Առողջապահություն

Երեխան ոչ թե ծնվում, այլ դառնում է լավատես

Մարդու ամենաանգնահատելի հատկանիշներից մեկը երևույթներին լավատեսորեն նայելու կարողությունն է, քանի որ այդպես կյանքն ավելի հեշտ ու սիրելի է դառնում՝ չնայած դժվարություններին ու թերություններին:
Լավատես մարդիկ հավատում են, որ իրենք կարող են այս կամ այն բարդ իրավիճակին ճիշտ լուծում տալ, իսկ անհաջողության բախվելիս չեն հուսահատվում, փորձում են այն հաղթահարելու այլ ուղիներ գտնել:
 
Գիտնականները պնդում են, որ երեխան ոչ թե ծնվում է լավատես, այլ դառնում է այդպիսին, և այդ գործում անասելի մեծ է նրա ծնողների դերը: Ինչի՞ց սկսել, ինչպե՞ս դաստիարակել լավատես երեխա:
 
«Ես միշտ քո կողքին եմ, փոքրիկս»
 
Դեռ մանուկ հասակից Ձեր երեխայի մեջ ապահովության զգացում ձևավորեք, ցույց տվեք, որ միշտ իր հետ եք: Անընդհատ հետաքրքրվեք նրա առօրյայով, ամենափոքր՝ նույնիսկ խաղում ունեցած հաջողությունների դեպքում ոգևորեք նրան, իսկ սայթաքումների ժամանակ քաջալերեք:
 
Ձեր զավակին հաճախ ուղեկցեք դպրոց, ներկա եղեք այն բոլոր հանդիսություններին, որոնց նա մասնակցում է, հնարավորության դեպքում գնացեք նրա հետ էքսկուրսիայի:
 
Ընտրության հնարավորություն ընձեռեք
 
Լավատես մարդիկ ինքնավստահ մարդիկ են: Եվ որպեսզի Ձեր զավակը նույնպես մեծանա ինքնավստահ, նրան միշտ ընտրելու հնարավորություն ընձեռեք, օրինակ`   երկու տարեկան փոքրիկին հարցրեք՝ ի՞նչ բաժակով է ցանկանում հյութ խմել, տասներկուամյա դեռահասին`   ո՞ր լեզուն է ցանկանում սովորել`   անգլերե՞ն, թե՞ գերմաներեն և այլն:
 
Սենյակի կահավորանքը փոխելիս, ավտոմեքենա գնելիս կամ նոր բնակարան տեղափոխվելիս անպայման հարցրեք նաև երեխայի կարծիքը, որպեսզի նա իրեն զգա ընտանիքի լիիրավ անդամ, որի խոսքը կարող է ազդել հարազատների կյանքի վրա:
 
«Ով ալարի, ոչ դալարի»
 
Թող երեխան ինքնուրույն կրի դասագրքերով լի իր պայուսակը կամ այլ գործողություն անի, քան «ապահով» թափահարի ձեռքերը`   մտածելով, որ այդ ամենը մեծերն իրենից ավելի լավ են անում: Իրականում մենք առավել մեծ հոգածություն ենք տածում մեր զավակների նկատմամբ, երբ հնարավորություն ենք տալիս նրանց անձամբ զգալ խնդիրներ լուծելու «բերկրանքը»:
 
Երեխան պետք է գիտակցի, որ կյանքում հաջողության հասնելու համար ոչ թե ինչ-որ բնատուր շնորհ կամ հաջողակություն պետք է ունենալ, այլ աշխատելու մղում, իսկ գործունեության տարբեր տեսակներով զբաղվելու փորձերը կօգնեն նրան հասկանալ`   ինչն է ինքն ավելի լավ անում և ինչի վրա դեռ պետք է աշխատել:
 
Հեռու մռայլ մտքերից
 
Հաճախ երեխաները որևէ խնդիր ունենալիս, օրինակ`   ստուգողական աշխատանքից «2» ստանալիս կամ ընկերոջ հետ վիճելիս մեղավորությունը միայն իրենց մեջ են փնտրում, իրենց անկարող ու անհաջողակ համարում, իսկ դա հոռետեսության ախտանիշներից է:
 
Նման դեպքերում պետք է սփոփել փոքրիկին, ասել, որ այդպես կարող է պատահել յուրաքանչյուրի հետ, և կյանքը դրանով չի ավարտվում: Կարելի է հորինել տարբեր ծիծաղելի պատմություններ այն մասին, որ կարող էր ավելի վատ բան լինել: Այդժամ ամեն ինչ զվարճալի խաղի է նմանվում, և անհաջողությունն արագ մոռացվում է:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: