Առողջապահություն

Նորածինների՝ պինդ սննդին անցնելու ընթացքը

Մինչև 6 ամսականը երեխան հաճախ լեզվով դուրս է հրում իր բերանը դրված կոշտ սնունդը: 6 ամսականից հետո երեխաներն ավելի հեշտությամբ են կոշտ սնունդը բերանում պահում. սկսում են ատամները զարգանալ, և երեխաները կարողանում են ծամել:
Մոտ 6 ամսականում երեխաների վարքագիծը փոխվում է և հուշում, որ նրանք պատրաստ են այլ սնունդ ընդունելու: Նրանք կարող են նստել, հասնել իրենց տեսած առարկաներին և բերանը տանել դրանք:
 
Մոտ 6 ամսականից սկսած՝ երեխայի մարսողական համակարգը նույնպես պատրաստ է մեծահասակների սնունդն ընդունելու: Նորածին երեխայի օրգանիզմում չկան այն բոլոր ֆերմենտները, որոնք անհրաժեշտ են կաթից բացի այլ սննդատեսակների մարսման համար:
 
Օրինակ`   աղիքներում պարունակվում է շատ քիչ քանակությամբ ամիլազա, այսինքն`   այն ֆերմենտը, որն անհրաժեշտ է օսլայի քայքայման համար: Մոտ 5-6 ամսական հասակում երեխան արդեն կարող է մարսել սննդատեսակների մեծ մասը:
 
Կրծքով կերակրվող երեխաները մրգահյութերի կարիք չունեն: Կրծքի կաթը մինչև 6 ամսական երեխայի կարիքները բավարարելու համար բավականաչափ վիտամին C է պարունակում: Արհեստական սննդով սնվող երեխաները, կախված արհեստական սննդի տեսակից, կարող են մրգահյութերի կարիք զգալ: 
 
1 ամսական հասակից սկսած՝ շատ երեխաներ սկսում են ձավարեղենի շիլաներ կամ օսլա պարունակող այլ սննդամթերքներ ուտել: Որոշ մայրեր էլ երեխային շշով թեյ կամ այլ հեղուկներ են տալիս: Շիլաները կարող են երեխայի քաշի կորստի պատճառ դառնալ, որովհետև`  
 
- շիլաները կարող են ավելի թանձր թվալ, քան կաթը, բայց ավելի նոսր են և ավելի քիչ սննդային բաղադրամասեր են պարունակում,
 
- փոքր երեխան օսլան լավ չի մարսում,
 
- հաճախ մայրերը շիլան պատրաստում են երեխայի ուտելուց շատ առաջ: Պատրաստի սննդում մանրէներ են աճում, որոնք կարող են փորլուծության պատճառ դառնալ:
 
Ինչո՞վ կերակրել փոքրիկին
 
Ամենալավը երեխայի համար տանը պատրաստված թարմ կերակուրն է: Պետք է մթերքներն այնքան մանրացնել ու տրորել, որ երեխան հեշտությամբ ուտի: Երեխայի տակաշորերի վրա երբեմն լինում են չմարսված սննդի մնացորդներ: Դրանից չպետք է վախենալ:
 
Երեխայի կերակուրը պետք է գոլ լինի: Ամեն մի նոր կերակրատեսակին պետք է առանձին ծանոթացնել: Լուծի, ցանի ու սրտխառնոցի դեպքում ժամանակավորապես պետք է հրաժարվել այդ կերակրատեսակից,
 
Մինչև 4 տարեկան հասակը երեխայի օրաբաժնի մեջ չպետք է լինի աղի, խտացված, ճարպոտ և կծու որևէ կերակրատեսակ`   սալյամի, բեկոն (խոզի մսով), աղ դրած ձուկ, խտացրած կաթ, կաթի սեր: Մինչև մեկ տարեկան հասակը երեխային մեղր չպետք է տալ:
 
6-9 ամսական երեխաների կերակրումը հավելյալ սննդով
 
Կրծքի կաթը կամ արհեստական կերը 6-9 ամսական երեխայի հիմնական սնունդն է, քանի որ այդ հասակի համար անհրաժեշտ բոլոր արժեքավոր նյութերը երեխաներն ստանում են կաթի միջոցով: Երբեմն երեխան ավելի երկար է այսպես սնվում:
 
Մինչև 6 ամսական երեխան լրացուցիչ սննդի կարիք չունի, քանի որ անհրաժեշտ բոլոր նյութերն ստանում է կաթի միջոցով, բայց կարող է որոշակի հետաքրքրություն դրսևորել նոր սննդի նկատմամբ:
 
Երբ է երեխան պատրաստ պինդ սնունդը մարսելուն
 
Երեխան սկսում է «խնդրել», ձգվում է դեպի ծնողների կերակրի ափսեն, խլում գդալը, կրկնօրինակում մեծերի շարժումները (բերանը լայն բացում է մեծերի պես, երբ նրանք ուտում են): Դա լինում է 6 ամսական հասակում: Հաճախ երեխային ավելի շատ հետաքրքրում է սպասքը, ոչ թե ուտելիքը:
 
Եթե գդալը՝ որպես խաղալիք, երեխային չի հետաքրքրում, և նա շարունակում է ուշադիր հետևել մեծերի ուտելուն, ուրեմն ժամանակն է: Մանկական աթոռակին նստելու, բութ մատով ու ցուցամատով սնունդը բռնելու հմտությունը լրացուցիչ նշանն է այն բանի, որ երեխան պատրաստ է պինդ սննդի անցնելուն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: