Հանրագիտարան

Սերո Խանզադյան

Սերո Խանզադյանը ծնվել է 1915թ.-ին դեկտեմբերի 3-ին Գորիսում: Ավարտել է (1934թ.) Գորիսի մանկավարժական տեխնիկումը, զբաղվել է ուսուցչությամբ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941-45թթ.)։ Առաջին պատմվածքը՝ «Չոր տափը», լույս է տեսել 1934 թվականին Գորիսի «Կարմիր Զանգեզուր» թերթում։ 1938թ.-ին գրել է X դ. Սյունիքի գյուղացիության (ցուրաբերդցիների) ապստամբությունն արտացոլող «Վահրամ Որոտանեցի» պիեսը (բեմադրվել է 1940 թվականին)։
1950թ.-ին հրատարակել է «Մեր գնդի մարդիկ» վեպը, որը պատմում է Լենինգրադի համար մարտնչող ռազմական միավորումներից մեկի և պարտիզանական ջոկատների գործողությունների մասին։
 
Խանզադյանին ճանաչում է բերել «Հողը» (հ. 1 - 2, 1954-55թթ.) վեպը։ Քարակերտը լքելով և Արարատյան դաշտ տեղափոխվելով չէ, որ պետք է լուծվի քարակերտցիների բարեկեցության խնդիրը, այլ ապառաժները փշրելով ու հողը ծաղկեցնելով: Սա է երկում բարձրացվող գլխավոր հարցը։
 
Այնուհետև լույս են տեսել Խանզադյանի «Լալ Համագը» (1955թ.), «Որոտանի կիրճում» (1956թ.), «Քարանձավի բնակիչները» (1961թ.) մանկական ստեղծագործությունները, «Կարմիր շուշաններ» (1958թ.), «Հարստությունը լեռներում» (1961թ.) պատմվածքների ժողովածուները։
 
Խանզադյանին ժողովրդականություն է բերել «Մխիթար Սպարապետ» (1961թ.) պատմավեպը։ Շարունակելով հայ պատմավիպագրության ավանդները՝ գրողը արդիականության տեսանկյունից է դիտել հայ ժողովրդի պատմություն հերոսակա ն էջերից մեկը։
 
XVIII դ. ժողովուրդը ոտքի է ելել՝ վերականգնելու իր կորսված ինքնուրույնությունը։ Ժողովրդական այս հուժկու ընդվզումների ու պայքարի հենքի վրա վեպում բարձրանում են զորավարներ Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի կերպարները՝ իբրև ժողովրդի իղձերի արտահայտիչներ։
 
Խանզադյանը պատմվածքից պատմվածք, գրքից գիրք ամբողջացնում է իր ժամանակակցի կերպարը, բացահայտում նրա ներաշխարհը։ Այդպիսին են նրա «Կորած արահետներ» (1964թ.), «Քաջարան» (1965թ.), «Այրված տունը» (1965թ.), «Մատյան եղելությանց» (1966թ.), «Անձրևից հետո» (1969թ.), «Ինչո՞ւ, ինչո՞ւ» (1970թ.), «Երեք տարի, 291 օր» (1972թ.), «Սևանի լուսաբացը» (1974թ.), «Խոսեք, Հայաստանի լեռներ» (1976թ.) գործերի հերոսները։
 
Սրանցից առանձնանում են «Քաջարան», «Մատյան եղելությանց», «Ծարավել եմ, ջուր բերեք» («Անձրևից հետո» ժողովածուում) և «Խոսեք, Հայաստանի լեռներ» ստեղծագործությունները։ Առաջինը պատկերում է Հայաստանի լեռնագործ բանվորի առօրյան, անհատի հոգևոր ծնունդը կոլեկտիվում։ Երկրորդը հողի աշխատավորի, աշխարհի ու մարդկանց մասին մտորումներ է։
 
Երրորդը յուրահատուկ մի ասք է մարդ-աշխատավորի, մարդ-զինվորի, մարդ-հայրենասերի մասին։ Այն հայ ժողովրդի մոտիկ անցյալի ողբերգական ճակատագրի գեղարվեստական վերարտադրությունն է։ Թուրք իշխանությունները իրականացնում էին ցեղասպանության իրենց ծրագիրը՝ կոտորելով Արևմտյան Հայաստանի բնիկ, խաղաղ ու անզեն բնակչությանը։
 
Այս մղձավանջի մեջ գրողի ասելիքը հստակ է, նպատակը՝ պարզ՝ ժողովրդի աննկուն ոգու վերակենդանացումը։ Խանզադյանի լավագույն գործերից է «Թագուհին հայոց» վեպը (1978թ.), որում գրողը տվել է հայ ժողովրդի հեռավոր անցյալի ինքնատիպ նկարագիրը։
 
Խանզադյանը հեղինակ է նաև հայ ժողովրդի պատմության, գրականության, լեզվի կարևորագույն խնդիրներին նվիրված արժեքավոր ուսումնասիրությունների։ Նրա շատ երկեր թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ «Այրված տունը» (1974թ., «Լքված հեքիաթների կիրճը» վերանվանումով) և «Մխիթար Սպարապետ»-ը (1978թ.) էկրանավորել են «Հայֆիլմ» և «Մոսֆիլմ» կինոստուդիաները։
 
Պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի, Կարմիր աստղի, Կարմիր դրոշի, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։ ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր է (1977թ.)։ Մահացել է 1998թ.-ին Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: