Հանրագիտարան

Հանրությանը ներկայացվեց առաջին համակարգչային մկնիկը

1968թ. դեկտեմբերի 9-ին ամերիկացի գյուտարար Դուգլաս Էնգելբարտը Սան-Ֆրանցիսկոյի գիտաժողովներից մեկի ժամանակ հանրությանը ներկայացրեց համակարգչի համար ստեղծած մկնիկը, որն առաջինն էր պատմության մեջ:

Գիտաժողովին նա ներկաներին ցուցադրեց, թե ինչպես է աշխատում մկնիկը: Էնգելբարտի ստեղծած մկնիկն այն ժամանակ բոլորովին նման չէր այսօրվա մկնիկին: Դա քառակուսի փայտե կտոր էր, որը տեղադրված էր փոքրիկ անիվների վրա և վրան 1 կոճակ ուներ:

 

Երկար լարի միջոցով մկնիկը միանում էր համակարգչին: Այդ լարը գյուտարարին մկան պոչ էր հիշեցնում, ուստի նա որոշեց իր գյուտին տալ մկնիկ անունը: Առաջին մկնիկը հավաքել է ինժեներ Բիլ Ինգլիշը, իսկ դրա համար ծրագիր է գրել Ջեֆ Ռուլիսֆոնը:

 

Էնգելբարտի հայտնագործությունը հետագայում այնքան ոգեշնչեց համակարգչային տեխնիկա արտադրող "Xerox" ընկերությանը, որ 1970-ականներին այդ ընկերությունն ստեղծեց մկնիկ, որը համակարգչի անբաժան մասն էր կազմում, իսկ 1983թ. "Apple" ընկերությունն ստեղծեց մեկկոճականի մկնիկը, որն արժեր 25 դոլար:
 
Այսօր արդեն գոյություն ունի համակարգչային մկնիկի 2 տեսակ՝ մեխանիկական և օպտիկական: 1990-ականների վերջերին "Sun Microsystems" ընկերությունն ստեղծեց առաջին լազերային մկնիկը: Այն աչքի էր ընկնում ավելի ճշգրիտ և քիչ էներգիասպառողական հատկությամբ: Այժմ գործում են նաև անլար մկնիկներ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: