ, ընդհակառակը, արագընթաց ծծնդաբերության ժամանակ ստացված վնասվածքի արդյունք։
 
Վերջին ժամանակներում նյարդաբանները հաճախ ախտորոշում են «ուշադրության պակասի ախտանիշ հիպերակտիվություն» (ՈՒՊԱՀ), որի հետ են կապում վարքագծի խանգարումները և նախադպրոցական ու դպրոցական տարիքում ուսման մեջ դժվարությունները, շրջապատողների հետ փոխհարաբերությունների խնդիրները։ ՈՒՊԱՀ-ի հիմնական դրսևորումների մեջ են մտնում ուշադրության փոփոխությունները (նրա պակասը), իմպուլսիվության և հիպերակտիվության ախտանիշները։ Եթե հիպերակտիվության ախտանիշները երեխայի մեծանալուն զուգընթաց վերանում են, ապա ցրվածությունն ու իմպուլսիվությունը կարող են ուղեկցել մարդուն երկար տարիներ`   հիմք ծառայելով նևրոզի և սոցիալական անհարմարվածության համար։
 
Սակայն մանկական հիպերակտիվությունը կարող է ունենալ նաև այլ պատճառներ։ Այս պարագայում ծանրակշիռ խոսքը մասնագետինն է։ Ծնողները ոչ միշտ են ընդունակ հավուր պատշաճի գնահատել իրենց երեխային. նրանք կարող են չնկատել լուրջ շեղումները, մյուսները, ընդհակառակը, «տաքարյուն» երեխաներին բնորոշ ակտիվությունն ու հետաքրքրասիրությունը գնահատում են որպես նորմայից «շեղվածություն»։
 
Անկախ նման երեխաների հիպերակտիվության բնույթից`   չի կարելի նրանց ամբողջ ժամանակ նախատել և պատժել, քանի որ դա կարող է է´լ ավելի սաստկացնել նրանց վիճակը։ Սակայն լուրջ դեպքերում մասնագետի անընդհատ օգնությունը ցանկալի է, եթե ոչ պարտադիր։ Ինչպես ցույց է տալիս փորձը, լավագույն արդյունքների կարելի է հասնել միայն ծնողների, ուսուցիչների, հոգեբանի, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքային բուժում նշանակող նյարդաբանի միասնական ջանքերի զուգակցման արդյունքում։ Սակայն ամեն դեպքում հիմնական ծանրաբեռնվածությունը ընկնում է ծնողների վրա, որոնց սպասվում է իրենց երեխայի հետ երկար տարիների համառ և հետևողական աշխատանք, և, որպես կանոն, նրանց ջանքերը արդարացվում են։ Դժվար է, իհարկե, հույսը դնել այն բանի վրա, որ հիպերակտիվ երեխան կարճ ժամանակում կդառնա լսող, քնքուշ և հանգիստ։ Սակայն միանգամայն իրական է սովորել ապրել նման մարդու կողքին, համագործակցել նրա հետ և նրա վարքագիծը շրջապատողների համար «ընդունելի» դարձնել։
 
Այդ պարագայում ցանկանում ենք փոքրիկ չարաճճիների ծնողներին տալ մի շարք խորհուրդներ։ Որոշակի կանոններին հետևելը ծնողներին կարող է զգալի կերպով օգնել հիպերակտիվ երեխաների դաստիարակման գործընթացում։
 
  • Անպայման աշխատե´ք խորհրդակցել նյարդաբանի հետ։
  • Երեխային որքան հնարավոր է շատ ուշադրություն հատկացրե´ք։
  • Հաշտվե´ք այն մտքի հետ, որ ընտանիքի ապրելակերպը երկար տարիներ պայմանավորված է լինելու երեխայի հետաքրքրություններով։
  • Արեք ամենը Ձեր հիպերակտիվ երեխային «շրջանակի» մեջ դնելու համար։ Այդ նպատակով փորձեք հնարավոր չափով նվազեցնել արգելքների ընդհանուր քանակությունը։ Բայց այն արգելքները, որոնք վերաբերում են երեխայի և շրջապատողների անվտանգությանը, պետք է լինեն անսասան (չի կարելի դուրս վազել փողոցի անցանելի մաս, ձեռք տալ էլեկտրալարերին, չլմփացնելով վազել ջրափոսերի վրայով, երբ շրջապատում կան անցորդներ և այլն)։ Երեխան պետք է իմանա, որ Ձեր «ՉԻ ԿԱՐԵԼԻ»-ն երկաթյա է, իսկ վերջինիս խախտմանը կհետևի «ամենասարսափելի» պատիժը։ Իսկ փոքրիկ ստորությունների հետ, որոնք անխուսափելիորեն կգործի Ձեր «սիրո փոքրիկ արգասիքը», Դուք ստիպված կլինեք հաշտվել. ի՞նչ արած, մանրուքներին պետք է դիմանալ։
  • Շատ հստակ սահմանագծե´ք «տանը» և «տանից դուրս» հասկացությունները։ Խիստ արգելքների քանակը (և համապատասխանաբար պատիժներինը) պետք է հիմնականում վերաբերի շրջապատի հետ շփվելուն վերաբերող ցանկալի վարքագծին։
  • Նախօրոք պայմանավորվե´ք երեխայի հետ վարքագծի այս կամ այն կանոնների մասին, տվե´ք նրան ընտրության հնարավորություն, օգտագործե´ք խրախուսանքների և պատիժների ճկուն համակարգ։
  • Որքան հնարավոր է շատ զբաղեցրե´ք երեխային խաղերով, որոնք նպաստում են ուշադրության ձևավորմանը, կենտրոնանալու ունակության ձեռք բերմանը (դրա համար հարմար են «գտի´ր տարբերությունը» շարքից նկարները, ծեփագործությամբ զբաղվելը, խճանկարներ կազմելը, նկարելը և այլն)։ Նման կարգի դաստիարակչական «վարժանքներն» ավելի լավ է կատարել առավոտյան և օրվա առաջին կեսին, քան երեկոյան ժամերին։
  • Նախօրոք պատրաստվե´ք դպրոցին։ Տրամադրվե´ք, որ երեխան տառեր է բաց թողնելու, մինչև վերջ չի գրելու բառերն ու նախադասությունները։ Ամենահասարակ օրինակներում սխալներ է թույլ տալու ոչ թե թույլ մտածողության կարողության հետևանքով, այլ այն պատճառով, որ անուշադիր է։ Պետք չէ նրան անընդհատ նախատել, անհրաժեշտ է մեթոդաբար օգնել։
  • Տվե´ք երեխային առաջադրանքները կատարելու համար հստակ հրահանգներ։ Մի´ ծանրաբեռնեք նրան`   հաշվի առնելով, որ նա ի վիճակի չէ երկար ժամանակ կենտրոնանալու աշխատանքի միևնույն տեսակի վրա։ Պարապմունքները բաժանե´ք կարճ ժամանակահատվածների։ Փոքրիկ հանգստի ժամանակ թո´ւյլ տվեք երեխային խաղալ մի որևէ շարժունակ խաղ կամ պարզապես վազել։ Աստիճանաբար ուսման տևողությունը երկարացրե´ք։
  • Հանգի´ստ մնացեք ցանկացած իրավիճակում, քանի որ առանց Ձեզ զսպելու հաջողությունների հասնելն անհնար է։ Եթե Դուք զգում եք, որ կարող եք բռնկվել, հանգիստ թողեք ինքներդ Ձեզ, դո´ւրս եկեք սենյակից և արե´ք այն, ինչը հաճախ օգնում է վերականգնելու ինքնատիրապետումը և մտքերի սթափ ընթացքը (զանգահարե´ք ընկերուհուն, լաց եղե´ք, թուլանալու համար մի քանի վարժություն կատարե´ք, ցնցուղ ընդունե´ք, թեյ կամ սուրճ ըմպե´ք, կարելի է նաև մի փոքր ուտել)։
  • Երեխայի հետ պարապմունքների ժամանակ ստեղծե´ք լավագույն տրամադրվածությունը. «Քեզ մոտ ամեն ինչ կստացվի», «Փորձի´ր ևս մեկ անգամ», «Իսկ եթե մենք այսպե՞ս անենք»։ Փորձե´ք բարյացակամ, բայց խիստ լինել։ Անգամ ամենաչնչին հաջողությունների համար անմիջապես խրախուսե´ք երեխային`   չթողնելով «հետոյին»։
  • Մի´ քաշքշեք երեխային, եթե նրա մոտ ինչ-որ բան չի ստացվում։ Կարելի է անգամ հենց առաջին փորձերից նվազեցնել կարգապահության պահանջները`   հաջողության զգացողություն ձևավորելու նպատակով։
  • Երեխայի հետ շփման ընթացքում անընդհատ օգտագործե´ք խրախուսական շարժումներ`   շոյելով երեխայի գլուխն ու գրկելով նրան։
  • Խոսե´ք մանկապարտեզի դաստիարակի կամ ուսուցչի հետ։ Հանգիստ պատմե´ք երեխայի դաստիարակման Ձեր «ռազմավարության», ինչպես նաև հաջողությունների և անհաջողությունների մասին։ Ջանքեր գործադրե´ք, որպեսզի ուսուցիչը հասկանա, որ գործ ունի նյարդային համակարգի որոշակի խնդիրներ ունեցող երեխայի հետ։
  • Աշխատե´ք այնպես անել, որպեսզի երեխան միշտ զգա Ձեր սերն իր հանդեպ։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: